Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ը չի հերքում զենք գնելու համար ռուսական հնարավոր նոր վարկի մասին տեղեկությունը


Հայաստան - Ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռային համալիրները Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդեսի ժամանակ, 21-ը սեպտեմբերի, 2016թ․
Հայաստան - Ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռային համալիրները Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդեսի ժամանակ, 21-ը սեպտեմբերի, 2016թ․

Lenta.ru-ն, վկայակոչելով հայկական մամուլը, «Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանին նոր անտոկոս վարկ տրամադրել՝ զենք գնելու համար» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նոր վարկի մասին տեղեկությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է:

«Մենք մեր սպառազինությունների ձեռքբերման, արտադրության, ռազմարդյունաբերության զարգացման առումով մեր բոլոր գործընկերների հետ ինտենսիվ աշխատում ենք, և առաջնահերթ, բնականաբար, Ռուսաստանի Դաշնության հետ ենք աշխատում: Եվ էս պահին էդ տիպի աշխատանքները շատ բազմապրոֆիլ են: Մենք ոչինչ չենք բացառում՝ այդ թվում նաև միջպետական վարկերի տեսքով, որի փորձը մենք արդեն ունենք՝ ի դեմս 200 և առանձին 100 միլիոն դոլարների», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

«Այսինքն, կարող ենք փաստել, որ այն, ինչ գրել է հայկական մամուլը, այն, ինչ գրել է ռուսական մամուլը, ճշմարտությանը մոտ է», - այս դիտարկմանը Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը արձագանքեց․ - «Դա չի բացառում մեր էսօրվա աշխատանքի և ոչ վաղ անցյալի փորձի ընդհանուր քայլերը»:

Lenta.ru-ն, հղում անելով նորից հայկական մամուլին, գրում է նաև, թե Ռուսաստանը, նոր զենք տրամադրելով Հայաստանին, պատասխանում է Ադրբեջանին: Բաքուն վերջին շրջանում ռուսական զենքին, ըստ հայկական մամուլի, գերադասում է թուրքական, պակիստանյան, իսրայելական և բելառուսական զենքը, գրում է Lenta.ru-ն: Բացի այդ, պարբերականը հավելում է նաև, որ Ռուսաստանը 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո որոշել է հավասարակշռության բերել ուժերը և մտադիր է իր դաշնակից Հայաստանին այնքան զենք տրամադրել, մինչև ուժերը հավասարվեն:

Regnum լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի խոսքով՝ այս նոր հնարավոր վարկը Հայաստանի ոչ առաջինը և ոչ էլ վերջինն է: Հենց այնպես Ռուսաստանը Հայաստանին չի կարող զենք նվիրել, ինչ-որ ձևով այդ վարկը պետք է ձևակերպել, «Ազատության» հետ զրույցում ասաց ռուսաստանցի փորձագետը: Նա ծիծաղելի որակեց հոդվածում տեղ գտած տեղեկությունն այն մասին, թե Ռուսաստանը նեղացել է Ադրբեջանից: Զենքի վաճառքը Ռուսաստանի համար սոսկ բիզնես է՝ առանց որևէ քաղաքականության, եթե Ադրբեջանը ցանկանա նորից զենք գնել Ռուսաստանից, հենց վաղն էլ կգնի, շեշտեց նա: Կոլերովի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենք մատակարարել նախկին համաձայնագրի շրջանակում:

Ռուսաստանցի փորձագետը ասում է նաև, որ ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը հայկական բանակում զգալիորեն փոխվել է: Հայկական կողմը հաստատ դասեր է քաղել պատերազմից և նոր զենք է ձեռք բերել Ռուսաստանից: Հայկական բանակի նոր զենքը, սակայն, չի կանգնեցնի ադրբեջանական կողմի ռազմական նոր գործողությունները: Կոլերովը դրանք անխուսափելի է համարում, քանի որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո նոր պատերազմ չսկսելու որևէ պատասխանատվություն Ադրբեջանը այդպես էլ չի ստանձնել, ընդհակառակը՝ նորանոր սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին:

Չի բացառվում, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ սկսի արդեն այս տարի, հավելում է Կոլերովը: «Ես գրեթե համոզված եմ, որ նոր պատերազմն անխուսափելի է, իսկ Ռուսաստանը, ինչպես և 2016-ի ապրիլին, կփորձի կանգնեցնել Ադրբեջանին», - ասաց ռուս փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG