Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը խստորեն քննադատել է Ադրբեջանում առկա նախընտրական իրադրությունը


ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի խորհրդանիշը, արխիվ
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի խորհրդանիշը, արխիվ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը՝ ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Ադրբեջանում նախագահական ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ միջանկյալ զեկույցը, որի հեղինակները՝ մարտին 9-ից Ադրբեջանում ընտրական գործընթացներին հետևող փորձագետները, քննադատում են այդ երկրում առկա նախընտրական իրադրությունը, մասնավորապես, մատնացույց անելով խոսքի ազատության սահմանափակումները, լրագրողների և բլոգերների նկատմամբ ճնշումները:

Ադրբեջանում ապրիլի 11-ին նախատեսված նախագահական ընտրարշավն ընթանում է իշխող կուսակցության ակնհայտ գերակայության և մրցակցության բացակայության պայմաններում, հայտարարում են ԵԱՀԿ դիտորդները: Այդ ընտրություններին արդեն չորրորդ անգամ մասնակցում է 14 տարի առաջ հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևը, ինչպես նաև յոթ այլ թեկնածուներ, որոնք, Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցների բնորոշմամբ՝ «ազդեցիկ գործիչներ են», իսկ իրականում՝ իշխանական փոքրաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, նաև նկատում են փաստաթղթի հեղինակներն ու շարունակում՝

Իրական ընդդիմությունը որոշել է չմասնակցել այդ ընտրություններին և դրանք բոյկոտելու հարցով հանրահավաքներ կազմակերպել: Այդ հավաքների մասնակիցները, սակայն, ենթարկվում են ոստիկանական հետապնդումների, ոմանք ձերբակալվել են: Ադրբեջանական ընդդիմութունը նաև դատապարտում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը կրճատելու՝ մինչև 22 օրվա հասցնելու որոշումը, ինչը, ընդդիմադիրների համոզմամբ՝ սահմանափակում է լրատվամիջոցներին իրենց հասանելիությունը և գործող նախագահին լուրջ առավելություն է տալիս:

ԵԱՀԿ դիտորդները նկատում են՝ քարոզարշավն, ընդհանուր առմամբ, զուսպ է անցնում, սուր պայքար չի նշմարվում: Փաստաթղթում նաև նշված է․ «Զեկույցի հեղինակների հետ զրույցում շատերն են նշել, որ մրցակցային ընտրություններ չեն ակնկալում, քանի որ, նրանց համոզմամբ՝ գործող նախագահի մրցակիցները որևէ այլընտրանք չեն ներկայացնում քաղաքական հարթակում, իսկ որոշներն էլ անգամ բացեիբաց աջակցում են Ալիևին»:

Փաստաթղթում հիշատակվում է նաև «Ռեալ» շարժման հայտարարությունն այն մասին, որ քաղաքական այդ ուժի առաջնորդ Իլգար Մամեդովին զրկել են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, չնայած ՄԻԵԴ-ի՝ նրան ազատ արձակելու մասին վճռին: Ընդդիմադիր գործիչը 2013 թվականից բանտում է: Նա ազատազրկվել է այն բանից հետո, երբ, նախորդ նախագահական ընտրություններից ամիսներ առաջ, հայտարարեց, թե պատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել նախագահ Ալիևի հետ:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդները քննադատում են նաև Արդբեջանում խոսքի ազատության ոլորտում տիրող իրավիճակը, նշելով, որ նախընտրական արշավն ընթանում է խոսքի ազատության «կոշտ սահմանափակումների ֆոնին», զրպարտությունը քրեորեն պատժելի արարք է համարվում, որի համար մինչև երեք տարվա ազատազրկում է նախատեսված: Այդ հոդվածը 2016 թվականից օգտագործվում է առցանց լրատվական ռեսուրսների գործունեությունը սահմանափակելու նպատակով, նկատում են ԵԱՀԿ փարձաետները: Առաքելությունը մտահոգություն է հայտնել նաև բանտում պահվող լրագրողների և բլոգերների մեծ թվի հետ կապված․ «Նրանցից շատերը շարունակում են մնալ ճաղերի ետևում, ամենատարբեր մեղադրանքներով»:

Ընտրությունները դիտարկող՝ Եվրոպայի ամենահեղինակավոր այս կառույցի փորձագետները նշում են, որ Ադրբեջանում հիմնական քաղաքական տեղեկատվական աղբյուր են մնում 11 հեռուստակայանները: Ինչ վերաբերում է տպագիր մամուլին, ապա դրանց տպաքանակը շարունակում է նվազել, սակայն բնակչության մոտ 80 տոկոսի համար համացանցը հասանելի է: Դիտորդների հետ զրույցներում Ադրբեջանի քաղաքացիները խոստովանել են, որ չեն վստահում ավանդական լրատվամիջոցներին, նշելով՝ դրանք անկախ և անաչառ չեն:

2017 թվականի մարտին Տեղեկատվության մասին օրենքում կատարված փոփոխություններով Ադրբեջանի կապի նախարարությանն իրավունք վերապահվեց՝ արգելափակել լրատվական կայքերն առանց դատարանի որոշման: Անցած մարտից իշխանություններն արգելափակել են կառավարությանը քննադատող շուրջ երկու տասնյակ ինտերնետային կայք, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի, «Մեյդան TV»-ի, «Ազադլիգ» թերթի կայքերը, որոնք անհասանելի են Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG