Մատչելիության հղումներ

Կառավարության կառուցվածքի վերաբերյալ ընդդիմության առաջարկները մերժվել են


Կառավարության կառուցվածքին վերաբերող օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցման կդրվի առանց ընդդիմադիր «Ելք»-ի սկզբունքային առաջարկները հաշվի առնելու:

Սպրիլի 9-ից հետո Հայաստանը արդեն ամբողջությամբ անցում կկատարի խորհրդարանական համակարգի: Առաջին ընթերցմամբ արդեն ընդունված, այսօր էլ դրական եզրակացությամբ երկրորդ ընթերցման ուղարկված օրենսդրական ծավալուն փաթեթով սահմանվում է, թե ինչ կառուցվածք և այլ մարմինների հետ ինչ փոխհարաբերություններ պետք է ունենա գործադիրը:

Փաթեթի ամենավիճահարույց կետերն էին՝ Կառավարության նիստերը պատգամավորների և մամուլի համար փակելը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա դարձնելն ու առաջին փոխվարչապետի պաշտոնը, որը, ընդդիմադիր «Ելք»-ի կարծիքով, հակասում է Սահմանադրությանը։

Նախագիծը պետաիրավական հանձնաժողովում ներկայացնող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, «Ելք»-ը այս կետերի շուրջ առաջարկներ էր ներկայացրել, սակայն դրանք չեն ընդունվել․ - «Եղել են առաջարկություններ, որոնք ընդունվել են: Մասնավորապես վերաբերում տեսչական մարմինների միասնական կայքի ստեղծմանը»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասում է, որ իրենց առաջարկները բխում են խորհրդարանական պետության տրամաբանությունից, որտեղ ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովը պետք է ուժեղ վերահսկողական գործառույթներ ունենա, սակայն այս պարագայում ամեն ինչ կենտրոնացվում է վարչապետի ենթակայության ներքո․ - «Ոստիկանություն, ԱԱԾ, Պետական եկամուտների կոմիտե, վարչապետի վերահսկողական ծառայություն․․․ այն ամենը, ինչ որ խորհրդարանական վերահսկողությունից դուրս է եղել այս տարիների ընթացքում, որը քննադատվել է մեր կողմից, որը սահմանադրական բարեփոխումների ժամանակ ասվել է, որ պետք է ետ բերվի և ներառվի․․․ Հիմա այս օրենքներով իրենք ապացուցում են, որ երկրում որևէ բան էս իմաստով նույնպես չի փոխվելու: Սա նշանակում է, որ երկրում ոչ մի բան չի փոխվելու․․․ Պառլամենտը որևէ վերահսկողական ֆունկցիա այս իրավիճակում չունի, անգամ Ոստիկանության ղեկավարությանը հարց չի կարող տալ: ԱԱԾ-ի ղեկավարությանը հարց չի կարող տալ»:

Այժմ Կառավարության կազմում միայն մեկ փոխվարչապետի փոխարեն նոր Կառավարության կազմում, ըստ օրենքի նախագծի, կլինեն երեքը, որոնցից մեկը կկոչվի առաջին փոխվարչապետ:

«Ելք»-ը պնդում է, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը հակասում է 2015 թվականին ընդունված սահմանադրությանը, որի համաձայն Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետերից և նախարարներից: Առաջին փոխվարչապետի մասին Սահմանադրության մեջ խոսք չկա:

Մարուքյանը պնդում է, թե այս պաշտոնը ստեղծվում է մայր օրենքի խախտումով՝ հատուկ վարչապետ Կարեն Կարապետյանի համար․ - «Որ նա ունենա այլ ստատուս, քան մյուս երկու փոխվարչապետները՝ եթե կլինեն»:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հակադարձում է, թե առաջին փոխվարչապետի կարգավիճակը օրենքով սահմանելը չի հակասում Սահմանադրությանը և ընդունված է շատ այլ երկրներում․ - «Էդ մնացած երկրները, որ կան, նրանք ի՞նչ է էլի կոնկրետ մարդու համա՞ր են ստեղծել․․․ Չեմ կարծում․․․ Մենք հիմա նախարար ունենք, նախարարը ունի առաջին տեղակալ և ունի սովորական տեղակալներ: Ինչի՞ էդ հարցը չեք տալիս»:

Ուշագրավ է, որ ապագա Կառավարությունում կպահպանվեն բոլոր նախարարությունները, բացի Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունից, որը գլխավորում է փոխվարչապետ Վաչե Գաբրելյանը, և որը ստեղծվել է ընդամենը 4 տարի առաջ:

2005 թվականի սահմանադրությունը Հառավարությունում առանձին փոխվարչապետի պաշտոն չէր նախատեսում․ փոխվարչապետ կարող էր դառնալ միայն նախարարներից մեկը, և Վաչե Գաբրիելյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Կառավարության աշխատակազմի ղեկավարի, վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնները, 2014-ին դառնում է փոխվարչապետ՝ գլխավորելով նաև նորաստեղծ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը:

2015 թվականին ընդունված սահմանադրությունն արդեն փոխվարչապետերի պաշտոնը չի կապում նախարարությունների հետ, և ապագա Կառավարությունում Վաչե Գաբրիելյանը կարող է փոխվարչապետ լինել առանց նախարար լինելու:

Հարցին, թե արդյո՞ք ինքը նոր Կառավարությունում նույնպես փոխվարչապետ է լինելու, Գաբրիելյանն արձագանքեց․ - «Ես չեմ բացառում: Միևնույն ժամանակ, չեմ կարող ասել, որ այդպիսի որոշում կա»:

Իսկ հարցին, թե որդյոք ստացվում է, որ Հայաստանում նախարարությունները ստեղծվում ու լուծարվում են կոնկրետ պաշտոնյաների համար, Գաբրիելյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ որևէ անձի համար նախարարություն չի ստեղծվում: Այդ խնդիրը, ինչպես նշեցի, ինտեգրման փուլում կարևոր էր: Հիմա՝ արդեն որոշակի կարգավորված մեխանիզմների առկայության դեպքում դրա անհրաժեշտությունը չկա»:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան․ - «Սա չի նշանակում, որ մեզ մոտ կորչում է այդ լիազորությունը, կամ այդ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, կամ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը: Ուղղակի դրանք վերաբաշխման են ենթարկվում․ մասամբ փոխանցվում են որոշակի նախարարությունների, մասամբ՝ փոխվարչապետին, մասամբ՝ վարչապետին․․․ Եվ ես չեմ բացառում, որ Կառավարության կառուցվածքում փոփոխություններ դեռ տեղի ունենան հետագայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG