Դեռ չեն հանդարտվել կրքերը Ռուսաստանի Վոլոկոլամսկի մարզում, որտեղ քաղաքի բնակիչները բողոքում են «Յադրովո» աղբավայրից տարածվող գարշահոտությունից ու արտանետվող թունավոր գազերից, հիմա էլ արդեն մի քանի օր է հանգիստ չէ նաև մերձմոսկովյան Կոլոմնա քաղաքում։
Այստեղ մարտի 25-ից բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Բնակիչները պահանջում են փակել «Վոլովիչի» աղբավայրը։
Երեկ ոստիկաննները ցրել են ցույցը և բերման ենթարկել մոտ 30 հոգու։
Բնակիչները պնդում են, որ աղբավայրը պետք է սպասարկի միայն Կոլոմնա քաղաքը, իսկ օրական 300 աղբատար մեքենայով, ըստ ցուցարարների, այդտեղ է բերվում նաև Մոսկվայի աղբը։
Ցուցարարները երեք օր է փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս Մոսկվայի աղբը տեղափոխող մեքենաներին մոտենալ աղբավայրին։
Հիշեցնենք՝ մարտի 21-ին «Յադրովո» աղբավայրից արտանետված թունավոր գազերի պատճառով քաղաքի բնակիչներն, այդ թվում՝ երեխաներ հայտնվել էին հիվանդանոցում։ Վոլոկոլամսկի բնակիչների և մարզային իշխանությունների միջև բախում էր տեղի ունեցել։ Բնակիչները նույնիսկ պատռել էին Վոլոկոլամսկի քաղաքապետ Եվգենի Գաբրիլովի վերարկուն և ձնագնդիներով հարվածել Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովին։ Օրեր անց Գաբրիլովը պաշտոնանկ էր արվել, իսկ բնակիչներին խոստացել էին մինչև հունիսի 1-ը փակ պահել աղբավայրը։
Աղբի դեմ պայքարին են միացել մերձմոսկովյան նոր քաղաքներ։ Սա իսկապես լուրջ խնդիր կարող է դառնալ իշխանությունների համար։
Բնակիչները թույլ չեն տալիս իշխանություններին նոր աղբավայր կառուցել, նաև թույլ չեն տալիս, որ նախկինի պես շահագործվեն գործող աղբավայրերը։