«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի և մյուսների գործով օրերս հրապարակված դատավճիռն իրավապաշտպան Արթուր Սաքունցն «իրավական պետության ոչնչացմանն ուղղված հերթական քայլ» է որակում։
Իրավապաշտպանի համոզմամբ, փաստական հիմնավորում չկար նման մեղադրանք առաջադրելու և առհասարակ քրեական հետապնդում սկսելու Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ։
«Սկսած դեռևս 2015 թվականի ապրիլի 24-ի միջոցառումներին նախորդած ժամանակահատվածից առաջ, երբ որ նրանց նկատմամբ քրեական գործ հարուցեցին իբր թե զանգվածային անկարգությունների կազմակերպման մտադրության հիման վրա, որից հետո Գևորգ Սաֆարյանին ազատազրկեցին հերթական շինծու մեղադրանքով, որ իբր ոստիկան է հարվածել, բայց չկարողացան հանդուրժել, որ Գևորգ Սաֆարյանը գոնե մեկ օր հայտնվի ազատության մեջ, քանի որ նախորդ քրեական գործով արդեն պատժվել էր: Այս որոշումներն իրենց էությամբ հենց կոչվում են քաղաքական հաշվեհարդար», - ասաց Սաքունցը՝ պնդելով. - «Սեֆիլյանին ազատազրկելու ժամկետը որոշված էր ի սկզբանե, երբ որ նրան կալանավորեցին իբր ավտովթարի ընթացքում բացահայտված իրերի պատճառով»։
Մարտի 20-ին, հիշեցնենք, դատարանը Սեֆիլյանին դատապարտեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման:
Դատավորն ամբողջությամբ ապացուցված համարեց, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:
Մեղադրող դատախազը Սեֆիլյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում` որպես ապացույց վկայակոչելով, օրինակ, «տարաբնույթ սադրիչ ելույթները, կոչերը», որոնցով մարդկանց տրամադրել է «իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված զանգվածային անկարգությունների»:
Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման: Դատավորը, սակայն, հաշվարկեց մեկ այլ՝ «տոնածառի» գործով Սաֆարյանի արդեն կրած երկու տարվա պատժաչափը: Այսինքն՝ այսօր Գևորգ Սաֆարյանն, ըստ էության, դատապարտվեց 3.5 տարվա ազատազրկման:
Այս գործով անցնող մյուս մեղադրյալներ Սասունիկ Կիրակոսյանը և Ներսես Պողոսյանը դատապարտվեցին 3.5-ական, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանն էլ՝ 3-ական տարվա ազատազրկման:
Ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման պատժի արժանացավ մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանը: Նա միակն է, որ դատարանում Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել և փաստորեն ընդամենը երկու ամսից ազատ կարձակվի: