Ընդդիմադիր «Ելք» դաշինքում ընդգրկված 3 կուսակցությունները՝ «Քաղացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանն» ու Հանրապետությունը, այսօր ավելի քան 2,5 կես ժամ տևած քննարկումից հետո այդպես էլ վերջնական որոշում չկայացրեցին։ Այս առիթով զրուցել ենք «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանի հետ։
«Ազատություն». ֊ Քանի որ այսօր երկուսուկես ժամ տևած քննարկումից հետո ընդհանուր որոշման չեք եկել, բայց մի կարևորագույն որոշում եք կայացրել, որ «Ելք» դաշինքում ընդգրկված ընդդիմադիր կուսակցությունները՝ Ձեր ղեկավարած «Լուսավոր Հայաստանը», «Քաղաքացիական պայմանագիրը», ինչպես նաև Հանրապետությունը կարող են առանձին֊առանձին որոշումներ կայացնել և դրանք իրագործել՝ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու նպատակով, ի վերջո Ձեր տեսլականն ինչպիսի՞ն է, Դուք իսկապես կիսո՞ւմ եք մոտեցումը, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կարելի է կանխել միայն Ազատության հրապարակում հանրահավաքների, երթերի միջոցով։
Մարուքյան. ֊ Նախ՝ այսօր որևէ որոշում չի կայացվել։ Այսինքն՝ այս պահին արձանագրվել է, որ չկա կոնսենսուս ճանապարհային քարտեզներից որևէ մեկի վերաբերյալ։ Եվ գոյություն ունեն երեք ճանապարհային քարտեզներ, որոնք այս պահին հրապարակման ենթական չեն։ Եվ երբ որ կլինի որոշում հրապարակայնացնել ճանապարհային քարտեզները, նաև կարող ենք հրապարակայնացնել ճանապարհային քարտեզները։ Այսինքն՝ այսօր ուղղակի հանգել ենք նրան, որ չի ստացվում մեկ ընդհանուր գործողությունների պլանի վրա որոշում կայացնել, և «Քաղաքացիական պայմանագիրը», քանի որ իրենք պնդում են իրենց պլանի իրագործման հարցի քննարկումը իրենց խորհրդում, այսօր պետք է քննարկեն իրենց պլանը և հնարավոր է՝ քննարկեն, որոշեն, ու հնարավոր է նաև կասեն մամուլին։
«Ազատություն». ֊ Իմ հարցը հետևյալն է՝ Դուք կիսո՞ւմ եք այդ մոտեցումը, որ Ազատության հրապարակում հանրահավաքների, երթերի, ճնշում գործադրելու միջոցով հնարավոր է իսկապես կանխել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը վարչապետի պաշտոնում։
Մարուքյան. ֊ Դուք հիմա ինձ հարց եք տալիս մի բանի վերաբերյալ, որը կապված է այն ճանապարհային քարտեզների հետ, որոնք ես հիմա չեմ կարող հրապարակել։ Երբ որ կլինի հստակ որոշում հրապարակայնացնելու, մենք կհրապարակայնացենք։
«Ազատություն». ֊ Բայց Դուք դե՞մ եք փողոցային պայքարին։
Մարուքյան. ֊ Ես Ձեզ կարող եմ մի բան ասել, որ ճանապարհային երեք քարտեզներում էլ փողոցային պայքար կա։ Այսինքն երեք ուժերի առաջարկի մեջ էլ եղել է փողոցային պայքարի կոմպոնենտը։
«Ազատութուն». ֊ Իսկ որ Ձեր կուսակիցները նշում են, որ չենք ուզում ժողովրդին տանել հուսահատության, դա ի՞նչ է նշանակում։
Մարուքյան. ֊ Դա նորություն չէ։ Դա նշանակում է, որ պետք է այնպիսի պլան լինի, որը մարդկանց չի տանի պարտության։ Դա նորություն չէ, երկար տարիներ մենք դա ասում ենք։
«Ազատություն». ֊ Այն ծրագիրը, որ առաջիկայում Դուք կներկայացնեք, դա չի՞ տանելու հուսալքության, հուսահատության։
Մարուքյան. ֊ Այդ ծրագրի մոտեցումներում նման հնարավորություն չկա։ Ըստ նրա, ինչ մենք ենք առաջարկել՝ պարտության տանելու հնարավորություն չկա։
«Ազատություն». ֊ Մինչ Դուք որոշում եք, թե համատեղ կամ առանձին֊առանձին ինչպես պայքարեք Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ, նա հարցազրույց է տվել Tert.am֊ին, որտեղ, ըստ էության, չի բացառել, հնարավոր է համարել վարչապետ լինելու տարբերակը։
Մարուքյան. ֊ Ես մամուլին չեմ հասցրել հետևել, բայց Դուք որևէ նոր բան ինձ չասացիք այդ հարցազրույցով։ Ամեն դեպքում դա նորություն չէ, ամեն օր մենք ասում ենք, որ Սերժ Սարգսյանը լինելու է ՀՀԿ֊ի վարչապետի թեկնածուն։ Այսինքն, ովքեր որ հերքում էին, երևի նրանք պետք է պատասխանեն։ Մենք չենք հերքել, մենք պնդել ենք և ասել ենք, որ դա անընդունելի է մեզ համար։
«Ազատություն». ֊ Հիմա, քանի որ վերջնական որոշում, կոնսենսուս չունեք և առանձին֊առանձին եք գործելու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու ուղղությամբ...
Մարուքյան. ֊ Ձեր ձևակերպումը ի սկզբանե սխալ է։ Մենք ոչ թե առանձին֊առանձին ենք գործելու, այլ կուսակցությունները ազատ են առանձին որոշումներ կայացնելու։ Այսինքն՝ կկայացնեն, թե չեն կայացնի, ես չեմ կարող ասել։ Դուք միանշանակ ասում եք, որ գործողությունների մասին որոշումներ կայացվեն. նման քննարկում այսօր չի եղել։ Եղել է քննարկում, որ կարող է որոշումներ կայացնել։
«Ազատություն». ֊ Դուք հնարավո՞ր է, որ չունենաք ընդհանրապես գործողությունների ծրագիր։
Մարուքյան. ֊ Մեր գործողությունների ծրագիրը կա և դաշինքում դրված է քննարկման։ Եթե ինքը հաստատվի, դա կիրականացվի։
«Ազատություն». ֊ Նկատի ունեմ՝ Դուք առանձին կիրականացնե՞ք։
Մարուքյան. ֊ Մենք առանձին ի՞նչ գործողություն... մենք «Ելք» դաշինքից դուրս գործողություն չենք պատկերացնում։
«Ազատություն». ֊ «Քաղաքացիական պայմանագրից» Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի կաշկանդելու իրենց, եթե իրենք հիմա որոշում կայացնեն իրենց վարչությունով՝ գնալ հրապարակ։
Մարուքյան. ֊ Դե ես էլ ասում եմ, որ մենք առանձին՝ «Ելք» դաշինքի գործողություններից դուրս, գործողություն չենք քննարկել։
«Ազատություն». ֊ Եթե նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիրը» առանձին իրականացնի իր ծրագիրը Դուք առանձին՝ «Լուսավոր Հայաստանը», կոնկրետ գործողությունների ծրագիր չի՞ իրականացնի։
Մարուքյան. ֊ Կքննարկենք... ես չգիտեմ ինչ ծրագիր են իրենք իրականացնելու, չգիտեմ ինչ որոշում են կայացնելու... կքննարկենք։