Մատչելիության հղումներ

«Մերժիր Սերժին» կարգախոսով բողոքի ակցիա Երևանում


«Մերժիր Սերժին» կարգախոսով այսօր մի խումբ քաղաքացիներ ու նախաձեռնություններ նստացույց իրականացրեցին ու փակեցին Երևանի Մաշտոցի պողոտան ու Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։

Քաղաքացիների պահանջը մեկն է՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու։ Սարգսյանի կառավարման տասը տարիներին Հայաստանը բոլոր ոլորտներում հետընթաց է արձանագրել, հայտարարում էին ցույցի մասնակիցները. - «Տաս տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է շուրջ 400 հազար քաղաքացի, աղքատության մակարդակը աճել է 2 տոկոսով, երկրի արտաքին պարտքը ավելացել է 5 միլիարդով, մենք կորցրել ենք ավելի քան 800 հեկտար տարածք»:

Ընդհանուր մոտ 20 րոպե տևած նստացույցից բացի, ցուցարարները երթով շրջեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, հասան իշխող Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակ ու անգամ պաստառներ փակցրեցին մուտքի դռանն ու պատերին:

«Մերժի՛ր Սերժին, մերժի՛ր Սերժին, ո՛չ, Սերժին ասում ենք` ո՛չ», - վանկարկում էին նրանք:

Բողոքի բոլոր այս գործողությունները ցուցարարներն այսօր իրականացրեցին առանց ոստիկանության խոչընդոտների, ավելին՝ մոտ 2.5 ժամ տևած ակցիային անգամ մեկ համազգեստավոր ոստիկան չկար։

Քաղաքացիական այս նախաձեռնությանը մաս են կազմում հիմնականում երիտասարդները, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ակտիվիստներ։ Ապրիլի 9-ին, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի որպես նախագահ պաշտոնավարման ժամկետը, խորհրդարանական խմբակցությունները 7-օրյա ժամկետում վարչապետի թեկնածուներ են առաջադրելու, ընտրությունը կկայանա վերջնաժամկետի հաջորդ օրը՝ պատգամավորների բաց քվեարկությամբ։

Թեև հանրապետականները հայտարարում են, որ դեռ իրենց թեկնածուի հարցը չեն քննարկել, այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցները վստահ են՝ վարչապետ դառնալու է Սերժ Սարգսյանը, որը նոր Սահմանադրության համաձայն առնվազն մինչև 2022 թվականը փաստացի կշարունակի ղեկավարել երկիրը։

Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ փողոցային պայքարի ծրագրային քարտեզ է մշակել նաև ընդդիմադիր «Ելք» դաշինքին մաս կազմող՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր նույնպես մասնակցում էր երթին։

«Ակնհայտ է, որ էս մարդիկ հերիք չի՝ բռնել են իշխանությունը, ուզուրպացրել են և տարիներ շարունակ ընտրություններով չեն զիջում՝ վերջում արդեն կաշառելով և մարդկանց հանցակից դարձնելով, բայց հիմա էլ արդեն՝ երրորդ ժամկետ... Լրիվ Հայաստանի խանական, ասիական պետության վերածելու, ադրբեջանացման պրոցես է, և մարդիկ, և ես՝ այդ թվում, շատ արդարացի պահանջ են բարձրացնում՝ էդ մարդը չպիտի երրորդ ժամկետով ղեկավարի Հայաստանը: Եվ առհասարակ՝ ոչ ոք չպետք է հավակնի երրորդ ժամկետով Հայաստանը ղեկավարելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց հայտարարեց Միրզոյանը:

Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ փողոցային պայքար է սկսել նաև մի շարք արտախորհրդարանական կուսակցությունների միավորած «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ Նախաձեռնության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես երթի շարքերում էր։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ քաղաքացիների պահանջը տրամաբանական է։ Մարտիրոսյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի դեմ պայքարող նախաձեռնությունները կարող են հանդես գալ մեկ միասնական ճակատով։

«Հաշվի առնելով, որ անվտանգության տեսանկյունից՝ 800 հեկտար հող է իր իշխանության տարիներին կորցվել Արցախում, և էդ 20 հազարը՝ Հայաստանի տարածքն ընդամենը առաջ են տվել դիրքերը, ուրիշ բան չկա, ուստի և էդ ամենը հաշվի առնելով՝ և՛ քաղաքական է, և՛ տրամաբանական է երիտասարդների այսօրվա կազմակերպած ակցիան, որին ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եկել և մասնակցում եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

Այսօրվա ակցիան ավարտվեց Ազատության հրապարակում:

«Մերժիր Սերժին» կարգախոսով բողոքի հաջորդ երթը տեղի կունենա ապրիլի 9-ին, մինչ այդ հանրահավաքներ ու երթեր կանցկացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հանուն Հայաստան պետության» ճակատը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG