Պեկինն ու Փհենյանը պաշտոնապես հաստատում են հյուսիսկորեացի առաջնորդի այցը Չինաստանի մայրաքաղաք. սա Կիմ Չեն Ընի առաջին արտասահմանյան ուղևորությունն է 2011 թվականին իշխանության ղեկը ստանձնելուց ի վեր: Նա կնոջ՝ Լի Սոլ Ջուի հետ Չինաստան է ժամանել կիրակի օրը նույն զրահապատ գնացքով, որով ճամփորդում էր հայրը՝ Կիմ Չեն Իրը: Հյուսիսկորեական պատվիրակության այցը տևել է երեք օր, որի ընթացքում բարձրաստիճան հյուրերը մի շարք միջոցառումների են մասնակցել:
Երկու դաշնակից կոմունիստական երկրների ղեկավարները բանակցություններ են վարել, այնուհետև այցելել Չինաստանի արվեստների ակադեմիայում կազմակերպված նորարարական ձեռքբերումների ցուցահանդես, ինչպես նաև բարձրաստիճան հյուրերի համար նախատեսված հյուրանոց, որի հարևանությամբ Կիմ Չեն Ընի պապը՝ Կիմ Իր Սենը, 1959 թվականին ծառ է տնկել, որը մինչև օրս շարունակում է աճել:
Վերլուծաբանների կարծիքով հյուսիսկորեացի առաջնորդի այս այցը, որի վերաբերյալ, ի դեպ, շատ մանրամասներ չեն հաղորդվում, յուրատեսակ նախապատրաստություն է առաջիկայում սպասվող Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ դեմ առ դեմ հանդիպմանը:
Չինաստանում հայտարարել են՝ բանակցությունների ընթացքում հյուսիսկորեացի առաջնորդը հաստատել է, որ մտադիր է հրաժարվել միջուկային ծրագրից: Չինաստանը իր հերթին խոստացել է աջակցել իր դաշնակցին:
Հյուսիսկորեական լրատվամիջոցները Կիմ Չեն Ընի այցը ներկայացնում են որպես «կարևոր քայլ» երկու երկրների հարաբերությունները բարելավման հարցում: Հյուսիսային Կորեայի ղեկավարը գոհունակություն է հայտնել ձեռք բերված համաձայնությունների համար, սակայն առանց այդ մասին հավելյալ մանրամասներ նշելու: Միջուկային ծրագրից հրաժարվելու մասին Փհենյանից ստացվող հաղորդագրություններում չի հիշատակվում:
Կիմ Չեն Ընի արտասահմանյան ուղևորությունը դաշնակից Չինաստան, որտեղ իր 7-ամյա իշխանության ընթացքում երբեք չի եղել, ինչպես նկատում են փորձագիտական շրջանակները, պայմանավորված է վերջին շաբաթների իրադարձություններով: Միջուկային գերտերության ղեկավարի հետ հանդիպելու նախագահ Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը մեղմել է լարվածությունը ստիպել է հյուսիսկորեացի առաջնորդին ապամեկուսացումից դուրս գալու քայլեր անել:
Սպիտակ տան ղեկավարը մարտի սկզբներին՝ ամիսներ տևած հեռակա բանավեճից և փոխադարձ վիրավորանքներից հետո, հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ունին և քննարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը, ինչի պատճառով 2006 թվականից ի վեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շուրջ 10ը անգամ պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ այդպիսով դարձնելով այն աշխարհի ամենամեկուսացված երկիրը, որին հաջողվում էր տնտեսական կապերը պահել թերևս միայն Չինաստանի հետ: