Մատչելիության հղումներ

«Բուրգեր Քինգում» պայթյունից տուժել է 8 մարդ, մեկ երեխայի վիճակը ծանր է


«Բուրգեր Քինգ» արագ սննդի կենտրոնի առաջին հարկը՝ պայթյունից հետո
«Բուրգեր Քինգ» արագ սննդի կենտրոնի առաջին հարկը՝ պայթյունից հետո

Տուժածների թվում կան Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի քաղաքացիներ:

Այսօր Երևանի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ: Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Տիգրան Կոստանյանի փոխանցմամբ, այս պահին վտանգ է սպառնում տուժածներից մեկի՝ 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի կյանքին:

«Տուժածները ութն են, որոնցից մեկը սննդի կենտրոնի մենեջերն է՝ 19 տարեկան Զարուհի Մելիքյան: Նա հենց բալոնի կողքին է եղել: Այս պահին վտանգ է սպառնում տուժածներից մեկի կյանքին՝ Մարկոսյան Ռուբինա, 8 տարեկան: Կան Ռուսաստանի քաղաքացիներ՝ 3 մարդ, Իրանի քաղաքացիներ՝ 2 հոգի, Երևանից՝ 3 հոգի», - ասաց ԱԻՆ ներկայացուցիչը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենը, ուր տեղափոխվել են «Բուրգեր Քինգի» պայթյունից տուժածները, «Ազատությանը» փոխանցեց, որ տուժածներից մեկը այժմ վիրահատվում է, վնասվել է ազդրը:

«Մյուսների վիճակը գնահատվում է բավարար», - ասաց Արա Մինասյանը:

Բժշկական կենտրոնում «Ազատությանը» փոխանցեցին, որ վիրահատում են 8-ամյա Ռուբինա Մարկոսյանին:

«Բավականին մեծ վնասվածք էր ազդրի վերին երրորդական հատվածում՝ մկանները վնասվել են, մինչև ոսկոր է հասել վնասվածքը, բայց ոսկորը չի վնասել», - ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ժամանած, մասնագիտությամբ մանկաբույժ Արա Բաբլոյանը: Նա հավելեց, որ բոլոր վիրավորների մոտ բեկորային վնասվածքներ են:

Պայթյունի պահին սննդի կետում գտնվող 16-ամյա Սերլի Զարգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վիրավորվել է ընկերներից մեկի՝ Էրիկ Աշուղյանի գլուխը:

«Մենք 4 հոգով էինք, մեր ընկերներից մեկը վիրավորվել է: Գլուխը բացվել էր, արյուն էր գալիս, ասացին, որ կկարեն», - ասաց ականատեսը՝ վերհիշելով ․ - «Մեր դիմացից եղավ պայթյունը, հետո ծուխ բարձրացավ ու բոլորը գնացին դուրս: Ազդանշան եղավ, աշխատողները աշխատում էին մարդկանց դուրս հանեն»:

«Ճիշտ չի լինի հիմա մեղավորների մասին խոսել: Այս փուլում հրդեհատեխնիկական անվտանգության խնդիր չկա: Նախքան պայթյունը ԱԻՆ-ը գործառույթներ չունի», - ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, այսօր ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:

ԱԻՆ նախնական տվյալներով, խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, որը ճնշում էր սնուցում գարեջրի բալոններին:

Ավելի ուշ նախարարությունը հայտնեց, որ արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG