Մատչելիության հղումներ

«ՀՔԾ-ն փորձում է ոստիկաններին ազատել «Սասնա ծռերին» ծեծելու պատասխանատվությունից»


Տասն ամիս առաջ դատարանի նկուղում, իրենց պնդմամբ, ծեծի ենթարկված «Սասնա ծռերի» 4 անդամների փաստաբանները պնդում են, որ նախաքննությունը փորձում է բռնություն կիրառած ոստիկաններին ազատել պատասխանատվությունից՝ մեղքը գցելով հենց զինված խմբի անդամների վրա։

Միայնակ Գայլ մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ քննիչի որոշմամբ նոր դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որով քննիչը փորձագետին հարց է տվել՝ արդյո՞ք հնարավոր է, որ ստացված վնասվածքները ոստիկանների կողմից հասցված չլինեին․ - «Փորձագետը եթե նման պատասխան չտվեց, դա նշանակում է, որ այս անձինք օդից վնասվածքներ են ստացել․․․ Քննիչը այսօր հարցադրում է կատարում, որին կա՛մ փորձագետը չի կարող պատասխանել, կա՚մ պիտի միայն դրական պատասխանի, և արդյունքում պարզվի, որ տուժող Խանդոյան Արայիկը նաև մեղադրյալ Խանդոյան Արայիկ է, և ինքը իրեն խոշտանգման է ենթարկել»:

Պապիկյանը հիշեցնում է դեպքին հաջորդած ոստիկանության հայտարարության մասին, որտեղ նշվել էր, որ զինված խմբի անդամները անհնազանդություն են ցուցաբերել ոստիկանների նկատմամբ, վիրավորել նրանց, և անհնազանդությունը խափանելու նպատակով կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ։

Իրավապահներն անգամ փորձում են ոստիկանների կողմից համաչափ ուժի կիրառման վարկածը հերքել՝ առաջ տանելով այն վարկածը, որ զինված խմբի անդամները իրենք իրենց են վնասել՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով ճաղավանդակներին․ - «Քննիչը ցանկանում է ստեղծել այնպիսի իրավիճակ, որով հիմնավորվի ոստիկանների զեկուցագրերում նշվածը այն մասին, որ այս տղաները վնասվածքներ ստացել են խցի պատերին և դռանը իրենք իրենց հարվածելու հետևանքով»:

Անցած տարվա հունիսի 28-ին՝ դատական նիստի օրը, երբ ոստիկանները ուժի գործադրմամբ մեղադրյալներին դուրս էին տարել դահլիճից, ժամեր անց փաստաբանները տեսակցել էին նրանց: «Սասնա ծռեր» խմբի չորս անդամներ՝ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը և Մխիթար Ավետիսյանը պատմել էին դատարանի նկուղում դաժան ծեծի մասին: Նրանք այս գործով տուժող են ճանաչվել:

Մոտ տասն ամիս է, ինչ իրավապահները փորձում են պարզել, թե ովքեր դատարանի նկուղում բռնության ենթարկեցին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» 4 անդամներին։ Անգամ հստակեցված չէ կասկածյալների շրջանակը։ Փաստաբանները պնդում են, թե իրավապահները փորձում են կոծկել գործը:

«Բռնության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական գործողություններ», - «Ազատությանը» փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Պապիկյանը «Ազատության» հետ զրույցում տարակուսում է՝ փակ տարածքում է՝ դատարանի նկուղում, որտեղ միայն ոստիկաններն ու մեղադրյալներն էին, մի քանի ժամը բավարար էր եղելությունը պարզելու համար։ Նա հիշեցնում է, որ զինված խմբի անդամները որպես ծեծի կազմակերպիչ հենց սկզբից մատնանշել էին ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանին, ով անգամ կասկածյալի կարգավիճակ չունի այս գործում․ - «Առնվազն գոնե նրանց որոշակի կարգավիճակ պետք է տրվեր: Անհնար է, բացառվում է, որ այդ անձը տեղյակ չլիներ»:

Դատարանի նկուղում բռնության մասին ահազանգած «Սասնա ծռերի» մեկ այլ անդամի՝ Գագիկ Եղիազարյանի պաշտպանները ևս համոզված են, որ գործը կոծկվում է և որևէ ոստիկանի չեն պատժի։

Փաստաբան Դավիթ Գյուրջյանն ասաց, որ իրենք ևս տեղեկացված են նոր փորձաքննության մասին, ինչը, իրենց կարծիքով, գործը ձգձգելու նպատակ ունի:

Փաստաբանը բողոքում է՝ անցած ամիսների ընթացքում անգամ առերեսումներ չեն կատարվել։ Ասաց, որ բռնության մասին իրենք դիմում են ուղարկել Եվրոպական դատարան․ - «Այս բոլոր հակասական հանգամանքների կապակցությամբ պետք է կատարվեին բազմաթիվ առերեսումներ բոլոր այն ոստիկանների հետ, ով այս կամ այն հակասական տվյալը հայտնել է»:

Այս գործով տուժող ճանաչված զինված խմբի մեկ այլ անդամ Արեգ Կյուրեղյանը հրաժարվում է հարցաքննությունից և քննչական գործողություններից։

Նրա փաստաբան Մուշեղ Շուշանյանը համոզված է, որ գործը կարճելու են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG