Մատչելիության հղումներ

«Իշխանությունը փողոցում ընկած չէ, և ոչ էլ արկղ է, որ գնա, վերցնի»


Իշխող Հանրապետականն ու Դաշնակցությունը հակադարձում են փողոցային պայքարի պատրաստվող Նիկոլ Փաշինյանին՝ «իշխանությունը փողոցում ընկած չէ և ոչ էլ արկղ է, որ գնա ու վերցնի»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի 3֊րդ ժամկետի, տվյալ դեպքում վարչապետի պաշտոնում վերարտադրվելու դեմ պայքար նախաձեռնած Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ասել էր, որ ապրիլի 9 ֊ին, երբ Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի լիազորությունները, ստեղծվելու է մի ժամանակահատված, որն իշխանափոխության հասնելու համար շատ նպաստավոր է լինելու:

«Էն քաղաքական պրոցեսները, երբ մենք նախատեսել ենք էդ քաղաքական պրոցեսները, էդ ժամանակ Սերժ Սարգսյանը չի ունենալու ոչ մի պաշտոն, այսինքն՝ Ոստիկանության և ԱԱԾ-ի վրա առնվազն ֆորմալ հրամանատարի կարգավիճակ չի ունենալու: Եվ երկրորդը՝ Կառավարություն չի լինելու: Այսինքն, կոպիտ ասած, էդ մի շաբաթվա ընթացքում իշխանափոխությունը հրապարակում գցած է լինելու, և եթե պարզվի՝ կա ժողովուրդ, որ պատրաստ է և գնալ վերցնել էդ իշխանությունը, ինքը կգնա և կվերցնի», - ասել էր Փաշինյանը:

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մինչդեռ, շեշտում է՝ Հայաստանն այդ ընթացքում առանց ղեկավարի չի մնա, այդ պարտականություններն իր վրա կվերցնի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Ես դրան հումորով եմ վերաբերվում, իշխանությունը դա մի արկղ չէ, որ գնան և վերցնեն: Իշխանությունը վերցնելու համար հիմքեր են պետք, և դա կլինի մեկ շաբաթ, թե մեկ ամիս՝ Ազգային ժողովի նախագահը կփոխարինի որպես երկրի գլուխ այդ ընթացքում, և ինձ թվում է, որ այդտեղ որևէ արտառոց բան չկա», - հայտարարեց Բաղդասարյանը: - «Մենք շատ դեպքեր ենք ունեցել, որ Հանրապետության նախագահը նաև եղել է գործուղման մեջ, կամ արձակուրդում է եղել: Այդ ժամանակ էլ են նրան փոխարինել»:

Իշխանական կոալիցիայի մաս կազմող Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հեգնում է՝ գուցե Նիկոլ Փաշինյանը գնա փողոց, բայց այդպես էլ իշխանությունը չգտնի: Դաշնակցական պատգամավորը նշում է՝ թող փորձեն, բայց նման պայքարի արդյունավետության ոչ միայն հիմքեր չի տեսնում, այլև ռեսուրս։

«Փողոցում ընկած է իշխանությունը․․․ թող փորձեն վերցնել, ի՞նչ ասեմ: Բնականաբար այդ ժամանակաշրջանում իշխանությունը փողոցում ընկած չի լինելու, յուրաքանչյուր պետական մարմին, համակարգ իր գործառույթն է իրականացնելու: Ես համաձայն չեմ պարոն Փաշինյանի այդ ձևակերպման հետ, որովհետև փողոցում ընկած լինելն էլ մի քիչ հարաբերական է: Ո՞ր փողոցում, կարող է գնան էն փողոցները, որտեղ ընկած չլինեն և չգտնեն», - նշեց Վարդանյանը:

Նկատենք՝ չնայած Ազատության հրապարակում հանրահավաքային պայքարի պատրաստվող Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հայտարարել է, որ իրենց պայքարը լինելու է մերկ ձեռքերի պայքար, և անգամ հնարավոր բռնությանը բռնությամբ չեն պատասխանելու, սակայն խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը զգուշացրեց՝ թույլ չեն տալու, որ զենքի ուժով ներքաղաքական իրավիճակը ապակայունացնեն․ - «Ինչ մնում է ինչ-որ զինված, ագրեսորական վերաբերմունքներով, որը հակասում է օրենքին՝ բնականաբար նման տիպի երևույթներ չեն կարող մեր երկրում տեղի ունենալ, մենք թույլ չենք տա, որ ներքաղաքական իրավիճակը քայքայելու, ինչ֊որ մարդկանց նեղ նպատակներ իրականացնելու համար զենքի ուժով կարողանան մեր ներքաղաքական իրավիճակը քայքայել և մեր երկիրը իր բնականոն հունից հետ գցել, դա բացառված երևույթ է»:

Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ իր հերթին զգուշացրեց՝ այն ուժերը, որոնք կփորձեն զենքի միջոցով հարց լուծել՝ մնալու են լուսանցքում․ - «Այս փոփոխությունների, այս բարեփոխումների, այս անցման փուլում հատկապես ծայրահեղության, հակասահմանադրական պայքարի որևէ կոչ, որևէ նախաձեռնություն ուղղակի դատապարտելի է մեր կողմից: Չի կարող երկրում լինել փոփոխություն զինված պայքարով, արյունով: Սա մոռացեք: Եվ բոլոր այն ուժերը, որոնք այս պայքարի կողմնակիցն են, նրանք մարգինալ են մնալու և չեն կարող դերակատար լինել»:

Նշենք, որ «Ելք» դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ապրիլից փողոցային պայքար է սկսելու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը վարչապետի պաշտոնում կանխելու համար: Ինչպես Նիկոլ Փաշինյանն է նշում, «14+4» անվանումը ստացած իրենց գործողությունների ճանապարհային քարտեզը կհրապարակեն այս շաբաթ՝ մարտի 31֊ին: Ընդդիմադիր «Ելք»֊ի մյուս անդամները՝ Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» ու Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» համաձայն չեն Փաշինյանի առաջարկած պայքարի տարբերակին: Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում շեշտել էր՝ այս շաբաթ «Ելք»֊ի գործընկերներին կներկայացնի իրենց ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը, քանի որ նրանք պետք է նախապես տեղեկացված լինեն իրենց գործողությունների մասին՝ անկախ հետագա իրադարձություններից: ֊ «Երբ որ էն պահը գա, երբ որ պարզվի, որ «Ելք» դաշինքի երկու գործընկեր կուսակցությունների գործողություններն են այն վճռական գործոնը, որոնք պետք է հարցն այս կողմ կամ այն կողմ վճռեն, ես որևէ կասկած չունեմ, որ մեր գործընկերները կանեն իրենցից կախված առավելագույնը՝ պրոցեսները ժողովրդավարության, օրինականության հուն տեղափոխելու համար», ֊ նշել էր Փաշինյանը:

Մինչդեռ, «Ելք» ֊ի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գյորգիսյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ևս մեկ անգամ վերահաստատեց ՝ Նիկոլ Փաշինյանի գործողություններին իրենք չեն միանալու․ ֊ «Այն ճանապարհային քարտեզը, որը մեզ ներկայացվել է ժամանակին, որը հետագայում փոփոխությունների է ենթարկվել և դրանից մենք դեռևս տեղյակ չենք, մենք այս պահի դրությամբ չենք պատրաստվում միանալ»:

Գևորգ Գորգիսյանը շեշտեց՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի առաջարկած ճանապարհային քարտեզի, իրենք անձերի դեմ պայքարը անընդունելի են համարում․ պետք են համակարգային փոփոխություններ․ ֊ «Այսինքն, մենք նույնպես մեր ճանապարհային քարտեզն ենք ներկայացրել՝ ինչ պետք է անենք, նույնպես փողոցային ինչ֊որ տարրեր էր իր մեջ պարունակում, բայց անձի դեմ չէր մերը, մեր թեկնածուին և ծրագրերին սատարելու միջոցառումներ էր ենթադրում: Նույն կոնցեպտը ուներ նաև Հանրապետություն կուսակցության ներկայացրած ճանապարհային քարտեզը, այստեղից և տարաձայնությունները»:

Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» կուսակցությունը ներկայացնող պատգամավորի համոզմամբ, երբեք հանպատրաստից իշխանություն գրավելը հաջողությամբ չի պսակվել: Իրենք նման մտավախություններ ունեին նաև Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզի վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG