Մատչելիության հղումներ

Շարմազանով․ «Փաշինյանը նախ թող իր պայքարի ճշմարտացիությունը ապացուցի իր գործընկերներին, նոր դուրս գա քայլերթի»


Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակը համոզված է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» ակցիան «զրո արդյունք է տալու»:

Շաբաթ օրը Փաշինյանն իր կողմնակիցների հետ քայլերթ է սկսել Գյումրիից և պատրաստվում է անցնել Վանաձորով, Սևանով, Հրազդանով, իսկ ապրիլի 13-ին հանրահավաք անցկացնել Երևանի Ազատության հրապարակում:

«Քաղաքացիական պայմանագիրը», որպես «Ելք» դաշինքի մի մասնիկ, ունի իր կարծիքը: «Ելք» դաշինքում կա ևս երկու կուսակցություն ի դեմս «Հանրապետության» և «Լուսավոր Հայաստանի», և «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարը նախ թող իր պայքարի ճշմարտացիությունը կամ օբյեկտիվությունը ապացուցի իր գործընկերներին, նոր դուրս գա քայլերթի», - «Ազատության» հետ զրույցում այսօր հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Իսկ առհասարակ՝ քայլերթը, միտինգները, հանրահավաքները՝ օրենքով սահմանված բողոքի ակցիաներ են: Եթե խնդիրը գնում է քաղաքական նպատակահարմարության մասին, ապա դա զրո արդյունք է տալու: Որովհետև ինչքան Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակցությունը իրավունք ունեն, որպես քաղաքական փոքրամասնություն, օգտվել Սահմանադրությամբ ընդդիմությանը լիազորված իրավունքներից, այնքան էլ քաղաքական մեծամասնությունը, ի դեմս Հանրապետականի և Հայ հեղափոխական դաշնակցության, իրավունք ունի կիրառել սահմանադրական իր իրավունքը», - հավելեց իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Հայաստանում իշխանությունը ձևավորվել է ընտրությունների ընթացքում, և քաղաքական մեծամասնությանն է տրված իշխանություն ձևավորելու իրավունքը, փոքրամասնությունն իրավունք ունի այլ կարծիք արտահայտել, բայց ընտրությունների արդյունքում ձևավորված մեծամասնության որոշման վրա ազդելու իրավունք չունի: Շարմազանովը հիշեցնում է նաև, որ «Ելքը» խորհրդարանական ընտրությունների արդյունքները չի բողոքարկել:

«Առանց բացառության բոլոր քաղաքական ուժերը, որոնք մտել են պառլամենտ, չեն բողոքարկել ընտրությունների արդյունքները, և երկրորդ՝ բոլոր միջազգային դիտորդները ընդունել են ընտրությունների արդյունքները», - ընդգծեց ՀՀԿ ներկայացուցիչը: - «Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է ինստիտուցիոնալ ընդդիմության մասին՝ ինստիտուցիոնալ ընդդիմությունը համակարգային պայքար է մղում, ոչ թե անձերի դեմ պայքար: Իսկ էսօր ինքը սկսել է անձերի դեմ պայքար: Սերժ Սարգսյանը հիմա էլ հավակնություն չունի, բայց Սերժ Սարգսյանը շատ գործիչներից տարբերվում է նրանով, որ ինքը իր անձնական հավակնությունները ավելի ցածր է դասում, քան պետության շահը և մենք կիրականցնենք որոշում, որը բխում է մեր պետության ու հասարակության շահից»:

Խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ունեցող «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ հատուկ վերաբերմունք չունեն «Քաղաքացիական պայմանագրի» օրակարգին, չեն պատրաստվում նրանց միանալ Ազգային ժողովի նիստերը տապալելու հարցում, քանի որ անցած տարի կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այս ճանապարհով իշխանափոխության հնարավորություն չեն տեսնում:

«Ի վերջո՝ իշխանության փոփոխության լեգիտիմ հնարավորություն կար ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այդ ժամանակ հանրության զգալի մասը այս կամ այն ազդակների ազդեցությամբ իր ձայնը տվեց այն քաղաքական ուժին, ով այսօր լեգիտիմ իրավունք ունի առաջադրելու իր վարչապետին», - ընդգծեց Զոհրաբյանը: - «Իշխանության փոփոխության լեգիտիմ իրավունքը, ցավոք սրտի, կորսվեց այն պարզ պատճառով, որ ժողովուրդը, միգուցե չվստահելով, որ հնարավոր է մեր երկրում ինչ-որ բան փոխել, վերցրեց գումար և գնաց ընտրեց այն քաղաքական ուժին, որին Սահմանադրությամբ ժողովուրդը ինքը լիազորեց ունենալ կայուն մեծամասնություն և առաջադրել վարչապետի սեփական թեկնածուին»:

«Ազատության» դիտարկմանը, թե՝ եթե երկու անգամ տապալվի վարչապետի ընտրությունը, արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենան, դա հնարավորություն չի՞ տալիս փոխել իշխանությունը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ - «Իսկ Դուք վստա՞հ եք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նորից ժողովուրդը չի վերցնելու գումար և չի գնալու ընտրի Հանրապետական կուսակցությանը: Ցավոք սրտի, ես նման վստահություն չունեմ, ուստի կրկնում եմ՝ մեր օրակարգում այդ ակցիաներին միանալու հարց չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG