Մատչելիության հղումներ

«Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի յուրովի կառուցելու իր քաղաքական դաշտը»․ Մարեկ Ռուցկի


«Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի յուրովի կառուցելու իր քաղաքական դաշտը», - այսօր ասաց Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռուցկին։

«Ազատության» հարցին, թե արդյոք Եվրոպայի համար մտահոգիչ չեն Հայաստանյան զարգացումներն ու ընդդիմության արտահայտած մտավախությունը, որ Սերժ Սարգսյանը երկրորդ ժամկետի ավարտից հետո էլ կպահպանի իշխանությունը վարչապետի պաշտոնում՝ Հայաստանը մոտեցնելով ավտորիտար պետություններին, Մարեկ Ռուցկին պատասխանեց․ - «Իրականում յուրաքանչյուր պետություն իրավունք ունի յուրովի կառուցելու իր քաղաքական դաշտը: Ամենուրեք այդպես է: Շատ հաճախ, եթե արմատական փոփոխություններ են իրականացվում, դրանք բուռն քննարկումների են արժանանում: Բնականաբար, եթե ներկայիս կառավարման մոդելը քաղաքացիների սպասելիքները չարդարացնի, ապա հաջորդ անգամ դուք հնարավորություն կունենաք փոխելու այն»:

Ռուցկին նաև նշեց, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների մասին խոսել է հայաստանյան քաղաքական գործիչների հետ․ - «Մեր աշխատանքային քննարկումների ընթացքում խոսվեց նաև տրանսֆորմացիայի մասին՝ հենց այդ փորձի փոխանակումը, քանի որ Լեհաստանը նույնպես այդ ճանապարհը անցել է»:

Ինչ վերաբերում է այս օրերին միջազգային հիմնական թեմային՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերընտրությանը, Մարեկ Ռուցկին ասաց․ - «Վլադիմիր Պուտինի վերընտրությունը, բնականաբար, է՛լ ավելի է ամրացնում իր դիրքերը Ռուսաստանում, սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանը տնտեսապես անկում է ապրում: Ինչպես Ռուսասատանը, այնպես էլ Ադրբեջանը հույսը դնում են իրենց բնական ռեսուրսների վրա, սակայն զարգացման առումով դա հեռանկարային չէ: Ես որպես տնտեսագետ կարող եմ ասել, որ հեռանկարը և զարգացումը տեսնում եմ մեր պետությունների տնտեսական հզորացման մեջ: Եթե մենք տնտեսապես հզոր լինենք, կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները: Հույս ունեմ, որ Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցությունը հնարավորություն կտա մեզ ավելի բարձր մակարդակի հասցնել»:

Ապրիլի սկզբին Հայաստանի խորհրդարանը կվավերացնի Եվրամիության հետ նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մարեկ Ռուցկին հայտարարեց, որ Հայաստանի կողմից փաստաթուղթը վավերացվելուց հետո, Լեհաստանը հնարավորինս արագ այն կվավերացնի, ինչպես նաև կմիջնորդի, որ այդ գործընթացը արագացվի նաև Վիշեհրադյան խմբի երկրներում:

Գործընթացը, ըստ նրա, բավական երկար կտևի: Սակայն կարևորը սկսելն է՝ թեկուզ փոքր քայլերով:

Ինչ վերաբերում է ընդհանրապես Եվրամիության Արևելյան գործընկերության
ծրագրին, ապա Մարեկ Ռուցկին փոխանցեց, որ Բրյուսելը մտադիր է ընդլայնել այն․ - «Բրյուսելը ցանկանում է Արևելյան գործընկերության ծրագիրը ընդլայնել, ներառել այն ավելի մեծ ծրագրում և ֆինանասավորել այն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG