Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը պաշտոնական նամակներով կդիմի Ստամբուլի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, ինչպես նաև պաշտոնական այլ կառույցների՝ «Եվա» ֆիլմը Ստամբուլի կինոփառատոնի ցուցադրությունից հանելու պատճառների մասին պարզաբանում ներկայացնելու պահանջով։
«Ես դժգոհ եմ այս վիճակից և չեմ կարող սրան որպես լուր կամ սովորական բան վերաբերվել։ Ֆիլմն արվեստ է, և արվեստի բնագավառում արգելափակումներն ու սահմանափակումներն ինձ համար բոլորովին հանդուրժելի չեն։ Համոզված եմ, որ քաղաքական հարթակն ու արվեստի հարթակներն այն հարթակներն են, որ երբեք իրար հետ չեն կարող առնչվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց ռեժիսորը։
Հարցին, թե արդյո՞ք դիմել է Հայաստանի պետական պատկան կառույցներին, Անահիտ Աբադը պատասխանեց. - «Բանավոր գիտեմ, որ Իրանի արտգործնախարարությանը Թուրքիայի կողմից ևս ճնշում եղել է, նրանք արձագանքել են դրան, կոնկրետ չեմ կարող հիմա ձեզ մանրամասնություններ ասել, բայց Հայաստանի իշխանության կողմից դեռ ոչ մի կեցվածքի կամ արձագանքի ականատես չեմ եղել։ Ես փորձեցի մշակույթի նախարարին զանգահարեմ, պատգամ եմ տվել իրեն՝ հենց անմիջապես ֆիլմի արգելափակման պահից հետո, ցավոք, դեռ արձագանք չեմ ստացել, և դեռ չկա Հայաստանի պետական պաշտոնական վերաբերմունքը»։
Նշենք, որ «Եվա»-ն հայ-իրանական համատեղ արտադրության գեղարվեստական ֆիլմ է: Անցյալ տարի սեպտեմբերի վերջերին ֆիլմի պրեմիերան կայացել է Հայաստանում։
Պրոդյուսերը և օպերատորները իրանցի են, սցենարի հեղինակն ու ռեժիսորը Անահիտ Աբադն է, գլխավոր դերում՝ Նարինե Գրիգորյանը։ Ըստ գլխավոր դերակատարի, ռեժիսորը ֆիլմում փորձել է հայ մարդու կյանքը ցույց տալ։
Ստամբուլի կինոփառատոնի հաստատված ծրագրում ֆիլմը պետք է ցուցադրվեր մարտի 17-ին, սակայն Ադրբեջանի կառավարությունը բողոքի դիմում էր ուղարկել Թուրքիայի արտգործնախարարությանը և նույնիսկ անձամբ արտգործնախարարին՝ պահանջելով ֆիլմը հանել ցուցադրությունից։ Ադրբեջանի այս պահանջը Թուրքիան բավարարել է։
Ըստ ադրբեջանական կողմի առարկությունների, ֆիլմում տպավորություն է ստեղծված, թե Ղարաբաղը հայկական տարածք է:
Անահիտ Աբադի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.