Մատչելիության հղումներ

Զեյնալյանը՝ Թովմասյանին. «Արդյո՞ք որոշակի դիսկոմֆորտ, անարդարության զգացում հօգուտ Ձեզ չեք զգում»


Ազգային ժողովն այսօր քննարկեց մարտի սկզբին Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թողած և Սահմանադրական դատարանի անդամ դարձած Հրայր Թովմասյանին այդ դատարանի նախագահ նշանակելու հարցը:

«Եթե իմ նախորդ իմ զբաղեցրած պաշտոններում պիտի ասեի, որ արել եմ այնքան, որքան կարողացել եմ, ապա այս դեպքում, երևի թե դա քիչ պետք է լինի, երևի բոլորիս է վերաբերվում, այդ թվում՝ նաև այն պաշտոնին, որին ես հավակնում եմ` պետք է անել այնքան, որքան անհրաժեշտ է», - ասաց Թովմասյանը։

Ուշագրավ է, որ չնայած Հայաստանում 2015-ին փոխվել է մայր օրենքը, սակայն Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվելու է հին կարգով, քանի որ այդ ընտրությանը վերաբերող կետերն ուժի մեջ են մտնելու միայն ապրիլի 9-ից հետո: Իսկ այս հարցով տարբերությունները 2005 և 2015 թվականների սահմանադրություններում էական են:

Եթե ընտրությունները կայանային 2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, ապա Սահմանադրական դատարանն իր կազմից նախագահ կընտրեր՝ վեց տարի ժամկետով և առանց վերընտրվելու իրավունքի: Մինչդեռ 2005-ին ընդունված մայր օրենքի դրույթներով, Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից և պաշտոնավարելու է ոչ թե 6 տարի, այլ մինչև 65 տարեկանը:

Հենց այս հարցը բարձրացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զենյալյանը՝ ինչպե՞ս է ստացվում, որ նոր Սահմանադրությունն ընդունվել է, սակայն փաստացի չի գործում դրա հեղինակներից մեկի օգտին:

«Նոր՝ 2015 թվականի խմբագրմամբ Սահմանադրության, նախատեսված է, որ Սահմանադրական դատարանի անդամը պետք է պաշտոնավարի 6 տարի, դրված է նոր կոնցեպցիա, նոր գաղափարախոսություն, արդյո՞ք որոշակի դիսկոնֆորտ, անարդարության զգացողություն հօգուտ Ձեզ չեք զգում», - հարցրեց Զեյնալյանը։

Թովմասյանն արձագանքեց՝ էական չէ, թե որքան կպաշտոնավարի, կարևորը Սահմանադրությունը չխախտելն է:

«Մեզ համար դա չի կարևոր՝ ով մի տարի ավել կպաշտոնավարի, մի տարի պակաս կպաշտոնավարի, որտեղ կպաշտոնավարի։ Մենք մի բան ունենք թողնելու՝ էս պահից անկախ դիսկոնֆորտից, անկախ հարմարությունից, երբեք Սահմանադրությունը չխախտել, և այսօրվա գործող Սահմանադրությամբ է այդ բոլոր պրոցեսները կատարվում», - ասաց Թովմասյանը։

«Ելք»-ից Էդմոն Մարուքյանը նկատեց՝ Հրայր Թովմասյանն արդեն երրորդ հնարավորությունն է ստանում բարեփոխումներ կատարելու, նա նախ՝ արդարադատության նախարար էր, ապա՝ Ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովի նախագահ, հիմա էլ Սահմանադրական դատարանի նախագահ է նշանակվելու, ու թեև «Ելք»-ը դեմ է քվեարկելու, Մարուքյանն ասաց, հույս ունի, որ Թովմասյանը գոնե այս երրորդ հնարավորությունը կօգտագործի իրական բարեփոխումների համար։

Էդմոն Մարուքյան, արխիվ
Էդմոն Մարուքյան, արխիվ

«Երրորդ անգամ նա հնարավորություն է ստանում լրաջագույն այնպիսի մի ինստիտուտ ղեկավարել, որը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն է։ Թե ինչ կարծիքի ենք մենք Սահմանադրական դատարանի մասին, դրա մասին էլ էդքան առողջություն չունեմ այսօր, որ խոսեմ, բայց ես ուզում եմ, որ Հրայր Թովմասյանը գոնե այս երրորդ շանսն օգտագործի այնպես, որ եթե մի օր էլի հարցուպատասխան ունենանք, պարոն Թովմասյան, ասենք՝ Աստված երրորդություն էր սիրում, դու էդ երրորդ շանսն այնպես ես օգտագործել, այնպիսի որոշումներ է կայացրել Սահմանադրական դատարանը, որ վեճ չկա», - ասաց Մարուքյանը։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հրայր Թովմասյանն անմիջապես կապ ունի «ստահոդ պետության» հետ, որ կերտում է Սերժ Սարգսյանը՝ դրժելով նախագահի կամ վարչապետի պաշտոնին չհավակնելու իր խոստումը:

Հրայր Թովմասյանի գրած օրենքներով, ըստ Փաշինյանի, խորհրդարանական պետություն դարձող Հայաստանում կրճատվում է պատգամավորների ելույթի տևողությունը, վարչապետի ընտրությունները մայիսի 2-ից տեղափոխվել են ապրիլի 17-ը, բացի այդ, թեև, ըստ Սահմանադրության, նախագահի ընտրության արդյունքները կարող են բողոքարկվել, սակայն դարձյալ Հրայր Թովմասյանի հեղինակած օրենքով, այդ կետը գործնականում հնարավոր չէ կիրառել, քանի որ այն ուժի մեջ է մտնում նախագահի պաշտոնավարումից հետո, երբ արդեն բողոքարկման համար նախատեսված բոլոր ժամկետները սպառվել են:

Նիկոլ Փաշինյան, արխիվ
Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Այ սա է ստահոդ պետության հայեցակարգը, հասկանում եք, էդ նախագահի ընտրությունները կազմակերպվում են, Սահմանադրությամբ չնախատեսված ձևով, դրանք անցկացվում են Սահմանադրության պահանջները չբավարարող թեկնածուով և պարզվում է, որ էդ ամեն ինչը Սահմանադրական դատարանում բողոքարկելու որևէ հնարավորություն չկա։ Տիկնայք և պարոնայք, երդվյալ ատենալակներ, բա այսքանից հետո ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը նրան չգործուղի Սահմանադրական դատարան։ Հրայր Թովմասյանը գործուղվում է Սահմանադրական դատարան և նշանակվում է նախագահ, որպեսզի լինի էս ստահոդ պետության, ինչպես միջազգային տերմինաբանությամբ է ընդունված ասել՝ watchdog-ը, որը հայերեն թարգմանաբար կոպիտ է հնչում, բայց շատ ճիշտ է հնչում՝ պահապան շուն, բառիս, իհարկե, քաղաքական իմաստով», - հայտարարեց Փաշինյանը։

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանին նշանակելու քվեարկությունը կկայանա վաղը. նա կդառնա Սահմանադրական դատարանի նախագահ, եթե ստանա քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությունը՝ պայմանով, որ քվեարկությանը կմասնակցեն բոլոր պատգամավորների կեսից ավելին։

Նշենք, որ իշխող կոալիցիան ունի բավարար թվով ձայներ՝ Հրայր Թովմասյանին քվեարկությամբ Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG