Այսօր ժամը 10:57 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ ժամը 9-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, բախվել են Երևան-Մոսկվա երթուղու Mercedes մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, նախնական տվյալներով՝ ավտոբուսի ուղևորներից կա 9 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող "Как дома" հյուրանոց:
ԱԻՆ-ը խոստանում է լրացուցիչ տեղեկություն տրամադրել:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարմնական վնասվածքներ ստացած անձանցից 3-ի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր, 5-ինը՝ միջին ծանրության, մեկը ինքն է դիմել բուժօգնության համար: 9 տուժածներից 8-ը Հայաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Ռուսաստանի: