Մատչելիության հղումներ

Խորհրդարանը մերժեց «Մարտ 1»-ի վերաբերյալ «Ելք»-ի ԱԺ հայտարարության նախագիծը


Ազգային ժողովը ձայների 9 կողմ, 56 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագիծը։

«Ծառուկյան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցի քվեարկությանը։

«Ծառուկյան» դաշինքը կիսում է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատների վիշտը, բայց ելնելով ներկայացրած նախագծի դրույթների տառացի մեկնաբանություններից, մենք այստեղ Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ ենք տեսնում, հետևաբար՝ «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը», - ասաց խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը։

Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք է կանչել հարցաքննության։ «Ի վերջո արձանագրվեց, որ նախաքննության մարմնի տակ և ընդհանրապես որևէ տեղ չկա որևէ ապացույց, որ, ինչպես 2008 թվականի մարտին հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը, ցուցարարներն ավտոմեքենայի հետևից դուրս են եկել, կրակել զինվորների վրա և թաքնվել, այսպիսի ապացույց չկա և չի կարող լինել, հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանին պետք է կանչել հարցաքննության, որպեսզի նա պարզաբանի, թե ինչի վրա է հիմնվել նման հայտարարություն անելիս», - ասաց Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորին արձագանքեց նախկին գլխավոր դատախազ, հանրապետական պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ փորձելով, ինչպես ինքը նշեց, վերջակետ դնել «Քոչարյանին հարցաքննելու հետ կապված երկխոսություններին»։

«Ուզում եմ փաստել երկու բան՝ նախագծի բովանդակության հետ կապված մեր ընդդիմադիր գործընկերները համակերպվեցին այն մտքի հետ, որ բովանդակությունն ընդհանրապես կոչված չի մեր մտահոգությունների փարատմանը, երկրորդը՝ այնուամենայնիվ վերջակետ փորձեմ դնեմ Քոչարյանին հարցաքննելու հետ կապված երկխոսություններին. բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսել է Ռոբերտ Քոչարյանը որպես երկրի նախագահ, քրեական գործում կան, քրեական գործերին ծանոթանալու իրավունք ոչ Դուք ունեք, պարոն Փաշինյան, ոչ ես, ոչ էլ որևէ մեկն այստեղից, դրանք քրեական գործի մասն են և քննություն դրանցով իրականացվում է», - ասաց Կոստանյանը։

Ընդդիմադիր դաշինքը արյունալի իրադարձություններից 10 տարի անց առաջարկում էր խորհրդարանին խստորեն դատապարտել «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը»:

«Ելք»-ը հայտարարության նախագծով նաև առաջարկում էր իրավապահ մարմիններից պահանջել սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության ենթարկել սպանությունների կազմակերպիչներին, անմիջական կատարողներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG