Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ՀՀԿ֊ի կողմից կառաջադրվի և կընտրվի վարչապետ․ Հրանուշ Հակոբյան


ՀՀԿ կենտրոնական գրասենյակը Մելիք Ադամյան փողոցում, արխիվ
ՀՀԿ կենտրոնական գրասենյակը Մելիք Ադամյան փողոցում, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության կողմից կառաջադրվի վարչապետի թեկնածու և կընտրվի, կարծում է իշխող ուժի գործադիր մարմնի անդամ, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Անդրադառնալով նախագահի չորս տարի առաջ արված հայտարարությանը, որ ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին, այսօր «Եռաբլուր» պանթեոնում Հանրապետականի բարձրաստիճան անդամը նշեց՝ երբ մի բան ասում են՝ անպայման չէ, որ դա լինի:

«Կյանքը դոգմա չի, որ այսօր մի բան ասեցինք՝ պետք է անպայման դա լինի: Կյանքը զարգանում է, փոփոխվում է, դիալեկտիկայի օրենքները բոլորիս հայտնի են: Խնդիր չեմ տեսնում: Դա խոստում չէ, դա ընդհանրապես ասված էր տվյալ պահի համար: Յուրաքանչյուր պահ ունի իր տրամաբանությունը», - հայտարարեց Հրանուշ Հակոբյանը: - «Այսօր՝ այս իրավիճակում, կարծում եմ, Հանրապետության նախագահը Հանրապետական կուսակցության կողմից կառաջադրվի վարչապետի թեկնածու և կընտրվի»:

Չնայած, որ նախագահ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից առաջ հայտարարել էր, որ իր կարծիքով մեկ մարդը երկու անգամից ավելի չպետք է հավակնի երկրի ղեկավարմանը, այդուհանդերձ, շուրջ տասը օր առաջ Սարգսյանը չէր բացառել, որ կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում:

Իշխող Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Սերժ Սարգսյանն այսօր այլընտրանք չունի․ ֊ «Ասվել է հետևյալը, որ՝ ինքը ոչինչ չի ուզում և այսօր էլ ոչինչ չի ուզում, բայց նաև համակարգը այնպիսին է, որ ինչ֊որ նոր մարդ չկա, որին կարողանանք մենք դիմել, որպեսզի դառնա վարչապետ: Այսինքն, այն չէ, որ մարդը անընդհատ ուզում է որևէ դիրքավորված պաշտոն ունենալ: Պաշտոնը ունենում ես, որպեսզի կարողանաս կազմակերպել այն խնդիրները, որոնք դրված են քո առաջ, կուսակցության առաջ, մեր ազգի առաջ»:

Մեր հարցին՝ Հայաստանը դրանով չի՞ դառնում ավտորիտար պետություն, ՀՀԿ փոխնախագահը արձագանքեց․ - «Հայաստանը երբեք ավտորիտար պետություն չի կարող դառնալ: Այն խնդիրները, որ Դուք այսօր ասում եք, ընդհանրապես եվրոպական դաշտից բերված հարցադրումներ եք անում: Այսօր մենք դեռևս միշտ պատերազմի պատրաստ երկիր ենք և պիտի կարողանանք կայունացնել մեր հետագա գործունեությունը»:

Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները կավարտվեն ապրիլի 9-ին, իսկ դրանից մեկ շաբաթ անց էլ կընտրվի երկրի նոր ղեկավարը՝ վարչապետը: Ընդդիմադիր որոշ ուժեր հենց այս ժամանակամիջոցն են ցանկանում օգտագործել Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարի համար: Նման պայքարը Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կեղծ օրակարգ է համարում․ - «Բլեֆ է դա, բլեֆ: Կեղծ օրակարգ է: Սահմանադրության նորմ կա, և Սահմանադրությամբ պատգամավորներն են որոշելու առաջիկա չորս տարիների ընթացքում ով կլինի վարչապետ: Ի՞նչ պետք է անեն, պետք է վախեցնե՞ն: Ժողովուրդը իր քվեարկությամբ որոշել է՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն: Եվ ժողովուրդը իր քվեարկությամբ տվել է մեզ այդ իրավունքը, որպեսզի մենք առաջիկա հինգ տարիների համար որոշենք՝ ով է գործադիր իշխանություն: Եվ մենք ենք պատասխանատու, և դա կեղծ քաղաքական, արհեստական օրակարգ է»:

Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարի մասին արդեն հայտարարել են «Ելք» դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Ազատության հրապարակում վերջին շաբաթներին հանրահավաքներ անցկացնող «Հանուն Հայաստան պետության ճակատը» ու երիտասարդական «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը:

Վերջին երկու քաղաքական միավորներում ներգրավված ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, հիշեցնելով Սերժ Սարգսյանի չիրականացված խոստումները, պնդում է՝ բլեֆը հենց Հանրապետականի քաղաքական ծրագիրն է․ - «Իրեն բլեֆի վարպետներն են, քրեական օրենսգրքով պատժելի արարքի գործադրմամբ նրանք խորհրդարանում մեծամասնություն են կազմել և ուղղակիորեն մենք հիմա ասում ենք, որ նրան պետք է չնշանակենք վարչապետ»:

Արդյո՞ք Հանրապետականի չդադարող իշխանությունն ու Սերժ Սարգսյանի ղեկավարման շարունակումը Հայաստանը չեն դարձնի միակուսակցական համակարգով երկիր, այս պնդումներին ի պատասխան Հանրապետականի խոսնակը հիշեցրեց ժողովրդավարական Գերմանիայի օրինակը․ - «Արդեն 16 տարի է՝ իշխանությունը չի փոխվում, տիկին Մերկելն է իշխանության գլուխ՝ կանցլեր: Բայց այնտեղ որևէ մեկը չի ասում, որ միակուսակցական համակարգ է»:

Իշխող ուժի մի շարք ներկայացուցիչներ այսօր, որպես հարգանքի տուրք Եռաբլուր զինվորական պանթեոն էին եկել Հանրապետական կուսակցության հիմնադիր ու առաջին ղեկավար Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա առթիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG