Իրանի իշխանությունները հարվածի տակ են դնում՝ «պադստավկա են անում» Հայաստանի իշխանություններին, Հայաստանի Հանրապետությունը, երբ ամեն անգամ հայտարարում են, թե պատրաստ են ռուսաստանյան գազից էժան գազ վաճառել Երևանին, սակայն հետո հրաժարվում են այդ խոսքից: Այսօր այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Միհրան Հակոբյանը:
«Ոչ միայն գործող դեսպանը, նաև ԻԻՀ նախորդ դեսպանը տեսեք ինչ է անում՝ դաշտ է նետում մեսիջ, որ մենք կարող ենք շահավետ պայմաններով գազ մատակարարել: Բայց էդ մարդկանց ասում ես՝ ռուսական գազից 1 ցենտով պակաս կմատակարարե՞ք, Հայաստանի սահման կհասցնե՞ք այդ գազը, ստանում ես բացասական պատասխան:
Սա Իրանի տարածաշրջանային քաղաքականության մի բաղկացուցիչ մասն է: Կոպիտ, ասած, այսպես՝ ժողովրդական խոսքով ասած՝ պադստավկա են անում Հայաստանի իշխանություններին և Հայաստան պետությանը՝ իրենց տարածաշրջանայն քաղաքական բաղադրիչներից ելնելով»,- հայտարարեց հանրապետական պատգամավորը:
Պաշտոնական Երևանն ու Թեհրանը ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս հայտարարություններով, որոնցում նշում են, թե բանակցում են իրանական գազի գնման շուրջ, սակայն արդեն երկար տարիներ այդ գործընթացը մեռյալ կետից առաջ չի շարժվում:
2013թ․ դեկտեմբերին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան կատարած պետական այցի արդյունքում Հայաստանի իշխանությունները ռուսաստանյան մոնոպոլիստին՝ «Գազպրոմին» վաճառեցին «Հայռուսգազարդում» (ներկայումս այդ ընկերությունը կոչվում է «Գազպրոմ Արմենիա») Հայաստանին պատկանող բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը, և «Գազպրոմը» դարձավ հայաստանյան ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը:
Հայաստանում այդ ժամանակ Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին այդ գործարքից չորս օր անց՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում գազի գինը․ «Գուցե մի երկիր ինչ-որ մի այլ երկրի 1000 խմ գազը վաճառի 400 դոլարով, բայց մեկ այլ երկրի ցանկանա նույնքան գազը վաճառել 100 դոլարով»,- ասել էր Ռեյիսին:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում վերստին հայտարարեց՝ Ռուսաստանն այսօր էլ ամենից էժան գազն է առաջարկում Հայաստանին: «Օդանավակայանից եմ եկել, վերադարձել եմ Թուրքմենստանից: Այդ քննարկումները մշտապես գնացել են, շարունակվում են և միշտ շարունակվելու են: Որևէ տեղաշարժ այս պահին չեմ կարող արձանագրել, որովհետև մեզ առաջարկվող գները մրցունակ չեն այսօր մեր ստացած գազի գների համեմատ»,- ասաց Աշոտ Մանուկյանը:
Նախարարին արձագանքեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․ «Այն, թե ինչու է կառավարությունն անվճար տրամադրում մեր խողովակաշարը «Գազպրոմին», էստեղ շատ հստակ է՝ որովհետև վարչապետը «Գազպրոմի» նախկին աշխատող է, շահերի բախում կա, բա էլ ի՞նչ պետք է աներ:
Մյուս հանգամանքը՝ կառավարությունը հայտարարում է, որ իրանական գազն ավելի էժան չէ, քան ռուսականը: Ես էլ ասում եմ, որ մենք չենք հավատում կառավարության նման հայտարարություններին, որովհետև էստեղ կոնկրետ շահերի խնդիր կա, և այն համակարգը, որը ձևավորված է Հայաստանում, այդ համակարգի մարդիկ թույլ չեն տալիս, որ այն քանդվի, փոփոխվի, որովհետև այդ համակարգի մեջ կա էդ «լևի» գազերի պատմությունը, դրանով մարդիկ միլիոնատերեր են դարձել»,- ասաց Էդմոն Մարուքյանը: