Մատչելիության հղումներ

Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները հակադիր գնահատականներ են տալիս Սերժ Սարգսյանի գործունեությանը


Երկու շաբաթից Սերժ Սարգսյանն ավարտում է իր նախագահության երկրորդ ժամկետը:

Իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ Սերժ Սարգսյանի իշխանության տասը տարիները թեև բարդ էին, սակայն Հայաստանի համար դա զարգացման շրջան էր․ - «Դա զարգացման և ժողովրդավարության զարգացման տարիներ էին: Սերժ Սարգսյանի քաղաքական ձեռքբերումները շատ են: Դա սահմանադրական բարեփոխումներն էր, դա հանդուրժողականության մթնոլորտն էր, դա ժողովրդավարության արժեքների զարգացումն էր, դա Հայաստանը արտաքին քաղաքական գործոն դարձնելն էր և անվտանգության ամրապնդումն էր: Թերություններ եղե՞լ են: Իհարկե կլինեն թերություններ: Թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք»:

Շարմազանովն ասաց, թե թերացումները կնշեն քննադատողները, ինքը ձեռեբրումներն է թվարկում՝ շեշտելով, որ 2008-ին, երբ Սերժ Սարգսյանը ստանձնում էր իշխանությունը, ներքաղաքական վիճակը լարված էր, կար բևեռացում, անհանդուրժողականություն, այժմ այդ իրավիճակը հարթված է․ - «Պարոն նախագահին հաջողվեց վերացնել այդ բևեռվածությունը: Նա իր հանդուժողականությամբ ապացուցեց, որ ինքը ոչ միայն իր ընտրած քաղաքացիների, կամ իր սատարած քաղաքական ուժի նախագահն է, այլ բոլոր քաղաքացիների նախագահն է»:

Արտաքին քաղաքական դաշտում, ըստ Շարմազանովի, խոշոր ձեռքբերումներ են եղել․ Ցեղասպանությունը մի քանի եվրոպական երկրներ ճանաչել են, Հայաստանը կարողացել է թե՚ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցել, թե՚ Եվրամիության հետ համագործակցության համաձայնագիրը ստորագրել: Թուրքիայի հետ սկսել է գործընթաց, որից հետո միջազգային հանրության առջև ոչ թե Հայաստանն է նախապայմաններ առաջ քաշողը, այլ Թուրքիան:

«Հայաստանը վեր է ածվել տարածաշրջանային գործոնի: Ոչ թե գործիքի, այլ գործոնի», - հայտարարեց Շարմազանովը:

Վերջին տասը տարիների ընթացքում, նրա խոսքով, իրավիճակը տարածաշրջանում շատ է փոխվել՝ բազմաթիվ հակամարտություններ են ծագել, ցնցումներ են տեղի եւնեցել, սակայն Հայաստանը կարողացել է խուսափել լուրջ ցնցումներից․ - «Լինի դա ուսանողական շարժում, լինի դա «Էլեկտրիկ Երևան», լինի դա «Սասնա ծռեր»․․․ ամեն մեկը չէր կարողանա ունենալ այդքան մեծ համբերություն, և երկու շաբաթ, երբ որ Հայաստանում շատ ծանր իրավիճակ էր, կային բարձրաստիճան ոստիկաններ կամ քաղաքացիական անձեր, ովքեր որ գտնվում էին պատանդառության մեջ․․․ Եվ ունենալ էդքան համբերություն, կրակելու հրաման չտալ և բանակցությունների միջոցով, առանց արյունի էդ խնդիրը լուծել»:

Ի պատասխան դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ հնչեցված խոշոր նախագծերի խոստումները չեն իրականացվել, աղքատությունը չի կրճատվել, փոխարենն ավելացել է արտագաղթը, նվազել է Հայաստանի տնտեսությունը, պետական պարտքը մի քանի անգամ աճել է՝ Էդուարդ Շարմանովը հիշեցրեց, որ վերջին տասը տարում աշխարհում բազմաթիվ ցնցումներ են եղել, ֆինանսական ճգնաժամ և նոր պատերազմներ տարածաշրջանում, լարվել են գերտերությունների հարաբերությունները․ - «Այսօր տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական ակտիվություն և ամենաբարձր տնտեսական աճ ունեցող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է: 7.5 տոկոսով ենք փակել տարին: Հիմա ավելի բարձր աճ է նկատվում․․․ Հանրությունը զգում է թե չի զգում՝ երևում ա ընտրություններով: Հայաստանը Նովգորոդի վեչեն չի, որ ով բարձր գոռա, նա էլ ճիշտ լինի: Մենք ապրում ենք ժողովրդավարական հասարակարգում, որտեղ ընտրությունների միջոցով է երևում՝ հանրությունը վստահո՞ւմ է, թե՞ չի վստահում․․․ Ընտրությունները փաստում են, որ Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ: Այս խնդիրներով հանդերձ՝ հանրությունը վստահում է Սերժ Սարգսյանին և նրա ղեկավարած թիմին»:

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը կարծում է, որ Հայաստանը վերջին տասը տարիներին ձախողվել է բոլոր ոլորտներում: Սակայն ամենացավալի և ամենամեծ կորուստը Արամ մանուկյանը արտագաղթն է համարում․ - «Հայաստանի քաղաքացու ոչնչացման տասը տարի: Երբ քաղաքացին այլևս չունի հույս, հավատ, որ ինքը կարող է իր երկրում հարց լուծել: Ինքը անպաշտպան է, ինքը ժողովրդավար երկրի զավակ չէ, և ընտրել է դուրս գալու ճանապարհը, դրսում իրա ճակատագիրը տնօրինելու ճանապարհը»:

Արամ Մանուկյանը պաշտոնական վիճակագրութունն է մեջբերում․ տնտեսությունը չի աճել, պետական պարտքը մի քանի անգամ ավելացել է, չնայած պակասել է Հայաստանի բնակչությունը՝ աղքատության ցուցանիշը չի նվազել․ - «Չկա բացարձակ ներդրում․ ներդրումները պակասել են մոտավորապես 30 անգամ էս ընթացքում: Պարտքերը նույն ընթացքում մեծացել են 4-4.5 անգամ: Եվ էդ պարտքերը հասել են այն աստիճանի, որ մի քանի տարի հետո Հայաստանի ամբողջ հարստության մոտավորապես մեկ երրորդը մենք պետք է արդեն պարտք փակելուն տանք: Այսինքն՝ դու էլ զարգացման բյուջե մոռացիր: Էսքան գահավիժել, և հավասարաչափ, անընդհատ գահավիժել․․․ Պաշտոնական թվերն եմ միայն հրապարակում․ վերջին տարիների ընթացքում Հայաստանից արտագնա աշխատանքի գնացել է մինչև 250 հազար մարդ: 250 հազար մարդ նշանակում է, որ իրենք կերակրում են մեկ միլիոն բնակիչ: Եվ էստեղ ուզում եմ հարցնել Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերին, էսօրվա պառլամենտի էդ գիգանտներին՝ ո՞վ եք դուք, ինչի՞ համար եք դուք, եթե Հայաստանի քաղաքացին՝ 250 հազար ամեն տարի, գնում է ուրիշ տեղ փող աշխատում, էդ փողը բերում է իրա երեխայի կոշիկն ու վարձը տալիս, և իրա բարեկամներին, ծնողներին էլ պահում ա այստեղ»:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ ձախողում է գրանցվել նաև արտաքին քաղաքականության ոլորտում․ Հայաստանը ոչ միայն չի վերածվել տարածաշրջանային գործչի, այլև դուրս է մնացել բոլոր խոշոր նախագծերից․ - «Իշխանությունների՝ «հանճարեղ» դիվանագիտական քաղաքականություն իրականացնելու արդյունքում մեր չորս կից հարևանները իրար հետ ռազմաստրատեգիական, բարեկամական տնտեսական հարաբերություններ են ստեղծում՝ փաստաթղթային, մենք մնացել ենք մեջտեղ՝ որպես դատարկ տարածք, անկլավ, փուչ, դատարկ տարածք, որը ոչ մի հեռանկարային զարգացման կապ չունի հարևանների հետ: Սա Սերժ Սարգսյանի դիվանագիտության արդյունքն է: Եվ իրենց դիվանագիտությունից մնացել է միայն հայհոյելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG