Ակնհայտ է, որ Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը դժգոհ է Ադրբեջանին ռուսաստանյան սպառազինության մատակարարումներից, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը:
Նա հավելեց, Մոսկվան հայտարարել է՝ խիստ նվազեցնելու է Ադրբեջանին մատակարարումների քանակը:
«Ակնհայտ է, որ մենք որոշակի դժգոհություն ունենք, և ռուսական կողմից այժմ հնչեցվում է, որ այդ մատակարարումների քանակները խիստ նվազելու են», ֊ մանրամասնեց փոխնախարարը:
Նախորդ օրերին ռուսաստանցի բարձրաստիճան երկու խորհրդարանականներ՝ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը և ստորին պալատի՝ Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Երևանում հայտարարեցին, որ ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան հրաժարվել է Բաքվին նախկինի նման մատակարարել սպառազինության մեծ ծավալներ, ինչպես նաև՝ 2016թ․ քառօրյա պատերազմից հետո Մոսկվան հետևություններ է արել՝ կապված Հարավային Կովկասում զինատեսակների հավասարակշռության խախտման հետ, և տրամադրել է Հայաստանին ամենաժամանակակից պաշտպանական միջոցներ:
Այդուհանդերձ, չնայած ապրիլյան պատերազմին և Հայաստանի իշխանությունների՝ բարձրագույն մակարդակով հնչեցրած հրապարակային բազմաթիվ դժգոհություններին, Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ Ադրբեջանին սպառազինություն մատակարարող թիվ մեկ երկիրը։ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI)` օրերս հրապարակած զեկույցի համաձայն, 2013-2017 թվականներին Ադրբեջանի ներմուծած ողջ սպառազինության 65 տոկոսը եղել է ռուսաստանյան: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի ներմուծած զենքի ընդամենը 2.5 տոկոսն է եղել Թուրքիայից: Փաստորեն, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը այդ տարիներին 26 անգամ ավելի շատ սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, քան Բաքվի ռազմավարական դաշնակից Թուրքիան:
Հայաստանի պաշտպանության փոխնախարարն այսօր միևնույն ժամանակ ընդգծեց՝ ռազմա-տեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը «բավականին արդյունավետ է», և Հայաստանին տրված ռուսաստանյան ռազմական առաջին վարկի՝ 200 միլիոն դոլարի շրջանակում մատակարարումներն ամբողջությամբ կատարվել են:
«Այն, ինչ նախատեսված էր առաջին վարկի շրջանակներում արդեն ամբողջությամբ մատակարարված է, և կա պայմանավորվածություն այդ աշխատանքը շարունակելու և դա մեր սպառազինության գնումների լուրջ մասն է կազմում», ֊ նշեց Փախչանյանը: ֊ «Մեկ խոսքով ասած՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը հիմա բավականին լավ ընթանում է»:
Անցած ամիս հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները ծանուցել է մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի կառավարությանը հնարավոր պատժամիջոցների մասին, եթե Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի հետ նշանակալի գործարքներ կնքվեն: Դավիթ Փախչանյանին այսօր խնդրեցինք արձագանքել:
«Իհարկե, պատժամիջոցները խնդիր են, բայց մենք ունենք մեր անվտանգությունը ապահովելու հարց և այդ հարցում մենք առաջին հերթին ելնելու ենք մեր շահերից», ֊ պատասխանեց նա:
Պաշտպանության փոխնախարարը նաև տեղեկացրեց՝ Հայաստանը ընդլայնում է ռազմա-տեխնիկական կապերը՝ համագործակցություն հաստատելով ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների հետ․ ֊ «Այլ երկրների հետ համագործակցում ենք և համագործակցելու ենք, մասնավորապես՝ վերջերս բավականին լավ կապեր են հաստատվում Սերբիայի հետ, որը բավականին զարգացած ռազմարդյունաբերություն ունի, Չինաստանը՝ ինքներդ նշեցիք: Կան կապեր և կա միտում այդ կապերը զարգացնելու»:
Այն որ Հայաստանը մտադիր է ընդլայնել իր ռազմատեխնիկական կապերը նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ վկայում է վաղը Երևանում մեկնարկող սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec–2018 միջազգային երկրորդ ցուցահանդեսը, որին, ինչպես նշեց Փախչանյանը, մասնակցելու են 14 երկրներից 30 ընկերություններ (այդ թվում՝ Գերմանիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Լեհաստանից, Չինաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Սերբիայից: Բացի այդ ներկա են լինելու 10 երկրների պետական բարձրաստիճան պատվիրակություններ:
Այս ամենին զուգահեռ, ըստ պաշտպանության փոխնախարարի, վերջին տարիներին Հայաստանի ռազմա-արդյունաբերական համալիրը զգալի հաջողությունների է հասել: ֊ «Մեր ուղղությունները, որոնք մենք համարում ենք կարևոր և արդեն տեսնում ենք, որ հաջողությունների ենք հասնում, դա էլեկտրոնիկայի հետ կապված ուղղություններն են, կապը, ռադիոլոկացիան, հետախուզության հետ կապված խնդիրներ, ռոբոտացված համակարգեր, այյդ թվում ԱԹՍ֊ներ, օպտիկա, լազերային տեխնիկա և այլն: Այդ ուղղություններում, միանշանակ, մենք ունենք հնարավորություններ և հիմնականում շեշտադրում ենք հայկական արտադրության սպառազինություն ունենալը այդ ոլորտում»: