Մատչելիության հղումներ

«Արտավազդը» հատուկ մրցանակ է սահմանել Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին


1996 թվականից ի վեր մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Երևանում անցկացվում է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբախշությունը, որն այս անգամ նվիրված է անվանի ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:

Այս մրցանակաբախշությանը մասնակցում են թե՛ մայրաքաղաքային, թե՛ մարզային թատրոնները:

Այս տարի մրցանակներ կհանձնվեն 10 անվանակարգերում: Մրցանակակիների անունները կազդարարվեն այս երեկո Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հանդիսավոր երեկոյի ընթացքում:

Այս տարի երկու հատուկ մրցանակ կհանձնվի՝ թատերարվեստին մատուցած ծառայություների համար և Ալեքսանդր Գրիգորյանի անվան:

Ուշագրավ է, որ մրցանակաբախշությունն այս տարի միայն մայրաքաղաքում չէ, որ կկայանա: Մարտի 29-ին այն կշարունակվի նաև Գորիսի պետական դրամատիկական թատրունում:

«Արտավազդ - 2018»-ին ներկայացված են եղել 2 տասնյակից ավելի բեմադրություններ տարբեր անվանակարգերում: Երկրորդ փուլ են անցել դրանց մի մասը միայն: Օրինակ՝ «Լավագույն բեմադրություն» անվանակարգում երկրորդ փուլում մնացել են հինգը՝ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի «Լիներ կամքի ուժ․ Ամպրոպ» ներկայացումը, Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի «Ռևիզոր» ներկայացումը, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմադրած «Սալոմե»-ն, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի «Անունը» խորագրով ներկայացումը և Երևանի կամերային պետական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետը»:

Իհարկե, այլ անվանակարգերում ներառված են նաև բազմաթիվ այլ ներկայացումներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անվանի ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, անդրադառնալով մերօրյա հայ թատրոնի խնդիրներին, շեշտում էր, որ թեև օրը տոնական է, բայց չի կարելի չանդրադառնալ նաև թատրոնի այսօրվա պրոբլեմներին:

Հայ թատրոնի համար ամենակարևորը, նրա խոսքով, ժամանակից հետ չմնալն է․ - «Հիմա մի քիչ հետ ենք մնացել աշխարհի անցուդարձից: Ես նկատել եմ, ինչ ներկայացում ուզում ա լինի, ինչ ֆիլմ ուզում ա լինի, ծափահարում են․․․ Ախր երբ որ գնահատականները դառնում ես էսպես ամորֆ ինչ-որ ձևով իրար նման, չի կարող արվեստը բարձրանալ, որովհետև ամեն ինչ արդեն ընդունվում է հավասարաչափ: Եթե հանդիսատեսը իր կոնկրետ վերաբերմունքը և ճաշակը թելադրի, մարդիկ կսկսեն անհանգստանալ՝ էս ի՞նչ եմ ստեղծում: Էսօր թատերաքննադատություն չկա, հանդիսատեսը ամեն ինչին լավ ծափ ա տալիս․․․ ապրում ենք էլի, լավ ա էլի»:

Երկու անգամ «Արտավազդ» մրցանակի արժանացած Նիկոլայ Ծատուրյանը բացարձակ անհիմն է համարում այսօր կառավարության կողմից թատրոնին պարտադրվող «մեծ կրճատումները»․ - «Հենց մեր Գյումրիի թատրոնը մեծ խումբ չի, երեսունչորս հոգի են: Էդ էլ ասում են՝ կրճատեք, հանեք․․․ Է հա, հետո՞․․․ Երկրորդը, եթե դու ուզում ես ինչ-որ բեմադրություն անել, ուրեմն պետք է տան պետպատվեր: Պետպատվերը, ինչ ուզում ես բեմադրի, մեկուկես-երկուսուկես միլիոն ա․․․ Կարող է ես մեծ, ծավալուն բեմադրություն եմ անում: Եթե տալիս են․ բավական բարդ ա դա ստանալը»:

«Չեք զգացել, որ մեր երկրում արդեն խոսալը ոչ մի բան չի փոխում», - ասաց դերասան Լևոն Հարությունյանը: - «Ո՞նց անենք, ի՞նչ անենք․․․ Իրանք շատ լավ գիտեն ոնց անեն, ինչ անեն, որ էս թատրոնի հերը անիծեն․․․»

«Ասում են՝ սրա վերջը ի՞նչ ա լինելու», - գործընկերոջ խոսքը շարունակեց Նիկոլայ Ծատուրյանը: - «Հիմա, շատ ներողություն, թատրոնների վերջը չի․․․ Ինձ մտահոգում ա՝ Հայաստանի՞ վերջը ինչ ա լինելու: Էս հսկայական արտագաղթի դեպքում․․․ Թատրոն հասկացողության մեջ թե՛ քաղաքականության կա, թե՛ տնտեսական, թե սոցիալական․․․ բոլոր հարցերը կան»:

Լևոն Հարությունյանը․ - «Սա առանձին չի լինի, սա պիտի միասին արվի: Մեկս մյուսի հետ կապված ենք։ Եթե էսօր հայը գնում ա երկրից, իմ հանդիսատեսն ա քչանում: Էս հայրենիքը պըտի շողուլի բերվի․․․ Պիտի սկսենք երկիր սարքել: Հենց երկիրը հանկարծ սարքվեց, արդեն ամեն ճյուղն էլ կաշխատի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG