Մատչելիության հղումներ

Կառավարությունը «պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին» երաշխիքներ է տրամադրում


Հայաստանի կառավարությունն այսօր որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխքների տրամադրման մասին»:

«Հիմք ընդունելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին և հանձնարարել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը պաշտոնաթող Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր դիմումի հիման վրա։

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով տրամադրվող գույքը սեփականատիրոջ կողմից տնօրինելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն կնքվելու է կամավոր գույքային սերվիտուտի պայմանագիր։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ առաջիկա ապրիլի 9-ից Հայաստանն ամբողջությամբ անցում կկատարի կառավարման խորհրդարանական (վարչապետական) կարգի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG