Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ըստ լրատվամիջոցների, ձերբակալվել է՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիից միլիոններ ստանալու գործով:
Մեղադրող կողմը պնդում է, որ 2007 թվականին՝ նախագահական ընտրություններում հաղթելուց առաջ, Սարկոզիի շտաբն ապօրինի ճանապարհով շուրջ 50 միլիոն եվրո է ստացել Լիբիայի բռնապետից, ում իշխանության գալուց հետո Սարկոզին հնգօրյա ճոխ ընդունելության էր արժանացրել Փարիզում՝ թույլ տալով, որ նա իր հայտնի վրանը բացի Ելիսեյան պալատի կողքին:
Քրեական գործը հարուցվել է հինգ տարի առաջ՝ Լիբիայի տապալված բռնապետի ու նրա որդու հայտարարություններից հետո, քննությունը, սակայն, նոր թափ էր ստացել 2016-ին, երբ աղմկահարույց մանրամասներ էր հրապարակել Քադաֆիի ու Սարկոզիի միջնորդ, գործարար Զիյադ Թաքիեդին:
Լիբանանյան ծագումով ֆրանսիացի մեծահարուստը, մասնավորապես, լրագրողներին պատմել էր, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից առաջ ինքն անձամբ առնվազն երեք անգամ Լիբիայից ճամպրուկներով միլիոններ է բերել Փարիզ ու փոխանցել Սարկոզիին ու նրա օգնականներին:
Սարկոզին, որ պաշտոնավարման առաջին ժամկետից հետո չկարողացավ վերընտրվել, կտրականապես հերքում է այս մեղադրանքները՝ դրանք որակելով անհիմն ու անհեթեթ:
Le Monde-ի հաղորդմամբ, սակայն, գործով անցնող երկու առանցքային վկաներ արդեն նախկին նախագահի դեմ ցուցմունք են տվել, Լիբիայի ներդրումային պետական հիմնադրամի նախկին ղեկավար Բաշիր Սալեհը ևս լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Տրիպոլիից Փարիզ միլիոններ են փոխանցվել։
Ավելին, ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, քննիչները նաև հատուկ զեկույցում արձանագրել են՝ ինչպես են կանխիկ այս միջոցները շրջանառվել Սարկոզիի նախընտրական շտաբում:
Բացի այդ, ամիսներ առաջ՝ հունվարին, Լոնդոնում Ֆրանսիայի տված օրդերով ձերբակալվել էր Սարկոզիի նախկին օգնական, գործարար Ալեքսանդր Ջուրին, ով, ըստ մեղադրող կողմի, համակարգել է Լիբիայից ստացված միլիոնների ապօրինի շրջանառությունը:
Le Monde-ի տեղեկություններով` ֆրանսիացի քննիչների տրամադրության տակ են Շվեյցարիայում գտնվող նրա տնից առգրավված մի շարք փաստաթղթեր, որոնք էական նշանակություն կարող են ունենալ Սարկոզիի դեմ բացված այս քննության համար:
Այսօր Փարիզի ոստիկանությունը հարցաքննել է նաև Սարկոզիի մերձավոր քաղաքական աջակիցներից մեկին՝ աշխատանքի ու միգրացիայի նախկին նախարար Բրիս Օրտեֆյեին, քննության կենտրոնում է նաև Սարկոզիի նախընտրական շտաբի ղեկավար, ներքին գործերի նախկին նախարար Կլոդ Գեանը:
Ի դեպ, սա Ֆրանսիայի նախկին նախագահի դեմ հարուցված միակ գործը չէ. 2014-ին նա դարձել էր ֆրանսիայի նախկին նախագահներից առաջինը, ում ոստիկանությունը ձերբակալել էր՝ նախընտրական արշավը ապօրինի ֆինանսավորելու մեղադրանքով։
Իրավապահները պնդում են, թե աջ կենտրոնամետ առաջնորդը կեղծել է փաստաթղթերը և թաքցրել, որ քարոզարշավի ընթացքում ծախսել է ավելին, քան թույլատրված է ֆրանսիական օրենքով:
Ինքը՝ Սարկոզին պնդում է, թե գերածախսից տեղյակ չի եղել: Ակնկալվում է, որ այս գործով քննությունը շուտով կմտնի դատարան:
Մինչ այդ 63-ամյա Սարկոզին, ամենայն հավանականությամբ, այս գիշերը կանցկացնի ոստիկանական բաժանմունքում, համենայն դեպս, ֆրանսիական օրենսդրությունն իրավունք է տալիս նրան 48 ժամ պահել նախնական կալանքի տակ՝ մեղադրանք առաջադրելուց առաջ: