Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը, այսօր Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Հունաստանի ազգային պաշտպանության նախարարն ընդգծել է, որ իր երկիրը բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները՝ հավելելով, որ Հունաստանում ամենանջերմ զգացումներն ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ու ցանկանում են հնարավորինս զարգացնել համակողմանի փոխգործակցությունը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել պաշտպանական ոլորտում հայ-հունական ընդլայնվող համագործակցության կապակցությամբ։
Նախարարներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն գործակցությանը, բազմակողմ հարթակներում համագործակցության առավել սերտացմանը։
Հանդիպման օրակարգում էր հայ-հունական հարուստ իրավապայմանգրային դաշտի առավել ընդլայնումը։
Էդվարդ Նալբանդյանը Փանոս Կամենոսին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։
Հունաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել էիր երկրի մոտեցումները մերձավորարևելյան իրադարձությունների և բալկանյան զարգացումների շուրջ։