Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն առաջիկա հոկտեմբերին կլինի Երևանում, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց այցով Հայաստանում գտնվող՝ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։ Վերջինիս խոսքով՝ Փարիզը ջանքեր է գործադրել՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի ու Եվրամիության միջև:
Ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետին այսօր ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպման ընթացքում, ըստ ԱԳՆ լրատվական ծառայության, քննարկվել են այս հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին առնչվող, ինչպես նաև «հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր»:
«Տեղյակ եք, որ մեր նախագահը շատ պատրաստակամ է՝ ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի ու Ֆրանսիայի միջև: Հայաստանի նախագահը նույնպես պատրաստակամ է այս հարցում: Մեր մակարդակում նույնպես վերահաստատեցինք այդ պատրաստակամությունը՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Կարծում եմ, ընդհանուր շատ գործեր ունենք, շատ կապեր ունենք կրթական ոլորտում, օրինակ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը:
Ի դեպ՝ բարելավել ենք մեր երկկողմ տնտեսական համագործակցությունը: Տեղյակ եք, որ Հայաստանում ակտիվորեն գործող մի քանի ֆրանսիական ընկերություններ կան, օրինակ՝ Veolia-ն, Carrefour-ը ու այլ ընկերություններ: Անշուտ, պարոն Էմանյուել Մակրոնը կլինի այստեղ՝ բազմաթիվ այլ երկրների ղեկավարների ու կառավարությունների ղեկավարների հետ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Շատ կարևոր է տեսնել, թե ինչ կոնկրետ քայլեր կարող ենք ձեռնարկել Ֆրանկոֆոնիայի մեր գործընկերների հետ, որովհետև ֆրանսերեն խոսելը կարող է առավելություն լինել ու հնարավորություն բացել երիտասարդների, այդ թվում՝ կանանց համար, անգամ ողջ աշխարհի կտրվածքով»,- ասաց Ժան-Բատիստ Լեմուանը:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թ․ հայ-ֆրանսիական առևտուրը կտրուկ աճել է՝ կազմելով 82,1 միլիոն դոլար, ինչը 44.6 տոկոսով ավելի է 2016 թ․ համեմատ: «Ֆրանսիան շատ ջանքեր է գործադրում, որպեսզի Եվրոպան քաղաքացիների համար դարձնի ավելի արդյունավետ: Անշուշտ, Փարիզը բազամթիվ առաջարկներ է արել՝ Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունների վերաբերյալ, և ուրախ ենք Հայաստանի ու Եվրամիության միջև ծավալվող հմագործակցությամբ: Մենք պետք է զարգացնենք այդ համագործակցությունը»,- հավելեց ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը:
Հայաստանի արտգործնախարարության լրատվական ծառայության համաձայն, հոկտեմբրին կայանալիք երևանյան գագաթնաժողովին մասնակցելու համար հրավեր է ուղարկվել ֆրանկոֆոնիայի անդամ, դիտորդ և ասոցացված 83 պետության: