Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները ԱԺ հանձնաժողովում բարձրացրեցին «Զիբիլիքս»֊ի, «ՍԱՍ»֊ի գործերի հարցը


Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016-2017-ի գործունեության մասին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի զեկույցի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը փաստեց՝ «անդրադարձ չկա «ՍԱՍ»-ի, դպրոցների տնօրենների դեպքերին»:

Մարուքյանը նկատեց՝ 2017թ.֊ին տեղի ունեցան խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունները, սակայն ԿԸՀ հաղորդման մեջ, մեծ հաշվով, այդ խնդիրներին անդրադարձ չկա, աղմկահարույց այս դեպքերը չեն դատապարտվում:

«Այսինքն՝ էս դեպքերի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գնահատականը, դատապարտումը, ապագայում դրանց կանխարգելմանը միտված գործողություններ ինչո՞ւ չունենք, պարոն Մուկուչյան», ֊ հարց բարձրացրեց Մարուքյանը։

ԿԸՀ նախագահը արձագանքեց. ֊ «Թե՛ քննարկումներն են եղել հրապարակային, թե՛ բողոքարկման գործընթացն է եղել հրապարակային, թե՛ մեր որոշումներն են տեղադրված հրապարակային։ Այսինքն, այստեղ որևէ միտում դա ցույց չտալու կամ թաքցնելու՝ առկա չէ»։

Տիգրան Մուկուչյանի հաղորդման քննարկման ժամանակ Մարուքյանը առանձնացրեց «Զիբիլիքս» անունը ստացած գործը: Հիշեցնենք՝ «Ելք» դաշինքը իրավապահներին «հանցագործության մասին» հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով աղբամաններից հայտնաբերված փաստաթղթեր, որոնք, ընդդիմադիր դաշինքի պնդմամբ, վկայում են, որ Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում իշխող Հանրապետականի կողմից ընտրակաշառքների բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ: Մարուքյանի շեշտեց՝ առաջին անգամ է հաջողվում ընտրական գործընթացում այդպիսի անհերքելի ապացույցներ ձեռք բերել, գտան, թե ով է փող բաժանողը, բացահայտեցին ՊՊԾ գնդից Տարոն Մարգարյանի շտաբ ուղարկված ֆաքս:

«Ամբողջ համակարգը մենք բացահայտել ենք, սրա վերաբերյալ որևէ արձագանք չկա։ Գոնե ասեիք՝ մենք դատապարտում ենք նման դեպքերը», ֊ ընդգծեց Մարուքյանը։

«Որևէ ստորագիր էջ, որևէ փաստաթուղթ այդ նյութում, ինձանից լավ գիտեք, որ չկա։ Անգամ այդ պայմաններում Հանձնաժողովը իր իրավական դիրքորոշումը հստակ արտահայտել է անդրադառնալով այդ ամեն ինչին, այդ ամբողջ նյութը ինքը ևս ուղարկեց իրավապահ մարմիններին», ֊ հիշեցրեց Մուկուչյանը։

Թեպետ Տիգրան Մուկուչյանը պնդում էր՝ հանձնաժողովը գործել է իր լիազորությունների շրջանակներում, այդուհանդերձ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը նորից շեշտեց՝ բոլորն էլ գիտեին, որ խնդիր կա, անգամ կոնկրետ փաստերի առկայության դեպքում, գործին ընթացք չի տրվում, ուստի ավելորդ է խոսել ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բարձրացման մասին:

«Պարզ ա, որ չենք ասում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թող գնա, մտնի ՀՀԿ֊ի շտաբը, կոմպյուտրի մեջ նայի, տեսնի այդ թուղթը ոնց ա ձևավորվում: Դա պետք ա անի իրավապահ մարմինը, բայց էդ իրավապահ մարմինը որ չի անում՝ դուք փոխկապակցված եք, սա համակարգային պրոբլեմ ա, և պետք ա բոլորը իրանց տեղերում իրանց գործը լավ անեն ու դրա արդյունքում վստահությունը բարձրանա», ֊ հայտարարեց Մարուքյանը:

«Ես վարդագույն ակնոց չունեմ, որ պնդեմ, թե ընտրություններն անցան բացարձակ անթերի, ԿԸՀ էլ իսկապես իրականացրեց իր գործառույթները», - քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանը՝ ընդգծելով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օբյեկտիվության առումով մտածելու տեղ ունի․ ֊ «Երբ որ պարոն Ծառուկյանը Նոյեմբերյանում մի հուսաբեկ գյուղացու խոստում տվեց, անմիջապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, առանց լսված լինելու իրավունքը ապահովելու, նկատողություն հայտարարեց: Բայց մեկ այլ վայրում մարդկանց հավաքեցին, ահաբեկեցին աշխատանքից ազատելու սպառնալիքներով, և որևէ արձագանք դա չգտավ, ընդամենը՝ նյութերը ուղարկում են դատախազություն, դատախազությունն էլ հանցակազմի բացակայության պատճառով կամ գործ չի հարուցում, կամ հարուցումը մերժում է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը էն չի, որ նա դատախազությանը գործ մատակարարի, դա էնա, որ ինքը իր գործառույթները իրականացնի»:

«Էդ հենց էն դեպքերից ա, երբ որ Հանձնաժողովը փորձեց մի անգամ գոնե օպերատիվ արձագանքել, հիմա էլ մեղադրվում է լսված չլինելու իրավունքի մեջ: Նույն ձևով ինքը արտահայտվել ա Մելիքյանի թեկնածուի հետ կապված, Մովսիսյանի հետ կապված: Հիմա, լավ, ասենք՝ չենք բարձրաձայնում՝ քննադատվում ենք, բարձրաձայնում ենք՝ քննադատվում ենք: Տեսանյութը եթե առկա է, տեսանյութից ամեն ինչը երևում ա, «Ընտրական օրենսգիրքը» ունի ինստիտուտ՝ օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ օպերատիվ արձագանքում, ի՞նչը չենք ապահովել», ֊ հակադարձեց ԿԸՀ նախագահը:

Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ տարեկան գործունեության մասին հաղորդումը դեռ կներկայացնի Ազգային Ժողովի լիագումար նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG