Իրաքը կանի ամեն ինչ, որպեսզի իր տարածքից իրականացվող քուրդ զինյալների հարձակումները Թուրքիայի դեմ կանխվեն:
Այս մասին երեքշաբթի երեկոյան Բաղդադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին:
Իրաքի կառավարության ղեկավարի խոսքով, այս որոշումը կայացվել է թուրքական կողմի հետ մի քանի օր շարունակված ակտիվ քննարկումներից հետո․ - «Երեկ ես հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի վարչապետի հետ, և նա կրկին նշեց, որ թուրքական կողմը հարգում է Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նա նաև խոստացավ, որ Թուրքիան որևէ գործողություն չի իրականացնի, որը կհակասի Իրաքի ինքնիշխանության սկզբունքին: Թուրքիայի վարչապետի խոսքով, Անկարան չի դիմի որևէ գործողության, որը համաձայնեցված չի լինի Իրաքի կառավարության հետ»:
Քրդերով բնակեցված Իրաքի հյուսիսում հնարավոր թուրքական գործողության մասին խոսակցությունները ակտիվացան հանգստյան օրերին, երբ Տրապիզոնում կայացած հանրահավաքի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Իրաքի հյուսիսում գտնվող Սինջարի շրջանում արդեն իսկ հատուկ գործողություն է մեկնարկել, որի նպատակը Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ռազմակայանների վնասազերծումն է:
Հիշեցնեմ, որ Թուրքիայի դեմ պարտիզանական պատերազմ վարող քրդական այս կազմակերպությունը առավելապես եզդիներով բնակեցված Սինջարի հանդեպ վերահսկողություն էր սահմանել դեռ 2014 թվականին` «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ամենաթեժ փուլում:
Երկուշաբթի օրը, սակայն, Էրդողանի հայտարարությունների տոնայնությունն արդեն այլ էր: Նրա խոսքից պարզ դարձավ, որ թուրքական ստորաբաժանումները Սինջար մուտք չեն գործել, և Անկարան ակնկալում է, որ Իրաքի կառավարությունը ինքնուրույնաբար վերջ կտա Քրդական աշխատավորական կուսակցության ներկայությանը շրջանում:
«Այսօր իրաքցի բարձրաստիճան մի պաշտոնյա կժամանի Թուրքիա: Նա հանդիպելու է Հետախուզական ազգային ծառայության (MIT) ղեկավարի հետ, և մենք հուսով ենք, որ այդ հանդիպումների ընթացքում հնարավոր կլինի դրական արդյունքի հասնել: Հուսով ենք, որ Իրաքի կենտրոնական կառավարությունը պաշտոնապես կմիջամտի Սինջարում ստեղծված կացությանը, և այդ գործողությունը հաջողությամբ կպսակվի: Բայց եթե խնդիրներ ծագեն, կամ այդ գործողությունը տապալվի, մենք երկկողմ բանակցություններ կանցկացնենք և Սինջարի շրջանում անհրաժեշտ քայլերի կդիմենք», - հայտարարել է Էրդողանը մարտի 26-ին:
Նրա այս հայտարարությունից 24 ժամ չանցած Սինջար ժամանեց Իրաքի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օթման Ալ Ղանմին` բարձրաստիճան զինվորականներից կազմված մեծ խմբի ուղեկցությամբ: Իրաքյան աղբյուրների փոխանցմամբ, զինվորականների այս խումբը պետք է համակարգի արդեն իսկ Սինջարում գտնվող իրաքյան ստորաբաժանումների գործողությունները: Իրաքյան բանակի և քրդերի միջև բախումների մասին տեղեկություններ, սակայն, չկան: Գլխավոր պատճառը թերևս այն է, որ Սինջարի շուրջ ծագած ճգնաժամի ամենասկզբում քրդական կազմակերպոթյուններին միավորող Քուրդիստանի համայնքների միությունը (KCK) հանդես եկավ հայտարարությամբ, որի համաձայն Սինջարում տեղակայված զինյալները պատրաստ են առանց դիմադրության լքել այդ շրջանը:
Նման խաղաղասիրության պատճառը թերևս պաշտոնական Բաղդադի և ամենակարևորը` ՄիացյալՆահանգների կոշտ դիրքորոշումն է:
«Քրդական աշխատավորական կուսակցության՝ Սինջարում գտնվող զինյալները վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար: Միացյալ Նահանգները այդ խմբավորումը որպես ահաբեկչական կառույց են դիտարկում, և մեր ցանկությունն է, որպեսզի զինյալները լքեն շրջանը», - հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը:
Իրաքի կառավարությունն իր հերթին հասկացնում է, որ հնարավոր թուրքական ներխուժման և քրդերի հետ բախումների միջև միանշանակորեն ընտրում է երկրորդ տարբերակը:
«Անկարան լուրջ խնդիրներ ունի Քրդական աշխատավորական կուսակցության հետ այն հարձակումների պատճառով, որ նախաձեռնում է այդ կազմակերպությունը Թուրքիայի տարածքում: Իրաքի տարածքը հարևան պետության դեմ հարձակումների նպատակով օգտագործելը, սակայն, մեր երկրի սահմանադրության կոպտագույն խախտում է: Այդ իսկ պատճառով մենք թույլ չենք տա, որպեսզի Իրաքի տարածքը օգտագործվի հարևան պետություններից որևէ մեկի դեմ որևէ տեսակի հարձակում իրականացնելու համար», - հայտարարել է Հայդեր Ալ Աբադին: