Մատչելիության հղումներ

Բալայան․ Ադրբեջանը հրաժարվում է կատարել ցանկացած պայմանավորվածություն


Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով՝ ապրիլյան պատերազմից երկու տարի անց ղարաբաղյան հակամարտության բանակցություններում առաջընթաց չկա, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել ցանկացած պայմանավորվածություն:

«Լինում են հանդիպումներ, ձեռք են բերվում համաձայնություններ, բայց Ադրբեջանը ամեն ինչ անում է դրանք չիրականացնելու համար: Ավելին, Ադրբեջանը նաև այնքան հեռու է գնում վերջին շրջանում, որ տարածքային նկրտումներ է հնչեցնում Հայաստանի նկատմամբ: Մենք մեկ անգամ չէ, որ զգուշացրել ենք, որ նման գործելաոճը վտանգավոր է և, միջազգային հանրության ոչ-ադեկվատ արձագանքի պայմաններում, այն կարող է նոր սրացումների բերել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բալայանը:

2016-ի ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակելու, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները ընդլայնելու շուրջ:

Իսկ Սարգսյան - Ալիև վերջին հանդիպմանը՝ անցած տարվա հոկտեմբերին Ժնևում, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել էին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար:

Սակայն այս պայմանավորվածություններից որևէ մեկը մինչև օրս չի իրականացվել․ - «Մինչ օրս Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է դրանք իրականացնել, այլև ամեն ինչ անում է, որպեսզի տապալի այդ նույն պայմանավորվածությունների իրականացումը»:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին պաշտոնական շփումը տեղի է ունեցել այս հունվարին արտգործնախարարների մակարդակով լեհական Կրակովում: Այդ ժամանակ նույնպես պայմանավորվածություն էր ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի թիմը յոթ հոգով ավելացնելու շուրջ, սակայն նույնիսկ այս պայմանավորվածությունը, ըստ Հայաստանի արտգործնախարարության, Ադրբեջանը չի իրականացնում:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, ապրիլյան պատերազմը էական փոփոխությունների է բերել թե՛ Հայաստանի, թե՛ միջնորդների դիրքորոշումներում․ - «Գործնականում հասկացվել է, որ ստատուս քվոն փոխելու, «տարածքներ խաղաղության դիմաց» կամ «տարածքներ կարգավիճակի դիմաց», այս մոտեցումը գործնականում անարդյունավետ և ոչ մի տեղ չտանող մոտեցում է: Սա իրականությունից կտրված մոտեցում է: Իրականությունը այն է, որ պետք է ի վերջո ճանաչվեն իրողությունները և հասկացվի, որ առկա իրավիճակում պետք է մտածել խաղաղությունը ամրապնդելու մասին: Իսկ խաղաղությունը ամրապնդելու միակ տարբերակը ստատուս քվոն ամրապնդելն է»:

Այլ կարծիքի է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը: Նրա պնդմամբ՝ ապրիլյան պատերազմը բանակցություններում էական փոփոխության չի հանգեցրել․ - «Սովորաբար առաջընթաց արձանագրվում է, երբ որևէ ռազմական գործողության արդյունքում արդյունքները հստակ են լինում: Իսկ ապրիլյան պատերազմի արդյունքները հստակ չեն: Մինչև հիմա մեր հասարակությունը նույնիսկ միանշանակ չի կարող գնահատել՝ դա մեր հաղթանա՞կն էր, թե՞ պարտությունը․․․ Այսինքն, էդ պատերազմը արդյունքներ չի ունեցել, ստատուս քվոն չի փոխել, բալանսը չի փոխել»:

Բաղդասարյանը նաև կարծում է, որ ապրիլյան պատերազմի պատճառներից մեկն էլ անպտուղ բանակցություններն էին, ուստի բանակցային ներկա փակուղային վիճակը ևս հղի է նոր լարվածությամբ․ - «Բանակցություններում ճեղքում, առաջընթաց չեմ ակնկալում, հետևաբար պետք է սպասել նոր դիվերսիաների, ցավոք, գուցե նույնիսկ ավելի մասշտաբային»:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ առաջիկայում պատերազմական գործողությունների կրկնությունը քիչ հավանական է, քանի որ Ադրբեջանը ապրիլյան քառօրյայի ժամանակ ուներ ակնհայտ առավելություն ու չկարողացավ դա օգտագործել․ - «Ադրբեջանը տեսավ, որ նույնիսկ էդ ահռելի առավելության դեպքում հնարավոր չէ մի քանի օրում Հայաստանին և Արցախին պարտության մատնել, ինչ-որ խոշոր փոփոխություն կատարել ստատուս քվոյում»: Իսկ երկար պատերազմի ժամանակ Ադրբեջանին ոչ ոք չի տա»:

Արտգործնախարարությունից «Ազատությանն» այսօր տեղեկացրին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև արտգործնախարարների առաջիկա հնարավոր հանդիպումների մասին այս պահին տեղեկություններ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG