Մատչելիության հղումներ

ՌԴ ռազմական ոստիկաններն արդեն Հայաստանում են


Ռուսաստանյան ռազմական ոստիկաններ, արխիվ
Ռուսաստանյան ռազմական ոստիկաններ, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հայտարարել էր, թե ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանման՝ Հայաստանում տեղակայելու վերաբերյալ դեռ որևէ փաստաթուղթ չկա։

Ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն արդեն Գյումրիում են: Այս մասին է փաստում «Հայկական ժամանակ»-ի հրապարակած տեսանյութը: Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում և Երևանի զինվորական կայազորում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայման մասին օրեր առաջ տեղեկացրել էր ՌԴ Հարավային զինվորական օկրուգի լրատվական ծառայությունը։

Այդ տեղեկությանն արձագանքել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հաղորդելով, որ ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանման՝ Հայաստանում տեղակայելու վերաբերյալ դեռ որևէ փաստաթուղթ չկա։ Նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 6 օր առաջ «Ազատությանն» ասել էր․ «Մինչև համապատասխան պայմանագիր չլինի, ռազմաբազայի կազմի փոփոխություն տեղի չի ունենա»: Մինչդեռ այսօր Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում չանրադարձավ ռուս ռազմական ոստիկաննների ներկայությունը փաստող տեսանյութին՝ առաջարկելով միայն հարցերը գրավոր ներկայացնել:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի պնդմամբ՝ ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայումը Հայաստանի տարածքում ապօրինի է, քանի որ չկա դա նախատեսող որևէ միջպետական համաձայնագիր․ «1997 թվականի պայմանագրում սևով սպիտակի վրա գրված է, թե որ մարմինները [Հայաստանում] ունեն իրավասություններ: Ռազմական ոստիկանության անունն այնտեղ չկա: Սա նշանակում է, որ նրանք Հայաստանում որևէ իրավասություն չունեն: Նրանք չեն կարող գործել Հայաստանում առանց ՀՀ Ազգային ժողովի համաձայնության»,- ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավարը:

Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում և Երևանի զինվորական կայազորում զբաղվելու են զինվորական կարգապահության, ինչպես նաև զինվորական օբյեկտների ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ: Նախկինում այս գործառույթներն իրականացնում էին առանձին պարեկային խմբեր, սակայն նոր ստեղծվող ստորաբաժանումները կազմված կլինեն հատուկ պատրաստություն անցած պայմանագրային սպաներից, ովքեր զինված կլինեն համապատասխան սպառազինությամբ, նաև կապահովվեն ոստիկանական հատուկ միջոցներով։

Նոր ստորաբաժանումների գործունեությունը Հայաստանի տարածքում կարգավորող փաստաթղթի բացակայությունը լուրջ վտանգներ է պարունակում, կարծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Նրանց գործողությունները սահմանափակվելու են միայն ռուսական բազայի տարածքու՞մ, թե նաև տարածքից դուրս: Երևանի կայազորու՞մ, թե նաև կայազորից դուրս: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք չունենք: Վտանգը հետևյալն է՝ արդյո՞ք մի օր նրանք, ենթադրենք, ռուսական կարգազանց զինվորերին հայտնաբերելու համար չեն հայտնվի Ազգային ժողովում, Բաղրամյան-26-ում, կառավարության շենքում, կամ ՀՀ որևէ այլ պետական մարմնում»,- ասում է իրավապաշտպանը:

Գյումրիում ռուս զինծառայողի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի գործում ներգրավված Սաքունցն ընդգծում է՝ առանց Հայաստանի հետ համաձայնեցնելու ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայումը ցույց է տալիս հայկական կողմի հանդեպ Ռուսաստանի վերաբերունքը: Ըստ այդմ՝ ռուսական կողմը ցուցադրում է, որ ինքն ազատ է Հայաստանի տարածքում ցանկացած գործողություն կատարելու հարցում:

Հայաստանի Կառավարության այլ կառույցներից այսօր ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայման մասին մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG