Մատչելիության հղումներ

Սահմանափակվում է լրագրողները մուտքը Երևանի ավագանու նիստերի դահլիճ


Երևանի ավագանու նիստերը լուսաբանող լրագրողներն այսուհետ դահլիճում կարող են ներկա լինել միայն քաղաքապետի կամ նիստը վարողի թույլտվությամբ:

Ավագանու նիստերը կլինեն ուղիղ հեռարձակմամբ, իսկ լրագրողները դրանց կարող են հետևել իրենց համար նախատեսված հատուկ սենյակից, որտեղ կունենան նաև ձայնագրելու տեխնիկական հնարավորություններ:

Համապատասխան օրենքում Կառավարության ներկայացրած փոփոխություններն այսօր Ազգային ժողովն ընդունեց երկրորդ ըներցմամբ և ամբողջությամբ: Փոփոխությունները ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ասելով, որ խորհրդարանում արդեն այդ կարգն է գործում՝ լրագրողները նիստին հետևում են մեդիա սենյակից․ - «Մենք իրենց չենք խանգարում, իրենք մեզ չեն խանգարում: Նույն դրույթը ամրագրվում է Երևանի ավագանու նիստերի համար»:

Այս փոփոխությունը ներառված է Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի փաթեթում:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ միտումնավոր կերպով իրար հետ կապ չունեցող նախագծեր են բերվում խորհրդարան՝ խցկելով նաև Երևանի ավագանու լուսաբանմանն ուղղված փոփոխությունները, որպեսզի պատգամավորները չհասցնեն ամբողջը կարդալ ու արձագանքել:

Մարուքյանը սա համարեց լրագրողերի իրավունքները սահմանափակող որոշում․ - «Ընդհանրապես էս պրակտիկան, որ ներառվում են մեծ փաթեթում իրար հետ կապ չունեցող նախագծեր և բերվում խորհրդարան, որ պատգամավորները չհասցնեն կարդալ և խորանալ, սա ուղղակի դատապարտելի պրակտիկա է: Այս օրենքով վերախմբագրվում է «Երևանի մասին» օրենքը, որով ավագանու անդամը հնարավորություն ուներ իր հայտով մարդ հրավիրել, և այդ մարդը կարող էր նիստին մասնակցել»:

Մարուքյանին հակադարձեցին Կառավարության առաջարկն Ազգային ժողովում ներկայացնող Արդարադատության նախարարն ու խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի հետ կապված ու փաթեթում ներառված նախագծին, դա որևէ կապ չունի Կառավարության կառուցվածքի հետ, դա կապված է Երևանի քաղաքապետարանում կատարված վերջին դեպքերին: Եվ դուք էդ նախագծի փաթեթում բերում եք նաև լրագրողների իրավունքները սահմանափակելու մի նոր փաթեթ: Արագ, արտահերթով անցնի գնա»:

Էդմոն Մարուքյանին հակադարձեցին Կառավարության առաջարկն Ազգային ժողովում ներկայացնող Արդարդադատության նախարար Դավիթ Հարությունյանն ու խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

«Իրականում ժողովրդավարությունը ամենևին չի նշանակում ամենաթողություն: Այն, որ ավագանու յուրաքանչյուր անդամ կարող է ցանկացած մարդու հրավիրել ավագանու նիստին, ինձ թվում է, դա ամենևին ժողովրդավարության մասին չի խոսում: Եթե որևէ մեկը հետաքրքրված է, թե ինչ է տեղի ունենում այդ նիստում, ապահովված է ոչ միայն լրագրողների համար ուղիղ հեռարձակումը, այլ ողջ հանրության համար», - ասաց Դավիթ Հարությունյանը:

«Այսինքն, մենք երկրի պառլամենտում հրապարակայնության սենց մոդել ենք դրել, նույն մոդելն էլ առաջարկում են Երևանի պառլամենտում: Այստեղ ի՞նչն ա տարօրինակ», - նշեց Գևորգ Կոստանյանը:

Ուշագրավ է, որ առաջին ընթերցմամբ քննարկմանը ավագանուն նիստերը լուսաբանելուն վերաբերող կետը փաթեթում չի եղել, այն ավելացվել է միայն երկրորդ ընթերցումից առաջ:

Օրենքի ընդունման հենց այս գործընթացն են հակաժողովրդավարական որակում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն ու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Առաջինից երկրորդ ընթերցման արանքում այդ 3-4 տողանոց օրենսդրական նախաձեռնությունը դառնում է 2 էջանոց լուրջ կարգավորում, որով լիովին փորձ է արվում սահմանափակել լրատվամիջոցների, լրագրողների մուտքը ավագանու նիստերին: Սա անընդունելի է․․․ Սա անհամատեղելի է ժողովրդավարության հետ», - ասաց Դոյդոյանը:

«Այս օրենքով ամբողջ ընթացակարգն է հակաժողովրդավարական, որովհետև մի բան առաջին ընթերցմամբ է ներկայացված եղել, և առանց որևէ հանրային քննարկման, լրիվ այլ օրենք է ընդունվում: Այդ հապճեպությունը և շտապ ընդունելը ուղղակի որևէ հիմնավորում չունի: Եվ սա նույնպես խոսում է նրա մասին, որ օրենքը իշխանությունները հարմարեցնում են իրենց և ոչ թե հանրային շահերին», - նշեց Մելիքյանը:

Հիշեցնենք, ավագանու նիստերը փակ դռների հետևում անցկացնելու մասին խոսակցություններն սկսվեցին այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները նուբարաշենցիների խնդիրը բարձրաձայնելու համար կոյուղաջրով տարաներ էին տարել ավագանու նիստերի դահլիճ ու փորձել դրանք մոտեցնել Տարոն Մարգարյանի սեղանին: Դրան հաջորդեց «Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ բռնությունը, երբ ավագանու ՀՀԿ-ական անդամները սկսեցին քաշքշել և ապտակել նրան:

Այս միջադեպից մի քանի օր անց քաղաքապետարանում խոչընդոտվեց «Ազատության» և «Ա1+»-ի լրագրողների աշխատանքը, ինչից հետո Տարոն Մարգարյանը կարգադրեց վերանայել քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքի կարգը:

Դոյդոյանը հիշեցրեց, որ ժամանակին հենց Արդարդատության նախարար Դավիթ Հարությունյանն էր անթույլատրելի համարել Կառավարության նիստերն ավագանու նիստերի հետ համեմատելը՝ ընդգծելով, որ ավագանու նիստերն ավելի շատ նման են օրենսդիր մարմնի, քան գործադիրի նիստերին: Իսկ այսօր փաստորեն որոշում են՝ նիստերի դահլիճում կլինի այն լրագրողը, ում թույլ կտա նիստը վարողը կամ քաղաքապետը:

«Սա նշանակում է՝ գրեթե երբեք», - նշեց Շուշան Դոյդոյանը: - «Լրիվ նրանց կամքից կախված է լինում լրագրողի ներկայությունը»:

Աշոտ Մելիքյանը հավելեց․ - «Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանին քննադատող լրագրողը կամ լրատվամիջոցը տեղ չի ունենա այդտեղ, յուրայիններին միայն թույլ կտան»:

Դոյդոյանը նաև ասաց, որ նախկինում լրագրողը դահլիճում կարող էր նկատել, թե բանախոսի ելույթի ընթացքում ինչով են զբաղված նիստի մյուս անդամները: Իսկ ուղիղ հեռարձակման դեպքում տեսախցիկն ուղղված է լինելու միայն բանախոսի վրա, դահլիճի մյուս հատվածները տեսանելի չեն լինելու: Ուստի, նրա պնդմամբ, լրագրողն այլևս կարող է չգնալ քաղաքապետարան, այլ հենց գրասենյակից հետևել ուղիղ եթերին․ - «Ի տարբերություն Ազգային ժողովի, որտեղ այնպես է հարմարեցված կահավորումը, որ լրատվամիջոցները ապակեպատ տարածքից իրենց սեփական աչքերով են հետևում այն ամենին, ինչ տեղի է ունենում նիստերի դահլիճում: Այստեղ նիստերը տեղի են ունենալու հինգերորդ հարկում, իսկ սենյակը նախատեսվում է առաջին հարկում»:

Աշոտ Մելիքյանի կարծիքով, իշխանությունները որոշել են փակ գործել ու ժողովրդավարության բաղադրիչները քայլ առ քայլ ոչնչացնել:

XS
SM
MD
LG