Մատչելիության հղումներ

Առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով կալանավորվել է Նոր Նորքի զինկոմի տեղակալը


Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար, հաղորդում են Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Քննչական կոմիտեն:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է․ - «Նախնական քննության տվյալներով, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ. Մադաթյանը 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասի դասակի նախկին հրամանատար, ավագ լեյտենանտին խորհուրդներ է տվել ծառայությունը շարունակել իր բնակավայրին մոտ ու համոզելու միջոցով դրդել առանձնապես խոշոր չափի՝ 3000 ԱՄՆ դոլար, կաշառք տալ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձին` նրա օգտին գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի թափուր պաշտոնին նշանակվելու համար: Անձամբ ստանալով պահանջված առանձնապես խոշոր չափի` 3000 ԱՄՆ դոլարը` իր գործողություններով օժանդակել է, որպեսզի ավագ լեյտենանտը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին նշանակվի ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնում»:

Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «հանցակցություն կաշառք տալուն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», և 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ «հանցակցություն կաշառք ստանալուն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու կաշառքի դիմաց ավագ լեյտենանտի նոր պաշտոնի նշանակմանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG