Թուրքիան կպայքարի 2026 թվականի ձմեռային Օլիմպիադան իր տարածքում հյուրընկալելու համար:
Թուրքիայի Ազգային օլիմպիական կոմիտեն ապրիլի 2-ին պաշտոնական հայտ է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ)` առաջարկելով ութ տարի հետո անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերը կազմակերպել Էրզրումում:
Այս քաղաքում ձմեռային Օլիմպիադա անցկացնելու մտադրության մասին առաջին անգամ մեկ տարի առաջ խոսեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Մոտ երկու շաբաթ առաջ Էրզրում կատարած այցելության ընթացքում Էրդողանը կրկին վերադարձավ այս թեմային:
«Հուսով եմ, որ 2026 թվականին հենց Էրզրումը կհյուրընկալի ձմեռային Օլիմպիական խաղերը: Մենք այժմ ավարտին ենք հասցնում պաշտոնական հայտի ձևակերպումը: Կարծում եմ, որ Էրզրումը արժանի է մարզական այդ կարևորագույն իրադարձության կազմակերպիչը դառնալ: Ես անձամբ կանեմ ամեն ինչ, որպեսզի Թուրքիան, մասնավորաբար՝ Էրզրումը, այդ պայքարից հաղթող դուրս գա», - մարտի 18-ին դիմելով իր կողմնակիցներին՝ հայտարարում էր Էրդողանը:
Էրզրումից բացի, 2026 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպիչ դառնալու հայտ են ներկայացրել նաև կանադական Կալգարին, ավստրիական Գրացը, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը, շվեյցարական Ալպերում գտնվող Սիոն քաղաքը և Ճապոնիայի ամենահյուսիսային կղզու` Հոկայդոյի վարչական կենտրոն Սապորոն: Սրան էլ գումարած, իտալական երեք քաղաքներ` Միլանը, Թուրինը և Կորտինա Դ'Ամպեցոն ձմեռային օլիմպիադա անցկացնելու համատեղ հայտ են ներկայացրել:
«Այս խաղերի կազմակերպումն ավելի պարզ ու էժան կլինի: Մենք զգալիորեն հեշտացրել ենք թեկնածու քաղաքների գործը: Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ գործընկերության մթնոլորտում մենք սկզբից ևեթ կանենք ամեն ինչ, որպեսզի թեկնածուներն օգտվեն արդեն իսկ Օլիմպիական խաղեր կազմակերպած քաղաքների փորձից և համոզիչ ծրագիր ներկայացնեն», - Reuters-ին տված հարցազրույցում նշում էր Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Քրիստոֆ Դուբին:
Առաջիկա կես տարում Օլիմպիական խաղերի կազմակերպման հայտ ներկայացրած քաղաքներն ու ՄՕԿ-ը կգտնվեն այսպես կոչված «երկխոսության փուլում»: Դրա ավարտին Միջազգային օլիմպիական կոմիտեն կընտրի ներկայացված հայտերից առավել համոզիչները: Դրանց թիվը առայժմ չի հստակեցվում: Հենց այս «շորթ լիստում» հայտնված քաղաքների թվից էլ 2019-ի աշնանը Միլանում Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամները կընտրեն 2026 թվականի ձմեռային խաղերի կազմակերպչին: