Մատչելիության հղումներ

«Կեղծ ընդդիմությանն էլ ենք այս պայքարում հաջողություն մաղթում». ՀԱԿ փոխնախագահ


2015 թվականին Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարած և այն Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագիր որակավորած ՀԱԿ-ում այս պահին հետևում են իրավիճակին, խոստանում են իրենց տեսակետը առաջիկայում հայտնել։

Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի համոզմամբ, ապրիլի 9-ին պաշտոնավարումն ավարտող Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը տեխնիկական հարց է և դրա համար խոչընդոտ այլևս չկա։

Նա պնդեց, որ պետք էր պայքարել 2015-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ակնարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և Նիկոլ Փաշինյանին, ովքեր երեկ հայտարարեցին Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարի մասին, Զուրաբյանը հիշեցրեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ այս ուժը գործընթացը «կեղծ օրակարգ» որակեց, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո էլ հայտարարեց, որ «ժողովուրդն է ընտրել հանրապետականին»։

«Եթե վերարտադրման երկու գլխավոր ճակատամարտերում ոչ միայն չես պայքարել, այլ նաև օգնել ես, որ այդ ճակատամարտերը գնան դեպի պարտություն, դրանից հետո գնալ և մասնակցել մի ճակատամարտի, որն այլևս գոյություն չունի, մեր կարծիքով, անիմաստ է», - ասաց Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահը նշեց, որ այս պայքարին չեն աջակցելու, բայց չեն էլ քննադատելու, քանի որ այդպես կնմանվեն, իր բնորոշմամբ, «կեղծ ընդդիմությանը», որն իրենց պայքարը կեղծ օրակարգ էր համարում։

«Հիմա կարող են գտնվել մարդիկ, ովքեր ասում են՝ «էն ժամանակ հավատացինք Սերժ Սարգսյանին, որ ինքը չի լինելու, հիմա որ ինքը խաբում է, մենք դուրս ենք գալիս փողոց», բայց հարց է ծագում՝ էդ ժամանակ դուք էդքան միամի՞տ էիք, կներեք, եթե դուք այդքան միամիտ եք, եթե ձեզ այդքան հեշտ է խաբելն, ուրեմն ինչի՞ եք ակնկալում, որ ժողովուրդը պետք է ձեզ հավատա», - ասաց Զուրաբյանը՝ եզրափակելով. - «Ամեն դեպքում կեղծ ընդդիմությանն էլ ենք այս պայքարում հաջողություն մաղթում։ Անգամ առանց հավատալու իրենց հաջողությանը, մաղթում եմ հաջողություն»։

Երեկ Սերժ Սարգսյանի իշխանավարման, ինչպես իրենք են ձևակերպում, «երրորդ ժամկետի դեմ» պայքար սկսելու մասին հայտարարեց պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Շաբաթ օրն էլ Սարգսյանի հեռանալու պահանջով բողոքի ցույց է անցկացնելու «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը։ Այս նախաձեռնությունը 2015-ին «ՈՉ»-ի ճակատի կազմում պայքարում էր սահմանադրական փոփոխությունների դեմ։

Նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն ասաց, որ միավորվել են այլ քաղաքացիական նախաձեռնությունների անդամների հետ, հիմնական պայքարը լինելու է փողոցում, իսկ նպատակը, որ «Սերժ Սարգսյանը տուն գնա»։

«Գլխավոր կարգախոսն է «Մերժիր Սերժին», գլխավոր խնդիր ենք դրել, որ Սերժ Սարգսյանը չլինի, բայց պայքարի ընթացքից, ես կարծում եմ, որ պահանջների մի մասը, եթե քաղաքացիներ միանան, եթե փողոցում 50 հազար քաղաքացի լինի, ես կարծում եմ, որ միշտ էլ հնարավոր է պահանջներն ընդլայնել և ավելի լայն օրակարգ ձևավորել քաղաքացիների հետ։ Այս պահին Սերժ Սարգսյանի հեռացումն է, բայց օրակարգը նաև կախված է, թե ինչպիսի փողոց է ձևավորվելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյան, արխիվ
Արմեն Գրիգորյան, արխիվ

«Հանուն Հայաստան պետության» ճակատն այս ուրբաթ բողոքի ևս մեկ ցույց կանցկացնի։ Ճակատին միացած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ բոլոր պայքարող ուժերը պետք է միավորվեն։

«Որովհետև, եթե տարանջատ-տարանջատ տեղան այդ գործողությունները, բնականաբար որևէ արդյունք չեն կարող տալ, հակառակ պարագայում դա նպաստելու է իշխանությունների վերարտադրման սցենարին, որովհետև Հայաստանում մեր քաղաքացին տեսնելով տարանջատված պայքար, ինքն անմասն է մնալու այդ պայքարից՝ մտածելով, որ յուրաքանչյուրն ընդամենն իր խնդիրներն է լուծում», - ասաց Մարտիրոսյանը։

Արմեն Մարտիրոսյան, արխիվ
Արմեն Մարտիրոսյան, արխիվ

«Ժառանգության» նախագահը նշեց, որ արդեն մի շարք ուժերի և անհատների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել և քննարկել են միասնական պայքարի տարբերակը։ Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ այս հարցով «Հանուն Հայաստան պետության» ճակատին միացած «Ժառանգության» նախագահի հետ քննարկում են ունեցել։

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունից ասացին, որ իրենք նույնպես բաց են միավորման շուրջ քննարկումների համար։

Նիկոլ Փաշինյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասաց, որ որոշակի պայմաններով համագործակցության պատրաստ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG