Մատչելիության հղումներ

Բժիշկները պայքարում են ԼՂ-ում ականի պայթյունից վիրավորվածների կյանքի համար


Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում այսօր առավոտյան ականի վրա պայթյունի հետևանքով զոհվել են HALO Trust ամերիկյան կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի երեք սակրավորներ՝ Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը և Մարատ Պետրոսյանը, ևս երկուսը վիրավորվել են։

Վիրավորված երկու երիտասարդ սակրավորներն այս պահին վիրահատել են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում։

Հիվանդանոցի բժշկական համակարգող Արևհատ Ալեքսանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ 31-ամյա Գարիկ Ղահիլյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները հեռացրել են նրա զույգ ստորին վերջույթները, ունի բազմակի տրավմաներ, երրորդ ու չորրորդ աստիճանի հեմոռագիկ շոկ: Հայրիյանը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Բժիշկները հիմա հետվիրահատական բոլոր հետազոտությունները շարունակում են անել», - հավելեց Ալեքսանյանը:

Մյուս վիրավորի՝ 44-ամյա Արամ Մկրտչյանի մոտ առկա է եղել ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք: Վիրահատությունից հետո նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում:

Լեռնային Ղարաբաղում արդեն 18 տարի ականազերծում իրականացնող HALO Trust կազմակերպության հաղորդակցման տնօրեն Փոլ ՄըքՔեննը «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 8-ն անց 15 րոպեին, երբ սակրավորները տեղում զննման աշխատանքներ էին իրականացնում։ ՄըքՔեննը հայտնում է նաև, որ կազմակերպությունն ակտիվորեն աշխատում է տեղի իրավապահների և իշխանությունների հետ և հրավիրել է անկախ հետաքննողների՝ տեղի ունեցածը բացահայտելու համար։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև HALO Trust-ի գործադիր տնօրեն Ջեյմս Քովենը․ - «Ողջ աշխարհում ամեն օր մեր կազմակերպության ավելի քան 8000 աշխատակից գնում է աշխատանքի այնպիսի վայրեր, որտեղ որևէ այլ անձ չի կարող ոտք դնել, և այս դժբախտ պատահարը լավագույնս ցույց է տալիս բոլոր այն վտանգները, որոնց առնչվում են նրանք: Սա ցույց է տալիս նաև այն, թե որքան կարևոր է մեր աշխատանքը: Մեր աշխատակիցները զոհվել են այն պահին, երբ փորձում էին հողը անվտանգ դարձնել Ղարաբաղի ժողովրդի համար»:

Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազության խոսնակ Կիմ Գաբրելյանն «Ազատությանը» փոխանցեց, որ կատարվածի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում․ - «Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Համապատասխան փորձաքննությունները նշանակվելուց հետո, դրանց եզրակացությունների հիման վրա կընդունվի դատավարական որոշում»:

HALO Trust-ը 2000 թվականից Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ է իրականացնում: Կազմակերպության կայքէջի տվյալներով, HALO Trust-ը Ղարաբաղում քաղաքացիական կազմակերպությունների շարքում ամենամեծ գործատուն է, ունի 140 աշխատակից։

«Ականազերծումը թույլ է տվել ոչ միայն մաքրել այդ տարածքները, այլև այդտեղ ենթակառուցվածքներ կառուցել՝ տներ, դպրոցներ, ճանապարհներ, դպրոցներ և այլն», - նշվում է կազմակերպության էջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG