Մատչելիության հղումներ

Ստամբուլի միջազգային կինոփառատոնում արգելվել է իրանահայ ռեժիսորի ֆիլմի ցուցադրությունը


Ըստ գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանի, ռեժիսորը ֆիլմում փորձել է հայ մարդու կյանքը ցույց տալ։

Ադրբեջանի բողոքների պատճառով Ստամբուլի միջազգային կինոփառատոնում արգելվել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը. ֆիլմը հանվել է կինոփառատոնի ծրագրից։ Այս մասին հայտնում է Ahval կայքը՝ վկայակոչելով փառատոնի կազմակերպիչների շաբաթ օրվա հայտարարությունը, ըստ որի, ֆիլմի ցուցադրությունը չեղարկվում է անվտանգության նկատառումներից ելնելով:

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի ֆիլմը մի կնոջ պատմություն է, ով ամուսնու մահից հետո փախչում է նրա հարազատներից և ծպտյալ բնակվում Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում:

Կինոփառատոնի ներկայացուցիչներից Մելեք Օզմանն ասել է, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը նամակ է հղել Ֆրանսիական մշակութային կենտրոնին՝ խնդրելով արգելել ֆիլմի ցուցադրությունը: Փառատոնի կազմակերպիչներն առարկությունները չեն ընդունել:

Մելեք Օզմանը ասել է, որ չեն կարող հաշվի առնել բոլոր երկրների զգայուն հարցերը, ֆիլմում բացասական, վտանգավոր ելույթներ չկան, բայց Ադրբեջանի կառավարությունը համառորեն շարունակել է բողոքի դիմումներն այս անգամ Թուրքիայի արտգործնախարարությանը և նույնիսկ անձամբ արտգործնախարարին։

Ըստ ադրբեջանական կողմի առարկությունների, ֆիլմում տպավորություն է ստեղծված, թե Ղարաբաղը հայկական տարածք է:

Ի վերջո կինոփառատոնի կազմակերպիչները Թուրքիայի իշխանություններից, Ստամբուլի նահանգապետարանից ֆիլմի ցուցադրությունն արգելելու գրավոր կարգադրություն են ստացել:

Ստամբուլի կինոփառատոնի հաստատված ծրագրում «Եվա» ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր մարտի 17-ին։

«Եվա»-ն հայ-իրանական համատեղ արտադրության գեղարվեստական ֆիլմ է: Անցյալ տարի սեպտեմբերի վերջերին ֆիլմի պրեմիերան կայացել է Հայաստանում

Պրոդյուսերը և օպերատորները իրանցի են, սցենարի հեղինակն ու ռեժիսորը Անահիտ Աբադն է, գլխավոր դերում՝ Նարինե Գրիգորյանը։

Անցյալ տարի «Ազատության»-ը տված հարցազրույցում Նարինե Գրիգորյանն ասել էր, որ շատ ուշագրավ ֆիլմ է ստեղծվում:

«Ֆիլմը հետպատերազմյան կյանքի մասին է՝ ինչ դրոշմ է թողնում այն մարդկանց առօրյայում, ինչպես են նրանք կարողանում հաղթահարել դժվարությունները, բայց հենց հայ մարդը։ Իհարկե ավելի համամարդկային թեմա է, շատ սահմանամերձ գոտիներ կան, որտեղ այդ բարդույթները կան, բայց այստեղ նաև կան հայկական ավանդույթները՝ հենց հարսանիքը, թաղումը։ Այսինքն՝ Անահիտ Աբադ ռեժիսորը փորձել է ամեն կերպ հայ մարդու կյանքը ցույց տալ», - ասել էր դերասանուհին։

Ֆիլմն արդեն ցուցադրվել է միջազգային մի շարք կինոփառատոններում, իսկ կին ռեժիսորների Filmmor փառատոնում ֆիլմի ցուցադրությունն արգելվեց։

Սա թվով 15-րդ փառատոնն է, այն անցկացվում է Թուրքիայում մարտի 11-ից ապրիլի 30-ը:

Ստամբուլի մեկ շաբաթյա ցուցադրություններից հետո փառատոնը Թուրքիայի վեց քաղաքներում շարունակվել է մինչև ապրիլի վերջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG