Բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» կենտրոնի նախաձեռնությամբ ամռանը Գյումրիում կբացվի Հայաստանում առաջին ներառական հացի փուռը և սրճարանը։ Ծրագրի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի ստեղծումն է:
Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում գործող կենտրոնում հացի փռի ու սրճարանի ապագա աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է՝ խոհարարություն ու հաց թխել են սովորում: 20-ամյա Միքայել Սահակյանը, ով դաունի սինդրոմ ունի, արդեն մի քանի տեսակի հաց է կարողանում թխել։ Ասում է՝ իր թխածը շատ համով է: Միքայելը մի երազանք ունի՝ «մեծ վարպետ կուզեմ եղնիմ, փող աշխատիմ, մի 100 հազար․․․»:
«Էմիլի արեգակի» խոհարար Անահիտ Ավդալյանը հենց առաջին օրվանից է նկատել, որ Միքայելին հետաքրքրում է հաց թխելու պրոցեսը։ Տիկին Անահիտը վստահ է, որ երիտասարդը կկարողանա ինքնուրույն հացի փուռ աշխատեցել: «Ես իր մեջ նկատեցի հացթուխին, իրեն հենց առաջին օրը շատ հետաքրքրեց խմորը, մոտեցավ, ձեռք տվեց, շատ հարցեր տվեց: Ինքը կարող է, բայց իհարկե՝ վերահսկողությունը պետք է»,- ասաց Անահիտ Ավդալյանը: Կենտրոնի շահառուներից է նաև 20-ամյա Վարդուհի Հովհաննիսյանը, ով մանկական ուղեղային կաթված է տարել։ Նա էլ հիմնականում աղցաններ է պատրաստում, բանջարեղեն մաքրում։
Այս ծրագրի հիմնական նպատակը չափահաս դարձած հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատաշուկայում տեղ գտնելն է։ Ներառական հացի փուռ և սրճարան աշխատեցնելու ծրագիրն առաջին սոցիալական բիզնես-հնարավորությունն է հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար, ասում է արդեն 2,5 տարի գործող «Էմիլի Արեգակ» կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանն ու հավելում․ «Բիզնես՝ սոցիալական նպատակով, մենք այսպես ենք ասում»:
«Ներառական հացի փուռ ու սրճարան» ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորելու է Եվրամիությունը՝ տրամադրելով շուրջ 300 հազար եվրո: