Հուշարձանների պահպանության գործակալությունը ապօրինի է համարում Հայ առաքելական եկեղեցու գործողությունները՝ Լոռու մարզի Արդվի գյուղում գտնվող Հովհան Օձնեցու դամբարանի զանգակատունը վերականգնելու նպատակով:
Մշակույթի նախարարության կազմում գործող կառույցի պետը դիմել է Լոռու մարզի դատախազություն և բողոքել, որ հուշարձանը ոչ թե վերականգնվում, այլ քանդվում է։
Դատախազությունից «Ազատությանն» ասացին՝ արդեն քրեական գործ է հարուցվել և ուղարկվել Քննչական կոմիտե։
Հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն «Ազատությանն» ասաց՝ շինարարական աշխատանքների նախագիծն իրենց հետ չի համաձայնեցվել։
«Գործակալությունը համաձայնություն չի տվել, վերականգնումը չի ենթադրում քանդում և դամբարանը քանդվում է օրենքի խախտմամբ», - հայտարարեց Աբրոյանը:
Հայ առաքելական եկեղեցին Օձնեցու դամբարանի զանգակատունը վերականգնելու գործը վստահել է «Մ. Լամբարյան» ընկերությանը։ Ընկերության ղեկավար Մկրտիչ Լամբարյանը ցույց է տալիս հուշարձանների պահպանության գործակալության վերադասի՝ մշակույթի փոխնախարարի կողմից հաստատված շինարարական թույլտվությունը, ինչպես նաև նախարարության գիտամեթոդական խորհրդի կողմից հաստատված ճարտարապետական նախագիծն ու ասում՝ քանդված զանգակատունը նույնությամբ վերակառուցելու են։
«Ես նախագծի տառը պահում եմ», - հայտարարեց կառուցապատողը:
Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը նշում է. զանգակատունը վերականգնելու համար մեծ դժվարությամբ բարերար են գտել։ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին՝ Վահե Կարապետյանն այդ գործի համար հատկացրել է 42 հազար դոլարին համարժեք դրամ, մինչդեռ մշակույթի նախարարության ներսում առկա հակասությունների պատճառով խնդիրների առաջ են կանգնում․ - «Մշակույթի նախարարության այդ գործակալությունների միջև անախորժ մթնոլորտ է տիրում, և արդյունքում տուժվում են մեր հուշարձանների վերականգնման գործընթացները: Այդ գործակալությունը, որը կոչված է Հուշարձանների պահպանության գործակալություն, մշտապես խանգարել է, հատկապես մարզերում, հուշարձանների վերականգնման գործը»։
Դատախազություն բողոք ներկայացրած հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի 19 անդամներից մեկն է։ Նախարարությունից տեղեկացրին, որ խորհրդի նիստերին նա ներկայացրել է իր դիտողությունները, բայց ձայների մեծամասնությամբ նախագիծը հավանության է արժանացել և հաստատվել։ Մինչդեռ գործընկերների հետ չհամաձայնող Աբրոյանը, ով նաև վերականգնող ճարտարապետ է, պնդում է՝ իր բողոքը տանելու է մինչև վերջ, քանի որ, ըստ նրա, զանգակատան շինարարությունը տեղի է ունենում սխալ ընթացակարգով: Գործակալությունն անգամ տեղյակ չի եղել թույլտվության մասին, ասաց Աբրոյանը:
Նախկինում էլ, մի քանի անգամ եկեղեցիների վերականգնման շուրջ աղմուկ է առաջացել։ Մի դեպքում նախարարությունն անհամաձայնություն է ունեցել բարերարների, մեկ այլ դեպքում ճարտարապետի կամ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Գուգարաց թեմի առաջնորդը շեշտում է, որ խորհրդային տարիներին որպես պահեստներ ծառայած մեծ թվով եկեղեցիներ այսօր մշակույթի նախարարության տնօրինության տակ են, և տուրիզմի զարգացման ծրագրեր ունեցող Կառավարությանն ու եկեղեցիների պահպանության գործին կոչված կառույցներին հորդորում է չօգնելու դեպքում գոնե չխանգարել․ - «Եթե անցյալում այն պահպանվում էր Սովետների կողմից, ապա այժմ՝ անկախության շրջանում, ոչ մի եկեղեցու վրա մեր Հուշարձանների պահպանության վարչությունը ոչ մի լումա չի ծախսում, մեզ էլ թույլ չի տալիս, որ մենք վերանորոգենք և ոչ մի աջակցություն մենք թեմերում չենք ստանում այդ գործակալության կողմից: Այսինքն՝ ոչ պահպանում են, և ոչ էլ թույլ են տալիս մենք վերանորոգենք»: