Մատչելիության հղումներ

Պետական կառույցները երեք ամսում 35 միլիոն դրամից ավելի հուշանվերներ, ծաղիկներ և խմիչք են գնել


Հատուկ քննչական ծառայությունում բյուջեի հաշվին հատը 300 դոլարից ավելի արժողությամբ ժամացույցներ են պատվիրել, որոնց վրա պետք է լինի ՀՔԾ պետի ստորագրությունը։

Հատուկ քննչական ծառայությունը նման 6 ժամացույց է պատվիրել: Բացի ծառայության պետ Վահրամ Շահինյանի ստորագրությունից, ըստ պայմանագրի, ժամացույցը պետք է լինի արծաթ ոսկեպատ և ՀՔԾ լոգոյով։ Թե ում են նվիրել այս ժամացույցները հարցին ՀՔԾ-ից պատասխանեցին, որ կպատասխանեն 30-օրյա ժամկետում։

Ֆինանսների նախարարության էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում տեղադրված հարյուրավոր պայմանագրերից երևում է, որ պետական կառույցները վերջին երեք ամիսներին 35 միլիոն դրամից ավելի հուշանվերներ, ծաղիկներ և խմիչք են գնել։

Կառավարության աշխատակազմը, օրինակ, փետրվարին 700,000 դրամով մեկ յուղանկար է գնել, որի վրա պետք է երևա «Ամառային տրամադրություն»։ Թե ում են այս նկարը նվիրել «Ազատության» հարցմանը Կառավարությունից այդպես էլ չհստակեցրեցին։ Արտաքին գործերի նախարարությունն էլ 200,000 դրամով «Մանկություն» յուղանկարն է գնել, բայց ի տարբերություն Կառավարության աշխատակազմի, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մանրամասնում է, որ նկարը Հայաստանից հեռացող դեսպանի են նվիրել, ինչը դիվանագիտական արարողակարգի բաղկացուցիչ մաս է։

Չնայած տարին դեռ նոր է սկսվել, բայց Կադաստրի պետական կոմիտեում, օրինակ, արդեն հասցրել են մոտ մեկ միլիոն դրամի բացիկներ պատվիրել։ Մարտի 14-ին այս կառույցը 600 հատ Սուրբ ծննդյան ոսկեզօծ բացիկներ է պատվիրել։ Եվս 600 բացիկ էլ հունվարի 30-ին էին պատվիրել։ Մոտ երկու շաբաթ առաջ տոնական բացիկներ է պատվիրել նաև Արարատի մարզպետարանը, բայց այս դեպքում ոչ թե Սուրբ ծննդյան, այլ Ամանորը շնորհավորելու համար։

Գնումների ոլորտը ուսումնասիրող «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ այս բոլոր գնումները պերճանքի տարրեր են պարունակում, քանի որ այս կառույցները հաշվետվություն չեն տալիս, թե ի վերջո ինչ օգուտ են տվել այս գնումները հարկատուներին։

«Ամեն նման կարգի պերճանքը պետք է կոնկրետ որևէ ֆունկցիոնալ բան բարելավի շարքային հարկատուի կյանքում: Հիմա, ենթադրենք, ըմպեին 3 տարվա հնեցման «Արարատ», թե 15-20 տարվա կոնյակ, ինչո՞վ է դա հարկատուի կյանքը բարելավում: Այս հարցին պետք է պատվիրատուները պատասխանեն», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց փորձագետը:

Մանուկյանի խոսքով՝ պետական տարբեր կառույցներ հատուկ ներկայացուցչական ծախսերի համար հատկացված բյուջե ունեն, իսկ թե ինչպես են դա ծախսում՝ իրենք են որոշում․ - «Եթե մենք ասում ենք՝ հասարակություն, դու պետք է համակերպվես, ծանր տարիներ են, չենք կարողանում նպաստները բարձրացնենք, ապա պետական չինովնիկները ևս պետք է զրկեն իրենց այդ շռայլություններից»:

Պետական կառույցները միլիոնավոր դրամներ են ծախսել նաև խմիչքի վրա։ Այս հարցում ծախսերի չափով առաջատարն է Հայաստանի կառավարության աշխատակազմը։ Միայն մարտի 1-ին այս կառույցը 4 միլիոն դրամից ավելի կոնյակ և գինի է գնել։

Կոնյակներից «Էրեբունիի» մեկ հատը հարկատուների համար 137,500 դրամ է արժեցել, «Կարաս» գինիի հատն էլ 13,500 դրամ։ Հետաքրքիր է, որ խմիչք գնած բոլոր կառույցներից միայն ՏՄՊՊՀ-ն է կոնյակ գնել «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ընկերությունից, որն ըստ մամուլի պատկանում է գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Ազատությանը պատասխանեցին, որ նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարին Սոչիում մասնակցել է Ռուսաստանի ներդրումային գիտաժողովին, իսկ կոնյակները նվիրել է ընդունող կողմին։

Հարկատուների հաշվին արված այսպիսի ծախսերի առյուծի բաժինը ծաղիկներինն է։ Կանանց տոներին ընդառաջ պետական կառույցները մոտ 19 միլիոն դրամ են ծախսել ծաղիկների վրա։ Այստեղ չեմպիոնը Երևանի քաղաքապետարանն է, Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցը 20 հազար հատ 70 սմ-անոց հոլանդական վարդեր է գնել՝ վճարելով 17 միլիոն դրամից ավելի գումար։ Քաղաքապետարանից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ Կանանց միջազգային օրը ծաղիկներ նվիրելը տարիներով ձևավորված ավանդույթ է։

Շատ դեպքերում գերատեսչությունները չեն էլ հստակեցնում, թե ինչ են գնել, պարզապես գրելով, որ վճարել են հուշանվերի համար։ Կան նաև յուրահատուկ գնումներ, օրինակ ափսե, գորգիկ, թեյնիկ, հեռախոսներ, գրքեր, որոնցից մեկը պատմում է Հայաստանի հրաշալիքների մասին։ Շատ են նաև արձանիկները, իսկ Կադաստրի պետական կոմիտեն 700 հազար դրամի կաշվե թղթապանակներ է գնել, որոնք ըստ պաշտոնական պատասխանի անհրաժեշտ են մեջբերում եմ՝ «համակարգի բնականոն ընթացիկ գործունեությունը ապահովելու համար»։

Սահմանադրական դատարանը հուշանվեր բաժակներ է գնել, որոնցից մեկը արժեցել է 200 հազար դրամ։

Ի պատասխան մոտ երկու տասնյակ հարցումների, պետական կառույցները պնդում են, որ այս գնումները կատարվել են ներկայացուցչական և իրենց աշխատակիցներին պարգևատրելու նպատակով։

Արտակ Մանուկյանը ուսումնասիրել է պետական կառույցների նախորդ տարվա մի քանի գնումներ․ օրինակ քաղաքապետարանը մոտ երկու միլիոն դրամի նկարներ ու հուշանվերներ է գնել։ Իսկ Ոստիկանությունն էլ որպես հուշանվեր 6 միլիոն դրամից ավելի գումարով 70 հեռուստացույցներ է գնել։

«Ինչո՞ւ չէր կարելի այս դեպքում, օրինակ, ծաղիկով իրականացնել, գրիչով իրականացնել: Կամ ինչո՞ւ սահմանափակվենք հեռուստացույցով, միգուցե կարելի էր, օրինակ, ալկոտեստեր նվիրել կամ մեքենա», - հարցնում է Արտակ Մանուկյանը:

Ոստիկանությունից «Ազատությանը» պատասխանեցին, որ այս հեռուստացույցները նվիրել են ծառայողներին և աշխատակիցներին։ Իսկ որքանո՞վ են նմանատիպ ծախսերը նպաստել այս կառույցների աշխատանքի արդյունավետությանը․ «Ազատության» այս հարցին գրեթե բոլոր կառույցները խուսափել են պատասխանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG