Ռուսաստանում փակվելու վտանգի տակ է հայտնվել հաղորդակցությունների Telegram ընկերությունը:
Մարտի 20-ին Գերագույն դատարանը մերժեց Telegram-ի հայցը ընդդեմ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ):
ԱԴԾ-ը պահանջել էր Telegram-ի տվյալների բազա մուտք գործելու կոդերը, որպեսզի հետևի բաժանորդների հաղորդագրություններին: Telegram-ը ԱԴԾ-ի պահանջը մերժել էր, դա անօրինական է համարում, քանի որ բաժանորդների անձնական տվյալները օրենքով պաշտպանված են: ԱԴԾ-ը դատարանում պնդել էր, որ բաժանորդների հաղորդագրությունները անձնական տվյալներ չեն: Գերագույն դատարանը վճիռ կայացրեց հօգուտ ԱԴԾ-ի:
Այդ վճռի հրապարակումից անմիջապես հետո, նույն օրը, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտը վերահսկող դաշնային ծառայությունը՝ «Ռոսկոմնադզոր»-ը 15 օր ժամանակ է տվել Telegram-ին՝ մուտքի կոդերը ԱԴԾ-ին հայտնելու համար: Եթե ընկերությունը այդ պահանջը չկատարի, հիմա էլ «Ռոսկոմնադզոր»-ը կարող է սպառնալ դիմել դատարան՝ պահանջելով Ռուսաստանում արգելափակել Telegram-ը:
Ընկերության համահիմնադիր Պավել Դուրովը, ով հեռացել է Ռուսաստանից և հիմա դրսում է ապրում, Twitter-ի իր էջում գրել է, որ Telegram-ը մուտքի կոդերը չի տրամադրի ԱԴԾ-ին: «Telegram-ը կպաշտպանի ազատությունը և անձնական տվյալների անձեռնմխելիությունը», - գրել է նա:
Ընկերության փաստաբան Ռամիլ Ախմետգալիևը ասել է, որ բաժանորդների հաղորդակցությունների գաղտնիության պաշտպանությունը ընկերության պարտականությունն է:
2013 թվականին Պավել Դուրովի և նրա եղբոր կողմից հիմնադրված Telegram հավելվածը մոտավորապես 100 միլիոն օգտատեր ունի: Անցյալ տարի ԱԴԾ-ը զգուշացրել էր, թե նա խախտում է հակաահաբեկչական օրենքի պահանջները՝ անվտանգության ծառայություններին թույլ չտալով հետևել բաժանորդների հաղորդագրություններին:
Դուրովն ասել է, թե իշխանությունները իր վրա ճնշում են գործադրում «Յարովայա» կոչված վիճահարույց օրենքի պահանջները կատարելու համար: Նա այդ օրենքը հակասահմանադրական է համարում, իսկ իրավապաշտպան խմբերը այդ օրենքի պահանջները «հրեշավոր» են կոչել՝ պնդելով, որ այդ դրույթներով խախտվում է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, և դրանք կարող են օգտագործվել այլախոհներին ճնշելու համար:
Telegram-ի շուրջ իրավիճակի հետագա զարգացումները ցույց կտան, թե Վլադիմիր Պուտինի վերընտրվելուց հետո Ռուսաստանի կառավարությունը արդյոք քայլեր է կատարում ինտերնետի ազատությունը երկրում սահմանափակելու ուղղությամբ:
Կրեմլին քննադատողները սոցցանցերը օգտագործում են իրենց խոսքը տեղ հասցնելու համար՝ հաղորդագրություններ են ուղարկում հակակառավարական հաջորդ հանրահավաքների մասին, հրապարակում են կոռուպցիոն նյութեր Պուտինի, նրա մերձավորների կամ Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների մասին: