Երևանցի Ասյա Խաչատրյանը, ով տարեսկզբին աշխատել է Լեռնային Ղարաբաղում, պնդում է՝ փետրվարին Ստեփանակերտի ոստիկանության աշխատակիցների կողմից հետապնդման է ենթարկվել։
«Փետրվարի 1-ին մենակ քայլում էի, ոստիկանությունը մոտեցավ, բա՝ մենակ աղջիկ, էս ժամին քայլում ես, մեր մոտ տենց չի», - «Ազատությանը» պատմեց Խաչատրյանը: ֊ «Ասում եմ՝ լավ, մոտենալու իմաստը ո՞րն է: Ասում է՝ բա դե պատերազմական երկիր է, մեր բոլոր քաղաքացիներին անգիր գիտենք, քեզ չենք ճանաչում, ուզում ենք հասկանանք ով ես»:
Արդեն փետրվարի 2-ին և 3-ին, Խաչատրյանի խոսքով, իրեն բերման են ենթարկել ոստիկանություն, հետո նաև ներխուժել են իր բնակարան, փորձել խուզարկել տունը։ Երիտասարդ աղջկա պնդմամբ՝ այդպես էլ չեն պարզաբանել, թե բերման ենթարկելու պատճառը որն է։ Ասում է՝ ոստիկանությունում ենթարկվել է բռնության, իրեն ծաղրուծանակի են ենթարկել և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։
«Մեկը գոռում է՝ հըլը սրա գալուբոյ մազերը, գալիս կողքով բրդում, ասում՝ աղջի, հըլը էն յան անցի: Ասում եմ՝ ես ի՞նչ եմ անում ստեղ, ի՞նչ է կատարվում: Երբ որ պետի մոտ գնացինք, կոպիտ ինչ-որ մի բան ասաց, ասացի՝ քաղաքացու հետ ըտենց չեն խոսում, խոսում են Դուք-ով: Սիգարեթի տուփը ճմրթեց, շպրտեց վրաս ու գոռաց ******* եղի, ու վրա տվեց: Իրեն պահեցին, ինձ քաշքշելով հանեցին դուրս: Ու երբ ես ասում էի՝ օրենք, իրենք ասում էին՝ «հա֊հա, օրենք․․․ օրենքդ կէթաս՝ Հայաստանումդ կանես, մի քիչ էլ լեզվիդ տաս՝ կտամ, կկպնես պատից: Երբ ասացի՝ առանց փաստաբանի բան չեմ խոսի, տեղից վեր կացավ, դոշերիցս հավաքեց, սկսեց թափ տալ, մի հատ էլ թեթև ապտակ․․․ ու այդ ժամանակ արդեն սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ժամանակ դուրս փախա սենյակից: Ես էլ նեվրոզ ունեմ, իմ մոտ սպազմ բռնեց, սկսեցի խեղդվել»:
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության հետ զրույցում ասաց՝ նախագահ Բակո Սահակյանը միջադեպի առնչությամբ հանձնարարականներ է տվել ոստիկանությանը։
«Միջադեպի մասին տեղեկացանք համացանցով, ոստիկանությանը համապատասխան հանձնարարականները տրվել են: Այդ հարցը ենթարկվելու է մանրակրկիտ քննության, և եթե այն, ինչ այդ աղջիկը ասում է, համապատասխանում է իրականությանը, եթե կա օրենքի խախտում, բնական է, որ համապատասխան պաշտոնյաները պետք է կրեն համապատասխան պատիժ», - նշեց Բաբայանը:
Լեռնային Ղարաբաղի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆելիքս Հարությունյանը, սակայն, հրաժարվեց դեպքի առնչությամբ որևէ մեկնաբանություն տալ:
«Կսպասենք՝ ստուգումների արդյունքները կլինեն, եթե բոլոր հանգամանքները կճշտվեն, արդեն այդ դեպքում համապատասխան ընթացք կտրվի», - ասաց Հարությունյանը:
Ասյա Խաչատրյանը նշում է նաև, որ միջադեպից հետո հեռախոսազրույց է ունեցել տեղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի հետ, ով էլ աղջկա պնդմամբ՝ առաջարկել է հարցը լուծել «ներքին կարգով», չդիմելով քննչական և դատական ատյաններ և լրատվամիջոցներին։ «Ազատության» հետ զրույցում օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն ասաց՝ ձևակերպումն այլ է եղել. - «Այն միտքն եմ արտահայտել, որ եթե ձեռքի տակ չլինեն փաստեր, ապա որևէ կերպ ես չեմ կարող արդյունավետ միջամտել և ասել եմ, որ հակառակ դեպքում ես կարող եմ ոչ պաշտոնապես միջամտել»:
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը կարծում է, որ տեղի իրավապահները գործել են փակ հասարակություններին հատուկ ոստիկանության գործելաոճով։ «Վերածնունդ» խմբակցության ղեկավարը հետադիմական է համարում ոստիկանների արձագանքը Խաչատրյանի մազերի գույնին: - «Կարծում եմ՝ դա հասարակությունից հետ մնալու սինդրոմ է, հասարակությունը փոխվում է, և ոստիկանությունը չի կարողանում համարժեք արձագանքել»:
Ասյա Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն, որն էլ գործն ուղարկել է ոստիկանություն։ Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ դատախազությունից նյութերը ստացել են, այլ տեղեկատվություն չեն կարող փոխանցել:
Հարցին, թե ինչո՞ւ հիմա բարձրաձայնեց խնդրի մասին, Ասյա Խաչատրյանը պատասխանեց՝ երկարատև հիվանդությունն էր պատճառը, ինչպես նաև չի կողմնորոշվել, թե ում պետք է դիմել․ - «Իրենք սովոր են անպատժելիությանը, ու շատ հանգիստ էին, երբ որ ասում էի՝ ես կգնամ ու իմ օրենքը Հայաստանումս կանեմ, ոնց որ դուք եք ասում: Հանգիստ էին, որովհետև երևի չէին մտածում, որ 19 տարեկան աղջկան ինչ-որ մեկը կհավատա կամ որ անցավ գլուխս կդնեմ ցավի տակ»: