Մատչելիության հղումներ

Մոսկվան փորձում է մեղմել Հայաստանում տիրող քննադատական տրամադրությունները. քաղաքագետ


Մոսկվան փորձում է մեղմել Ադրբեջանին զենքի վաճառքից հետո Հայաստանում տիրող քննադատական տրամադրությունները։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

Քաղաքագետը սակայն, բավարար չի համարում Մոսկվայից հնչող հայտարարությունները, թե «Ռուսաստանը հետևություններ է արել 2016-ի ապրիլյան պատերազմից, և դրանից հետո Հայաստանին են տրամադրվել նորագույն զինատեսակներ»։

Գրիգորյանը նշում է՝ բավարար կլներ, եթե Ռուսաստանի կառավարությունը որոշում ընդուներ, որ այլևս զենք չի վաճառում Ադրբեջանին։

«Ինչքան կարողացան ծախեցին, բալանսը խախտված է հենց Ռուսաստանի պատճառով ու լրջագույն խախտված է այդ բալանսը՝ մեր և ադրբեջանցիների միջև, ուրեմն դա արված է, դա շարունակելն էլ անիմաստ է, և եթե այդպես շարունակի, դա ուղղակի նշանակում է թշնամանք», - ասաց քաղաքագետը՝ շարունակելով. - «Ուրեմն մի կողմից լավ է, որ իրենք ինչ-որ դրական մեսիջ են ուղարկում, մյուս կողմից դա բավարար չէ, քանի որ, նորից կրկնում եմ, մեզ համար շատ կարևոր է, որ որոշումներ ընդունվեն, օրինակ, Ռուսաստանի կառավարությունը կամ պաշտպանության նախարարությունը հայտարարի, որ այլևս չեն աջակցելու Ադրբեջանին զենքով»։

Հարցին, թե առհասարակ նման բան տեղի կունենա՞, Գրիգորյանը պատասխանեց. - «Գիտեք, շատ բան է կախված նրանից, կներեք, թե հիմա Ռուսաստանի քաղաքական էլիտան մեզ հետ խաղո՞ւմ է, թե՞՝ անկեղծ է։ Ակնհայտ է ինձ համար, որ երկրորդ հետևությունն էլ Ռուսաստանն արեց, մեկը սա՝ ինչի մասին Զատուլինը, Կոսաչովն ասացին, երկրորդը՝ շատ լուրջ Ռուսաստանը հասկացավ, որ միայն մեր իշխանությունով չէ, որ որոշվում է Հայաստանում, կա մյուս կողմը՝ ժողովուրդը, ակտիվ մասը ժողովրդի, կամավորները, քաղաքագետները, քաղաքական գործիչները։ Քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ՝ 2016 թվի, ոչ միայն իշխանական ինստիտուտներն էին վատ-լավ արձագանքում, նաև արձագանքեց հասարակությունը, նաև կամավորները, նաև փորձագետները ու ժողովուրդը, որը գնաց Ղարաբաղ՝ պաշտպանելու»։

Ըստ քաղաքագետի, Ռուսաստանը հասկացավ, որ պետք է հաշվի նստել նաև Հայաստանի հասարակության հետ։

«Ռուսաստանը հասկացավ, որ միայնակ աշխատելով իշխանությունների հետ, չես կարող լուծել հարցերը, ստեղ էլի գործոն կա, ու դա է պատճառը, որ հենց էդ գործիչները եկան մի փոքր տրամադրությունները փոխելու համար Հայաստանում։ Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ տրամադրություններ են տիրում այսօր Հայաստանում այդ պատերազմից հետո, զենքի վաճառքից հետո, իրենք շատ լավ գիտեն, որ բավական քննադատական տրամադրություններ են ու փորձում են մեղմացնել», - ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ օրերս Հայաստանի խորհրդարանում կայացած ասուլիսին Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարեց, որ «Ռուսաստանը հետևություններ է արել 2016-ի ապրիլյան պատերազմից, այդ պատճառով էլ դրանից հետո Հայաստանին են տրամադրվել նորագույն զինատեսակներ»: «Մենք արել ենք հետևություններ՝ կապված տարածաշրջանում զինատեսակների հավասարակշռության խախտման հետ, և տրամադրել ենք Հայաստանին ամենաժամանակակից պաշտպանական միջոցներ, որը հնարավորություն եք ունեցել տեսնելու Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված զորահանդեսի ժամանակ», - ասել է Զատուլինը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG