Մատչելիության հղումներ

Վոլոկոլամսկի զայրացած բնակիչները շարունակում են բողոքել, պահանջելով փակել «թունավոր աղբավայրը»


Վոլոկոլամսկցիները պահանջում են փակել «թունավոր աղբավայրը», 21-ը մարտի, 2018 թ․
Վոլոկոլամսկցիները պահանջում են փակել «թունավոր աղբավայրը», 21-ը մարտի, 2018 թ․

Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկ քաղաքի ակտիվիստներն իրենց պայքարը չեն ավարտել, նրանք տեղի իշխանությունների հետ համաձայնեցրել են քաղաքի ադմինիստրացիայի շենքի մոտ մարտի 24-ին և 25-ին պիկետներ անցկացնելու հարցը:

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Վոլոկոլամսկում երեք տասնյակ երեխաներ գազային թունավորմամբ տեղափոխվել էին հիվանդանոց, ինչը հարուցել էր տեղի բնակիչների զայրույթն ու պաշտոնյաների հետ բախման պատճառ դարձել։

Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին հիվանդանոցի մոտ և ձնագնդիներով հարվածել Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովին։ Վորոբյովն այսօր հայտարարել է, թե առաջիկա հունիսից զանգվածային թունավորման պատճառ դարձած աղբանոցն այլևս չի գործի, իսկ մինչ այդ՝ քաղաքի բնակչությունը «պետք է դիմանա»։ Նահանգապետն առաջարկել է երեխաներին տեղափոխել Մոսկվայի մարզի տարբեր հանգստյան տներ, որտեղ նրանք կարող են մնալ մինչև հունիս։

Երեկ քաղաքի զայրացած բնակիչները շրջապատման մեջ էին առել նաև Վոլոկոլամսկի շրջանի ղեկավար Եվգենի Գավրիլովին, ով այցելել էր հիվանդանոց։ Մարդիկ փորձել են հարձակվել վերջինիս վրա, նույնիսկ պատռել են նրա վերարկուն, սակայն Գավրիլովը թիկնապահների օգնությամբ հեռացել է հիվանդանոցի շենքից:

Այդ միջադեպի, ինչպես նաև դրան առնչվող վերջին իրադարձությունների մասին պատմող տեսանյութերը երեկ մեծ արագությամբ տարածվել են ռուսական ինտերնետ-տարածքում, մինչդեռ դաշնային հեռուստաընկերությունները որևէ ձևով դրանց չեն անդրադաձել։ «Առաջին ալիքն» ու НТВ- ն Վոլոկոլամսկի իրադարձությունների մասին ոչինչ չեն պատմել, իսկ «Ռոսիան» հեռարձակել է միայն նահանգապետ Վորոբյովի հետ հարցարզրույցը:

Վոլոկոլմասկում արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ բնակիչները բողոքում են գարշահոտի ու թունավոր գազերի տարածման դեմ: Հանրահավաքներ են կազմակերպվում «Յադրովո» աղբանոցը փակելու պահանջով, սակայն ապարդյուն: Նույնիսկ նախագահի նախկին թեկնածու Քսենիա Սոբչակն է այցելել Վոլոկոլամսկ ու խոստացել՝ ջանքեր կգործադրի, որ իշխանությունները փակեն աղբանոցը, սակայն ոչինչ չի արվել:

Իսկ երեկ աղբանոցի գազերից թունավորված բազմաթիվ երեխաներ են հայտնվել հիվանդանոցում: Ընդ որում՝ բժիշկները բոլորի պարագայում մրսածություն են ախտորոշել: Այսօր արդեն Քննաչական կոմիտե են կանչվել երեկվա ակտիվիստները։

Մարտի 7-ին Վոլոկոլամսկի իշխանություններն արտակարգ դրություն էին հայտարարել՝ տեղի աղբավայրից նորման 2-2,35 անգամ գերազանցող քանակությամբ թունավոր գազերի արտահոսքի պատճառով: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսոկվն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինին պարբերաբար զեկուցում են «Յադրովո» աղբանոցի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, քննարկվում են խնդրի կարգավորման տարբերակներ: Հարցին՝ փակվելու՞ է արդյոք այդ աղբանոցը, Պեսկովը հստակ պատասխան չի տվել: Միայն ասել է, թե աշխատում են խնդրի կարգավորման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG