Մատչելիության հղումներ

«Ես անհանգիստ եմ յուրաքանչյուր ձերբակալված և սպանված մարդու համար». Մանե Թանդիլյան


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ԼՀԿ) հակադարձում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ շեշտելով, որ ընդդիմությանը մի շարք պաշտոններ զիջելու ԼՀԿ-ի առաջարկներն ավելի իրատեսական են, քան «Քաղաքացիական պայմանագրի» փողոցային պայքարը:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան»-ի փոխնախագահ Մանե Թանդիլյանը, իրենք այս առաջարկներից բացի այլ գործողություն չեն իրականացնելու:

Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժը հրաժարվում է նաև այլընտրանքային վարչապետի թեկնածու առաջադրելու մտադրությունից:

Ի դեպ, «Լուսավոր Հայաստան»-ի փոխնախագահը չբացառեց, որ Փաշինյանի նախաձեռնած փողոցային պայքարը կարող է ավարտվել ձերբակալություններով, մինչև անգամ հանգեցնի զոհերի:

Թանդիլյան. - Ճանապարհներ փակել մենք տեսել ենք, սահմանադրական կարգի խախտումը որևէ մեկը չի չեղարկել, որ դա հնարավոր է, և այդ պարագայում շատ ավելի խնդիրներ են առաջանալու։

«Ազատություն». - Ի՞նչ խնդիրներ, օրինակ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, ճանապարհներ փակելն իրենց գործիքակազմում լինելու է. ճանապարհներ փակվեցին, Ազգային ժողովում չկարողացան, ենթադրենք, վարչապետի քվեարկությունը հանրապետականներն իրականացնել, երկրորդ անգամ եղավ էդ փորձը, հետո ընդդիմությունն իր թեկնածուն է առաջադրում, այսինքն՝ այն, ինչ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչո՞ւ դա էլ չփորձել, գումարած ձեր այդ ճնշումը։

Թանդիլյան. - Ես կարծում եմ, որ հանրությունը փորձադաշտ չէ, և պետք է այնպիսի խնդիրներ դնել, որոնք լուծելի են։

«Ազատություն». - Բայց դուք էլ եք չէ՞ փորձում՝ ձեր այս առաջարկով։

Թանդիլյան. - Մեր առաջարկում Դուք քաղհասարակությանը որևէ տեղ տեսա՞ք՝ հանրության ներգրավվածություն ցույցերի կամ փողոց փակելու տեսքով։ Ես քաղաքական խորը պատասխանատվության զգացում ունեմ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր այլևս չեն կարող սպասարկել ընդդիմության ամենօրյա փողոցային իշխանափոխությունը, այստեղ կարևոր է, որովհետև փողոցային պայքարն, այո՛, գործիքակազմ է, բայց կապ ունի, թե դիմացն ինչ է դրված, իսկ այս ճանապարհով մենք գնացել ենք ընտրության, ինչո՞ւ էինք գնում ընտրության, եթե սա էր ճանապարհը, ինչո՞ւ էինք ստացել այդ մանդատները, եթե ճանապարհը դա է, հարց չի՞ առաջանում։ Ինչո՞վ էինք զբաղված, ի՞նչ էինք խոսում։ Մենք այդ օրը մարդկանց կոչ էինք անում իշխանափոխություն իրականացնել մեզ հետ միասին, մեզ ականջալուր եղավ 122 հազար մարդ, և այդ մանդատների շրջանակներում սա է ճանապարհը, որով հնարավոր է էն գործառույթը, որը դրված է ինը մանդատ ունեցող ընդդիմության և քաղհասարակության առջև, ովքեր որ ներկայացվածություն ունեն տարբեր բնագավառներում, տարբեր փորձագիտական նաև հմտություններ ունեն, միասնական պարտադրել այս կառույցներում մեր անձանց, ովքեր որ վստահություն կվայելեն և այս կառույցների նկատմամբ կկարողանան վստահություն բերեն։ Իսկ այն գինը, որը վճարվում է իշխանափոխության համար՝ փողոցային ճանապարհով, որը որ արդեն անցած է, մենք ունեցել ենք այնպիսի իրավիճակներ, որոնք ոչ միայն հուսահատության մեջ են պահել մարդկանց, այլև մարդկանց կյանք են արժեցել։

«Ազատություն». - Դուք վախենո՞ւմ եք «Մարտի 1»-ի կրկնությունից։

Թանդիլյան. - Հարցը վախենալը չէ, բայց, այո՛, պետք է դրանից միշտ զգուշավոր լինել, և թող չլինի մեկը, որը կասի՝ «ես դրանից չեմ վախենում», կամ «որևէ մարդու կյանք ինձ համար գին չունի», դա շատ սխալ մոտեցում է։ Այո՛, ես անհանգիստ եմ և խորը պատասխանատվություն ունեմ յուրաքանչյուր ձերբակալված, բանտարկված և սպանված մարդու համար։

«Ազատություն». - Դուք չե՞ք բացառում, որ փողոցային պայքարը կարող է վերաճել նոր «Մարտի 1»-ի։

Թանդիլյան. - Ես չգիտեմ ինչի կվերածվի, և ես չեմ ուզում ընդհանրապես, նորից եմ ասում, այդ ճանապարհի վերջնական՝ ամենածանր և ամենաթեթև իրավիճակները քննարկել, ես իմ գործընկերներին հաջողություն եմ մաղթում։

«Ազատություն». - Տիկին Թանդիլյան, կարող ենք արդեն արձանագրել, որ իրականում «Ելք» դաշինքն այլևս գոյություն չունի՝ հաշվի առնելով հենց այդ փոխադարձ մեղադրանքները․ մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը ձեզ համեմատում է «Օրինաց երկրի» և ՀՅ Դաշնակցության հետ, մյուս կողմից՝ դուք ասում եք, որ այն, ինչ որ ՔՊ-ն առաջարկում է, միանգամայն անիրատեսական է և ժողովրդին տանելու է հուսահատության։

Թանդիլյան. - Նիկոլ Փաշինյանը չի համեմատում մեզ իրենց հետ, համեմատում է ճանապարհը, որը մենք ենք առաջարկում։ Նորից եմ շեշտում, որ դա նույն ճանապարհը չէ, և ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը և այդ ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը։ Նորից եմ ասում՝ մենք գործադիր կոալիցիոն ուժ ենք, մենք խոսում ենք վերահսկողական մարմինների մասին։ Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքում իրավիճակին, ակնհայտ է, որ կա տարաձայնություն, և այս առումով, ես նորից եմ ուզում ասել, որ դրանք եղել են միշտ տարբեր հարցերի շուրջ։

«Ազատություն». - Այսքան սուր չի եղել, տիկին Թանդիլյան, խոստովանեք։

Թանդիլյան. - Այո՛, այսքան խորքային և գործողությունների մակարդակով մարտավարական քայլերն իհարկե չի եղել, կոնսենսուս է եղել միշտ, և սա առաջին դեպքն է։ Նորից եմ ուզում հույս հայտնել, որ այս իրավիճակում խոհեմություն կգտնեն դաշինքի անդամները, և դաշինքի ընդհանուր մոտեցումները կշտկվեն ապրիլի 18-ից։

«Ազատություն». - «Ելք» դաշինքը գոյություն ունի՞ այս պահի դրությամբ։

Թանդիլյան. - Իհարկե գոյություն ունի, եթե ես դաշինքի խմբակցության պատգամավոր եմ։

«Ազատություն». - Դա ֆորմալ առումով, իսկ իրականո՞ւմ։

Թանդիլյան. - Ֆորմալը չի տարբերվում իրականությունից։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG