Մատչելիության հղումներ

Սահմանադրականության մասին չի կարող խոսել կեղծիք կատարած ուժը․ Ռուբինյան


Կարապետ Ռուբինյան, արխիվ
Կարապետ Ռուբինյան, արխիվ

«Հանուն Հայաստան պետության» նախաձեռնող խմբի անդամ Կարապետ Ռուբինյանի խոսքով՝ սահմանադրականության կամ իրավունքի մասին չի կարող խոսել ընտրությունները կեղծած ուժը:

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, ավելի վաղ պնդել էր՝ միանշանակ է, որ Սերժ Սարգսյանը փորձելու է վերարտադրվել արդեն վարչապետի պաշտոնում։ Ըստ Փաշինյանի՝ իրենք Սարգսյանի վարչապետության դեմ «գործողությունների շարժում» են սկսում։ «Հնարավորինս քիչ խոսքեր, և հնարավորինս շատ գործողություններ»,- ասել էր Փաշինյանը՝ շարունակելով. «Քաղաքացիական անհնազանդության գործողություններ կարող են լինել, որոնք ֆիզիկապես հնարավորություն չտան էդ գործողություններն իրականացնել Հանրապետական մեծամասնությանը: Այդ թվում՝ կարող են ուղղակի էդ համակարգի գործունեությունը կաթվածահար անել․․․ ոչ թե բռնությամբ»:

Արձագանքելով Փաշինյանի այս հայտարարությանը, ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է․ «Որևէ մեկն իրավունք չունի, որպես Ազգային ժողովի պատգամավոր, խոչընդոտել մեր սահմանադրական իրավունքը, քվեարկել և իրականացնել մեր ազատ պարտականությունը և պատասխանատվությունը պառլամենտում քվեարկելու համար, սա մեկ, երկրորդը՝ ես հարցով հարց եմ ուղղում Ձեր նշած բանախոսին [Նիկոլ Փաշինյանին]՝ եթե «Ելք» խմբակցությունն, օրինակ, ունենար մեծամասնություն, որևէ մեկը որ փորձեր սահմանափակել նրա քվեարկելու իրավունքը, կամ որոշելու իրավունքը՝ ով լինի վարչապետ, իրենք ինչպե՞ս կնայեին։ Մեր ժողովուրդը ձայն է տվել, և մենք՝ օգտվելով Հայաստանի Հանրապետությունում և առհասարակ մեր միակ պատվիրատուից, իսկ մեր պատվիրատուն Հայաստանի քաղաքացին է, քաղաքական պատվերից, մենք կիրականացնենք այդ որոշումը, իսկ մնացածն արդեն իրավապահների խնդիրն է»։

Կարապետ Ռուբինյանն այսօր «Ազատության հետ զրույցում, մասնավորապես, նշեց․ «Բոլորը գիտեն, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չի ունեցել, տեղի է ունեցել ձայների զանգվածային գնում, կեղծիքներ, և այդ իրավիճակում խոսել սահմանադրականության մասին, անհեթեթություն է: Ժողովուրդն է բարձրագույն իշխանության կրողն այս երկրում»: Ռուբինյնանն ասաց նաև, թե անհնազանդության գործողությունները ողջունում են, նաև կոչ կանեն իրենց համակիրներին՝ մասնակցել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բոլոր, այդ թվում և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած գործողություններին:

«Ելք խմբակցության մյուս ուժերի՝ «Լուսավոր Հայաստան» և Հանրապետություն կուսակցությունների արտահայտած մտավախության առնչությամբ, թե փողոցային պայքարը հերթական անգամ կարող է հիասթափության տանել ժողովրդին, Ռուբինյանը նկատեց՝ թեև կիսում է այն, սակայն միևնույն է՝ կարծում է, որ պայքարելն ամենաճիշտ ճանապարհն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG