Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավոր․ Սարգսյանը խոստովանեց, որ ինքն է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն վարչապետի պաշտոնի համար


«Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ նա է լինելու Հանրապետական կուսակցության թեկնածուն վարչապետի պաշտոնի համար», - գործող նախագահի երեկվա հայտարարություններից նման տպավորություն է ստացել «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Գործող նախագահի «անփոխարինելիության» մասին խոսող հանրապետականներին ընդդիմադիր «Ելք»-ի պատգամավորները տևական ժամանակ է հիշեցնում են սահմանադրական փոփոխություններից առաջ Սերժ Սարգսյանը հավաստիացումները, թե չի առաջադրվելու նախագահի թեկնածու, չի հավակնելու նաև վարչապետի պաշտոնին։

tert.am-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանն ասել էր՝ այսօր էլ չի հավակնում վարչապետի պաշտոնին, բայց իրեն երբեք չի համարել նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ՝ հավելելով, թե չի կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել, որ չունի պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար:

«Չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են. մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել»:

Ինչ վերաբերում է 2014 թվականի հայտարարությանը, Սարգսյանը ասել է․ - «Երբ գործիչն ուզում է քաղաքական հայտարարություն անել այն մասին, որ չի լինելու ինչ-որ տեղում, նա ասում է՝ ես չեմ լինելու այսինչ տեղում, ինչպես ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի Հայաստանի Հանրապետության նախագահ։ Երբ խոսվում է հավակնությունների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթությունում է»։

Արարատ Միրզոյանին Սերժ Սարգսյանի պարզաբանումը չի համոզել․ - «Պատճառաբանությունը, որ Սերժ Սարգսյանը բերեց իր նախկին հայտարարությունից հրաժարվելու համար, բավականին անհեթեթ էր հնչում․․․ Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը ասեր, որ ինքը էդ հայտարարությունը անելիս մեջքի հետևում մատերը խաչ է արել, կամ ասել է, բայց չի երդվել, նույնիսկ սա ավելի լուրջ հիմնավորում կարող էր լինել, քան այն, ինչ որ նա ասեց: Իսկապես դա հիմնավորում չէր, դա պետական գործչի մակարդակ չէր, դա խոսում էր մանր խաբեության մասին»:

Հանրապետական Գագիկ Մելիքյանի մեկնաբանությամբ, նախագահը չի ասել ես՝ չեմ լինելու վարչապետ, ասել է՝ չեմ հավակնում այդ պաշտոնին: Իսկ որոշում կայացնողը, ըստ պատգամավորի, Հանրապետականն է․ - «Ամբողջը հենց քաղաքական տրամաբանություն ա: Եվ բարձր կարգի քաղաքական գործչի միտք ա: Ինքը ընդամենը հետևյալն է ասել՝ չեմ հավակնում»:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ նախագահի խոսքը շատ հստակ էր՝ այսօր էլ չի հավակնում դառնալ Հայաստանի վարչապետ, բայց իրողությունները փոխվել են․ - «Կընդունենք այնպիսի որոշում, որը կբխի Հայաստանի Հանրապետության ազգային ու պետական շահերից: Ես ասում եմ, որ Հայաստանում գործող քաղաքական գործիչներից, ավելին՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունում գործող քաղաքական գործիչների թվում ավելի պատրաստված, ավելի իմաստուն, ավելի փորձառու, ներքին ու արտաքին մարտահրավերներին ավելի ճշգրիտ և ճկուն դիմակայելու, Հայաստանը, գործադիր իշխանությունը կառավարելու ավելի պրոֆեսիոնալ գործիչ մենք էսօր մեր շարքերում չունենք, քան գործող նախագահը»:

Արարատ Միրզոյանը հակադարձում է․ - «Անվտանգություն, երկրի դժվար արտաքին իրավիճակ, ինչ-որ տնտեսական բարեփոխումների կարևոր շարունակականություն և այլն, էս ամեն ինչը կատարյալ անհեթեթություն է, որովհետև բոլոր ուղղություններով անձամբ Սերժ Սարգսյանը իր իշխանության տարիներին և ողջ Հանրապետական կուսակցությունը արձանագրել են կատաստրոֆիկ ձախողումներ և անհաջողություններ, տապալումներ՝ սկսած անվտանգությունից, սկսած ապրիլյան պատերազմից, վերջացրած արտաքին պարտքով, տնտեսական կոլապսով և այլն»:

Գագիկ Մելիքյանը, այդուհանդերձ, կարծում է՝ որպես անվտանգության թիվ մեկ պատասխանատու Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Նույնիսկ այն պարագայում, երբ նրա նախագահության ընթացքում Հայաստանը կանգնեց քառօրյա պատերազմի առջև, հայկական կողմը կորցրեց 800 հեկտար տարածք․ - «Մեր բանակն է պարտադրել Ադրբեջանին նորից խնդրել խաղաղություն: 800 հեկտարը պատերազմական գործողությունների ընթացքում, առավել ևս չավարտված պատերազմի պայմաններում, տարածքների գրավում չի: Ցանկացած պահի կարող է հետ վերադարձվել»:

tert.am-ի հետ զրույցում Սարգսյանն ասել էր՝ եթե ի վերջո առաջադրվի իր թեկնածությունը, ապա դա կլինի իր կողմից մեկ հավելումով՝ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ինքը ավելի շատ ժամանակ է հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG