Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը «որևէ իրավասություն չունի Հայաստանի տարածքում»


Դանիել Իոաննիսյանը «Ազատության» ստուդիայում:
Դանիել Իոաննիսյանը «Ազատության» ստուդիայում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի պնդմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պաշտպանության և ռազմական համագործակցության ոլորտի պայմանագրերում ոչինչ չկա Երևանում և Գյումրիում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ տեղակայելու մասին:

Իոաննիսյանը դեռ 2015 թվականին պաշտոնական հարցմամբ Հայաստանի Կառավարությունից ստացել էր բոլոր 5 պայմանագրերի պատճենները։

«Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը որևէ իրավասություն Հայաստանի Հանրապետության տարածքում չունի: Այսինքն, Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը նույնքան իրավասություն ունի, որքան, չգիտեմ, Սենեգալի ռազմական ոստիկանությունը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում շատ քիչ են հետաքրքրված, թե ինչ է գրված միջպետական պայմանագրերում: Եվ սա արդեն մենք մի անգամ շատ հստակ տեսել ենք 2015 թվականին Պերմյակովի դեպքերի ժամանակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իոաննիսյանը:

«Ազատությունը» Պաշտպանության նախարարությունից տեղեկացավ, որ, ինչպես նշել են երեկ, այժմ աշխատում են իրավական կարգավորումներ ստեղծելու ուղղությամբ, քանի որ առանց դրա ռուս ռազմական ոստիկանների տեղակայումը Հայաստանում անհնար կլինի:

Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ավելացնելու ոչինչ չունեն։

Մինչդեռ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի կարծիքով, ոչ միայն Պաշտպանության նախարարությունը պետք է պարզեր, թե ինչու է ռուսական կողմն առանց պայմանավորվածության ռազմական ոստիկանություն Հայաստան բերելու մասին հայտարարություն արել, այլև ավելին, արտգործնախարարությունը պետք է բողոքի նոտա հղեր ռուսական կողմին․ - «Իրական արժեքներ ունեցող ու սեփական անկախությունը հարգող երկրի պարագայում էդ երկրի արտգործնախարարությունը պիտի նոտա ներկայացներ Ռուսաստանին․․․ Նախ, էդ պիտի քննարկվի: Երկրորդ, մեր երկրում պիտի լինի համապատասխան օրենսդրական դաշտ, այսինքն՝ մեր օրենսդրական դաշտը պիտի համապատասխանեցվի դրան: Որից հետո նոր կարող են իրանք գալ: Պիտի հետաքրքրվեմ դրանով, պիտի տեսնեմ, թե աշխարհի էլ որ երկրում է, որ օտարերկրյա ռազմական ոստիկանություն է գործում, և ինչպիսի օրենքներով է գործում»:

Արամ Սարգսյան
Արամ Սարգսյան

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, «Ելք» խմբակցությունը հետևելու է Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ տեղակայելու գործընթացին, կպարզեն նրանց հնարվոր լիազորությունների շրջանակը, քանակը և այլն․ - «Իսկ մինչև այդ էդ հայտարարությունը վիրավորական եմ համարում Հայաստանի Հանրապետության համար: Ու համարում եմ, որ դա դեմ է մեր անկախությանը: Այլ երկրի զինվորի ներկայությունը իմ երկրում իմ համար միշտ մտահոգիչ է եղել: Լավ երկրները դրա կարիքը չեն ունենում»:

Հաշվի առնելով, որ ռուսական կողմն արդեն ժամկետ է նշել, թե երբ ռազմական ոստիկանները կսկսեն աշխատել Երևանում՝ Դանիել Իոաննիսյանը մտավախություն ունի, որ հնարավոր է նախ ռազմական ոստիկանները գան Հայաստան, դրանից հետո միայն երկու կողմերը փոստ ֆակտում պայմանագիր ստորագրեն․ - «Ես տեսականորեն չեմ բացառում, որովհետև մենք 2015 թվականին և ոչ միայն 2015 թվականին արդեն տեսանք, թե որքանով են այս պայմանագրերը հարգված ռուսական կողմից, և որքանով է հայկական կողմը ջանքեր գործադրում, որ ռուսական կողմը հարգի այս պայմանագրերը: Այս ժամկետներում իրենց, հստակ երևում է, որ մտադիր են արտեսել պայմանագրերի պահանջները»:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ռուսաստանյան ռազմական ոստիկանները զինված կլինեն ստանդարտ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, ինչպես նաև հատուկ միջոցներով։

Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգողի կարծիքով, Հայաստանի պաշտպանության նախարարությունը առաջիկայում նաև պետք է բացի փակագծերը, թե ինչ ասել է ռազմական տեխնիկա կամ հատուկ միջոցներ․ - «Ենթադրում եմ, որ խոսքը ոստիկանական հատուկ միջոցների մասին է: Դրանք տարբեր են լինում, և այստեղ էլ է հարց առաջանում՝ այդ հատուկ միջոցները ընդամենը ձեռնաշղթանե՞ր են, թե՞ ավելի լայն հատուկ միջոցներ են: Եթե այդ ռազմական տեխնիկան զրահապատ է, ապա այստեղ խնդիր է առաջանում նաև 1995 թվի պայմանագրի առումով՝ ռազմաբազային տեղակայման, որով նաև Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրով, որոնցով սահմանափակված է, որ ռուսական ռուսական ռազմակայանը այստեղ կարող է ունենալ մինչև 160 միավոր զրահապատ տեխնիկա»:

XS
SM
MD
LG