Մատչելիության հղումներ

Հրապարակվեց «Ապակե պատից այն կողմ. արդար դատավարության իրավունքը «Սասնա ծռերի» գործում» զեկույցը


Զեկույցում Հայաստանի իրավապաշտպանները և նրանց միջազգային գործընկերը ամփոփել են Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» արդեն 9 ամիս շարունակվող դատավարությունը։

Դեռևս անցած սեպտեմբերին լեհ, ռուս, վրացի և ուկրաինացի գործընկերների հետ միասին իրավապաշտպանները հանդիպումներ են ունեցել «Սասնա ծռերի» փաստաբանների, Փաստաբանների պալատի, լրատվամիջոցների, ինչպես նաև Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ։ Ամփոփելով այդ հանդիպումները՝ զեկույցի հեղինակները մատնանշել են մի շարք խնդիրներ՝ դատարան մուտք գործելուց մինչև մեղադրյալների իրավունքների խախտումներ։

Զեկույցի հրապարակմանը ներկա Լեհաստանի մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի ներկայացուցիչ Ջոանա Սմետեկը հայտարարեց, որ զեկույցում ներկայացված մի շարք հայաստանյան խնդիրներ իր երկրում հաջողությամբ լուծվել են: Մասնավորապես, մի քանի դատարաններում, այդ թվում և «Սասնա ծռերի» գործը քննող դատարաններում «սկաներ» սարքի միջոցով փաստաբաններին զննելու կարգի մասին խոսեց։

«Ազատության» հետ զրույցում լեհ իրավապաշտպանն ասաց, որ իր երկրում փաստաբանները կարող են դատարան մուտք գործել իրենց վկայականներով։ Սմետեկը առանձնացված խնդիրների շարքում հիշատակեց մինչև սկաներների տեղադրումը՝ ամիսներ առաջ դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին զննելը կամ ինչպես նրանք էին ասում՝ խուզարկելը․ - «Երեք հիմնական խնդիր ենք արձանագրել՝ փաստաբանների մուտքը դատարան, արդար դատավարություն և փաստաբաններին ու նրանց պաշտպանյալներին պատժամիջոցների ենթարկելու հարցերը։ Փաստաբանների մուտքը դատարան զուգորդվել է կարգադրիչների կողմից միջամտող, ընտրովի և կամայական բնույթ ունեցող գործողություններով զննության կամ խուզարկության ենթարկելիս։ Այս ամենի պատճառով նաև խախտվում է արդար դատավարության իրավունքը, քանի որ զննության պատճառով փաստաբանները հնարավորություն չէին ունենում մուտք գործել դատարան և այդ պատճառով դատավորի կողմից ենթարկվում էին սանկցիայի»։

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի, ինչպես նաև ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց՝ որ զեկույցում տեղ գտած որոշ խնդիրներ արդեն լուծում են ստացել։ Մասնավորապես, Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» գործերը քննող դատարաններում ամիսներ առաջ պետբյուջեի հաշվին տեղադրվեց սկաներներ, ինչից հետո զննելու կամ խուզարկելու անհրաժեշտություն այլևս չկա։ Չնայած այս փոփոխությանը, անցած ամիսների ընթացքում ոչ միայն լուծում ստացավ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման հարցը, այլև Փաստաբանների պալատի որոշմամբ դրանք այլևս առցանց չեն հրապարակվում։

Փաստաբանները ամիսներ առաջ էին ահազանգում Փաստաբանների պալատի կողմից իրենց ապօրինի պատասխանատվության ենթարկելու հարցը:

«Եթե այդ «բարենպաստ» փոփոխությունները, որոնք կատարվեցին օրենսդրական մակարդակով, այսինքն այլևս խուզարկության չենք ենթարկվում, բայց մեր նախկին ընդդիմանալը խուզարկվելուն, որը հետապնդվում էր դատարանում, այսօր շարունակում է հետապնդվել Փաստաբանների պալատում նախկինում կայացած սանկցիաներով», - ասաց Պապիկյանը:

Քննարկմանը ներկա «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը բարձրացրեց զինված խմբի դատավարության վերջին նորամուծության հարցը։ Երեք վարույթներով էլ դատավորները մեղադրյալների կամքին հակառակ նշանակել են հանրային պաշտպաններ, ինչը, ըստ նրա, արդար դատաքննության իրավունքի խախտում է․ - «Նրանք ընդամենը պետք է հայտարարություն անեին, որ իրենց գործի մեջ պարտադրաբար պահելը հակաիրավական քայլ է, դա վնասում է այն անձնաց իրավունքներին և շահերին, որոնց պաշտպանության համար իրենք ներգրավվել են, որ այդ անձինք ունեն իրենց կողմից ընտրված պաշտպաններ: Որից հետո իրենք պարզապես պետք է դուրս գային դատական նիստերի դահլիճից՝ հայտարարելով, որ իրենք պաշտպան չեն հանդիսանում»:

Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Արտաշես Խալաթյանն անդրադառնալով կարգապահական վարույթներին՝ հայտարարեց, թե պալատն աշխատում է օրենքի սահմաններում․ - «Կեսից ավելի գործերով մենք կարճման որոշումներ ունենք: Փաստեմ նաև, որ, այո, հաճախ մենք, գործին ծանոթանալով, տեսնում ենք, որ դատավորները իրոք կամայականություններ են գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG