Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Խորապես ցնցված եմ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի լուրից, որը մարդկանց մահվան պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում: Ողբերգական այս ծանր պահին խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ ցավակցական հեռագիր էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Կեմերովոյում հրդեհի զոհերի թիվը հասել է 53-ի: