Մատչելիության հղումներ

Կեմերովոյում զոհվածների թվում երկու հայ կա


Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի զոհերի թվում են ազգությամբ հայեր՝ 43-ամյա Միխայիլ Գալանինը և նրա 10-ամյա որդի Դմիտրին:

Ռուսաստանի հայերի միություն Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնովը փոխանցեց նաև, որ այսօր տեղի է ունեցել Գալանինների հուղարկավորությունը:

Անտոնովն ասաց, որ Միխայիլ Գալանինը Վրաստանից Կերեմովո էր տեղափոխվել տարիներ առաջ, ամուսնացել էր ռուս կնոջ հետ, երեխաներ էր ունեցել:

Նա նաև փոխանցեց, որ այսօր իրավիճակը Կեմերովոյում հանգիստ է, մարդիկ վշտացած են: Զոհերի պաշտոնական թիվը չի ավելացել՝ 64 մարդ, իսկ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ անհայտ կորած անձինք չկան:

Զոհվածների հարազատներից երեքը դիմել են դատախազություն՝ բողոքելով, թե փրկարարները ամեն ինչ չեն արել, որպեսզի փրկեն իրենց հարազատներին:

Քաղաքի բնակիչներն ասում են, որ փրկարարներն արհեստավարժ չեն գործել, ուշացումով են եկել, ուղղաթիռներ չեն եղել, որոնք կկարողանային օդից մարել հրդենը առևտրի կենտրոնի տանիքում:

Հինգ հարազատների կորցրած Իգոր Վոստրյակովն իր տեսաուղերձում ասում է, որ ուղղաթիռները գուցեև չփրկեին իրենց հարազատներին, բայց նրանք կարող էին ստանալ նրանց գոնե մարմիններն ու հուղարկավորել։

Ավելի վաղ նա մի տեսագրություն էր տարածել, որտեղ երևում է, որ սկզբում կինոսրահների դռները բաց են եղել, սակայն երբ ծուխը թանձրացել է, ինչ-որ տղամարդ փակել դռները, որպեսզի սպասեն փրկարարներին:

Կեմերովոյի մարզի նահանգապետ Աման Տուլեևը դեռ կշարունակի պաշտոնավարել: Ռուսաստանյան լրատվամիջոցները գրում էր, թե Պուտինը նրան պաշտոնանկ կանի երկու ամիս անց, որպեսզի չստացվի, թե պաշտոնանկ է արել հրդեհի պատճառով:

Կեմերովո քաղաքի գլխավոր հրապարակը, որտեղ դեռ կանգնած է Լենինի արձանը և որտեղ մարտի 27-ին բազմամարդ հանրահավաք էր, մարտի 28-ից փակ է: Այնտեղ մեծ թվով ոստիկաններ են:

Դաշնային հեռուստաընկերությունները հայտարարում են, թե ինչ-որ ընդդիմադիր ուժեր, օգտվելով ողբերգությունից, փորձում է ապակայունացնել իրավիճակը երկրում:

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կատարվածի համար մեղադրում է «ռուսական կոռուպցիան», իշխանությունը, որը ստեղծել երկու հազարից ավելի աշխատակիցներով նախարարությունը, որը չի կարողանում ո՛չ կանխել հրդեհները, ո՛չ էլ մարդկանց փրկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG